Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17
ՆՎԱԱ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17

17
Գողիաթը մենամարտի է հրավիրում իսրայելացիներին
1Փղշտացիները հավաքեցին իրենց զորագնդերը պատերազմելու համար և հավաքվեցին Հուդայի Սոքովում ու բանակ դրեցին Սոքովի և Ազեկայի միջև՝ Ափեսդոմմիում։ 2Սավուղն ու Իսրայելի մարդիկ էլ հավաքվեցին ու բանակ դրեցին Էլայի հովտում և կարգով շարվեցին փղշտացիների դեմ պատերազմելու համար։ 3Փղշտացիները կանգնել էին սարի վրա մի կողմում, իսրայելացիներն էլ կանգնել էին սարի վրա մյուս կողմում, իսկ նրանց միջև հովիտն էր։ 4Փղշտացիների բանակից մի գեթացի մենամարտիկ էր դուրս եկել՝ անունը Գողիաթ. նրա հասակի բարձրությունը վեց կանգուն ու մեկ թիզ էր։ 5Նրա գլխին կար պղնձե մի սաղավարտ, և նա հյուսվածո զրահ էր հագել, ու նրա զրահի կշիռը հինգ հազար սիկղ պղինձ էր։ 6Նրա ոտքերին պղնձե սռնապաններ կային, ուսերի մեջտեղը՝ պղնձե նիզակ։ 7Նրա նիզակի բունը նման էր ոստայնանկների գլանի, նիզակի տեգը վեց հարյուր սիկղ երկաթ էր, և նրա վահանակիրը գնում էր նրա առջևից։ 8Նա կանգնեց և Իսրայելի զորագնդերին կանչելով՝ ասաց. «Ինչո՞ւ եք դուրս եկել և շարվել պատերազմի. մի՞թե ես փղշտացի չեմ, և դուք Սավուղի ծառաները չե՞ք. ձեր միջից մի մա՛րդ ընտրեք, թող իջնի իմ դեմ։ 9Եթե նա կարողանա մենամարտել ինձ հետ և ինձ սպանի, այն ժամանակ մենք լինենք ձեր ծառաները, իսկ եթե ես հաղթեմ և սպանեմ նրան, այն ժամանակ դուք լինեք մեր ծառաները և ծառայեք մեզ»։ 10Եվ այդ փղշտացին ասաց. «Ես այսօր նախատեցի Իսրայելի գնդերին. ինձ մի մա՛րդ տվեք, որ մենամարտենք իրար հետ»։ 11Եվ երբ Սավուղն ու ամբողջ Իսրայելը լսեցին փղշտացու այս խոսքերը, զարհուրեցին և շատ վախեցան։
Դավիթը Սավուղի բանակատեղիում
12Դավիթը մի եփրաթացու, այսինքն՝ Հուդայի բեթլեհեմացի Հեսսե անունով մարդու որդին էր. և Հեսսեն ութ որդի ուներ. նա Սավուղի ժամանակի մարդկանց մեջ ծեր մարդ էր համարվում։ 13Եվ Հեսսեի երեք մեծ որդիները Սավուղի հետ գնացել էին պատերազմի դաշտ. և պատերազմ գնացած երեք որդիների անուններն էին՝ անդրանիկինը՝ Եղիաբ, երկրորդինը՝ Աբինադաբ և երրորդինը՝ Սամաա։ 14Դավիթը կրտսերն էր, և երեք մեծերը գնացել էին Սավուղի հետ։ 15Դավիթը, սակայն, Սավուղի մոտից դուրս էր եկել և վերադարձել Բեթլեհեմ, որ արածեցներ իր հոր ոչխարները։ 16Եվ այն փղշտացին քառասուն օր առավոտ ու իրիկուն, դուրս էր գալիս, մոտենում ու կանգնում։
17Հեսսեն իր որդի Դավթին ասաց. «Այս մեկ արդու խանձած ցորենը և այս տասը հացը վերցրո՛ւ եղբայրներիդ համար և վազի՛ր բանակ՝ եղբայրներիդ մոտ։ 18Այս տասը գլուխ պանիրն էլ տա՛ր հազարապետի համար և տե՛ս, թե եղբայրներդ ողջ-առո՞ղջ են, և նրանցից նշա՛ն բեր»։ 19Եվ Սավուղը, նրանք և Իսրայելի բոլոր մարդիկ Էլայի հովտում պատերազմում էին փղշտացիների դեմ։ 20Դավիթը վաղ առավոտյան վեր կացավ, ոչխարները հանձնեց պահապանին, վերցրեց այն ամենը, ինչ Հեսսեն հրամայել էր իրեն, գնաց։ Եվ երբ հասավ կառքերի տեղը, զորքերը կարգով շարվում էին ճակատամարտի համար և աղաղակում