YouVersion Logo
Search Icon

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7

7
Սողոմոնի պալատը
1Իսկ իր տունը Սողոմոնը շինեց տասներեք տարում և ամբողջովին վերջացրեց այն։
2Շինեց նաև «Լիբանանի անտառի տունը». երկարությունը՝ հարյուր կանգուն, լայնությունը՝ հիսուն կանգուն, և բարձրությունը՝ երեսուն կանգուն, շինված էր չորս շարք սյուների վրա, որոնց վրա կային եղևնափայտե գերաններ։ 3Նաև եղևնափայտե մի հարկ շինեց այն գերանների վրա, որոնք քառասունհինգ սյուների վրա էին՝ մեկ շարքը տասնհինգ հատ։ 4Եվ երեք շարք պատուհանի շրջանակներ կային, և երեք պատուհան՝ իրար դեմ շարված։ 5Եվ բոլոր դռներն ու դռնասյուները քառակուսի էին, կամարակապ և երեք շարք՝ մի պատուհանը մյուսի դեմ։
6Եվ սյունազարդ նախասրահը շինեց. երկարությունը՝ հիսուն կանգուն, լայնությունը՝ երեսուն կանգուն, և նրա առջև կար ծածկված գավիթ՝ սյուներով։ 7Նաև գահասրահը շինեց, որտեղ դատաստան էր անում, ատյանի սրահը. և այն հատակից հատակ ծածկված էր եղևնափայտով։
8Եվ իր տունը, որտեղ նա բնակվում էր, մյուս գավթում, որ սրահի հետևում էր, նման էր այս կառույցին. և այս սրահի նման մի տուն շինեց փարավոնի աղջկա համար, որին Սողոմոնը կնության էր առել։ 9Այս բոլորը շինված էին ընտիր քարերից, որոնք տաշված էին ըստ չափերի, ներսից ու դրսից սղոցով սղոցված, հիմքից մինչև առաստաղը և դրսից մինչև մեծ գավիթը։ 10Եվ հիմքն ընտիր քարերից էր, մեծ-մեծ քարերից, տասը կանգուն քարերից և ութ կանգուն քարերից։ 11Եվ հիմքի վրա ընտիր քարեր էին՝ տաշած քարերի չափով, և եղևնափայտ։ 12Եվ մեծ գավիթը շուրջանակի երեք շարք տաշած քարերից էր և մեկ շարք եղևնափայտի կոճղերից. այդպես էին և Տիրոջ տան նախասրահն ու տան սրահը։
Քիրամի գործը
13Սողոմոն թագավորը մարդ ուղարկեց և Քիրամին բերեց Տյուրոսից։ 14Նա Նեփթաղիմի ցեղից մի որբևայրի կնոջ որդի էր, և նրա