բարձր ձայնով։ 21Իսրայելն ու փղշտացիները շարվեցին ճակատ առ ճակատ։ 22Դավիթն իր ձեռքի ամանները հանձնեց ամանների պահապանին և վազեց դեպի զորագունդը, գնաց իր եղբայրներին հարցրեց, թե առո՞ղջ են արդյոք։ 23Երբ նա խոսում էր նրանց հետ, ահա այն փղշտացի մենամարտիկը՝ Գողիաթ անունով, որը Գեթից էր, դուրս եկավ փղշտացիների գնդերից և կրկնեց իր ասած խոսքերը, և Դավիթը լսեց դրանք։ 24Երբ Իսրայելի բոլոր մարդիկ տեսան այդ մարդուն, փախան նրա դեմից և շատ վախեցան։ 25Եվ Իսրայելի մարդիկ ասացին. «Տեսնո՞ւմ եք այդ դուրս եկած մարդուն. նա դուրս է եկել Իսրայելին նախատելու։ Ով որ սպանի նրան, թագավորը մեծ հարստությամբ հարստացնելու է նրան և իր աղջկան նրան է տալու և նրա հոր տունը ազատ է դարձնելու Իսրայելի մեջ»։ 26Եվ Դավիթը խոսեց իր մոտ եղած մարդկանց հետ և ասաց. «Ի՞նչ կանեն այն մարդուն, որ սպանի այս փղշտացուն և վերացնի Իսրայելի նախատինքը։ Ո՞վ է այդ անթլփատ փղշտացին, որ նախատում է կենդանի Աստծու զորքերին»։ 27Եվ ժողովուրդը նույն խոսքերն ասաց նրան, թե՝ այսպես ու այսպես պիտի լինի այն մարդը, որ սպանի նրան։ 28Եվ երբ նրա մեծ եղբայր Եղիաբը լսեց նրա խոսելն այդ մարդկանց հետ, Եղիաբի բարկությունը բորբոքվեց Դավթի վրա, և ասաց. «Դու ինչո՞ւ ես իջել այստեղ և անապատում ո՞ւմ ես հանձնել այն մի քանի ոչխարները։ Ես գիտեմ քո գոռոզությունը և քո սրտի չարությունը. դու, անտարակույս, իջել ես ճակատամարտը տեսնելու»։ 29Դավիթն ասաց. «Հիմա ես ի՞նչ եմ արել. ես միայն հարցնում էի»։ 30Եվ նրա մոտից դարձավ մի ուրիշ մարդու և նույն խոսքերն ասաց, և ժողովուրդը նախկին խոսքերով պատասխանեց նրան։ 31Եվ այն խոսքերը, որ Դավիթն ասել էր, լսեցին և երբ հայտնեցին Սավուղին, նրան բերել տվեց։
32Դավիթը Սավուղին ասաց. «Թող ոչ մեկի սիրտը չնվաղի այդ մարդու պատճառով. քո ծառան կգնա և կմենամարտի այդ փղշտացու հետ»։ 33Սավուղը Դավթին ասաց. «Դու չես կարող այդ փղշտացու դեմ գնալ և մենամարտել նրա հետ, դու դեռ պատանի ես, իսկ նա պատերազմի մարդ է մանկությունից ի վեր»։ 34Եվ Դավիթն ասաց Սավուղին. «Քո ծառան իր հոր ոչխարներն էր արածեցնում, և երբ առյուծ կամ արջ էր գալիս և հոտից ոչխար տանում, 35ես գնում էի նրա ետևից, զարկում էի նրան և նրա բերանից ազատում, և երբ նա հարձակվում էր ինձ վրա, բռնում էի նրա մորուքից, զարկում էի ու սպանում։ 36Ծառադ առյուծ էլ է սպանել, արջ էլ. թող այս անթլփատ փղշտացին էլ լինի նրանցից մեկի պես, քանզի նա կենդանի Աստծու զորքերին նախատեց»։ 37Եվ Դավիթն ասաց. «Տերը, որ ինձ ազատել է առյուծի և արջի ճանկերից, այս փղշտացու ձեռքից էլ կազատի»։ Եվ Սավուղը Դավթին ասաց. «Գնա՛, և Տերը քեզ հետ լինի»։ 38Եվ Սավուղն իր հանդերձները հագցրեց Դավթին ու նրա գլխին պղնձե սաղավարտ դրեց և զրահ էլ հագցրեց նրան։ 39Դավիթը հանդերձների վրայից կապեց Սավուղի սուրը և սկսեց ման գալ, որովհետև սովոր չէր. և Դավիթը Սավուղին ասաց. «Սրանցով չեմ կարող ման գալ, որովհետև սովոր չեմ». և Դավիթն իր վրայից հանեց դրանք։
Դավիթը հաղթում է Գողիաթին
40Նա իր մահակը ձեռքն առավ, հեղեղատից հինգ գայլախազ քարեր ջոկեց իր համար և դրանք դրեց իր հովվական ամանի, այսինքն՝ մախաղի մեջ, և պարսատիկը ձեռքին՝ մոտեցավ փղշտացուն։ 41Փղշտացին էլ եկավ ու մոտեցավ Դավթին, և նրա վահանակիրն էր գնում նրա առջևից։ 42Եվ երբ փղշտացին նայեց ու տեսավ Դավթին, արհամարհեց նրան, որովհետև Դավիթը շիկահեր և գեղեցկադեմ պատանի էր։ 43Եվ փղշտացին ասաց Դավթին. «Մի՞թե ես շուն եմ, որ ինձ վրա մահակով ես գալիս». և փղշտացին իր աստվածներով նզովեց Դավթին։ 44Եվ փղշտացին ասաց Դավթին. «Ե՛կ ինձ մոտ, և ես քո մարմինը կտամ երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին»։ 45Եվ Դավիթն ասաց փղշտացուն. «Դու ինձ վրա սրով, նիզակով և տեգով ես գալիս, իսկ ես քեզ վրա գալիս եմ Իսրայելի զորքերի Զորությունների Տիրոջ՝ Աստծու անունով, որին դու նախատեցիր։ 46Այսօր Տերը քեզ իմ ձեռքը կմատնի, և ես կսպանեմ քեզ ու գլուխդ կկտրեմ քո վրայից և փղշտացիների բանակի դիակներն այսօր կտամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին, որպեսզի ամբողջ երկիրն իմանա, որ Իսրայելն Աստված ունի։ 47Եվ այս ամբողջ բազմությունն իմանա, որ Տերը սրով ու նիզակով չէ, որ ազատում է, որովհետև այս պատերազմը Տիրոջն է, և նա ձեզ պիտի մատնի մեր ձեռքը»։ 48Եվ երբ փղշտացին վեր կացավ ու գալիս էր Դավթի դեմ և մոտեցավ նրան, Դավիթն էլ արագ վազեց պատերազմի ասպարեզը՝ փղշտացուն դիմավորելու։ 49Եվ Դավիթը իր ձեռքը կոխեց մախաղի մեջ, այնտեղից մի քար առավ և պարսատիկով նետեց այն ու զարկեց փղշտացու ճակատին. քարը խրվեց նրա ճակատի մեջ, և նա երեսնիվայր ընկավ գետին։ 50Դավիթը քարով ու պարսատիկով այսպես հաղթեց փղշտացուն, զարկեց փղշտացուն և սպանեց նրան, բայց Դավթի ձեռքին սուր չկար։ 51Եվ Դավիթը վազեց, կանգնեց փղշտացու վրա, բռնեց նրա սուրը, հանեց պատյանից, սրով սպանեց նրան և ապա սրով կտրեց գլուխը։ Եվ երբ փղշտացիները տեսան, որ իրենց հզոր մարդը մեռավ, փախան։ 52Այդ ժամանակ Իսրայելի և Հուդայի մարդիկ վեր կացան, աղաղակելով հետապնդեցին և հալածեցին փղշտացիներին մինչև հովիտը և մինչև Ակկարոնի դարպասները. և փղշտացիների սպանվածներն ընկան Սագարիմի ճանապարհի վրա և մինչև Գեթ ու Ակկարոն։ 53Փղշտացիներին հալածելուց հետո Իսրայելի որդիները ետ դառան և կողոպտեցին նրանց բանակատեղին։ 54Եվ Դավիթը վերցրեց փղշտացու գլուխն ու այն տարավ Երուսաղեմ, իսկ նրա զենքերը դրեց իր վրանի մեջ։
Դավիթը Սավուղի առջև
55Երբ Սավուղը տեսավ, որ Դավիթը դուրս է գալիս փղշտացու դեմ, իր զորավար Աբեններին ասաց. «Աբեննե՛ր, ո՞ւմ տղան է այս պատանին»։ Եվ Աբեններն ասաց. «Դու ողջ լինես, թագավո՛ր, չգիտեմ»։ 56Եվ թագավորն ասաց. «Հարցրո՛ւ, թե ում տղան է այս պատանին»։ 57Եվ երբ Դավիթը փղշտացուն սպանելուց հետո ետ դարձավ, Աբենները նրան վերցրեց և Սավուղի առաջ տարավ. փղշտացու գլուխը նրա ձեռքին էր։ 58Եվ Սավուղն ասաց նրան. «Ո՞ւմ տղան ես դու, պատանի՛»։ Եվ Դավիթն ասաց. «Քո ծառա բեթլեհեմացի Հեսսեի տղան եմ»։

Encouraging and challenging you to seek intimacy with God every day.


YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy.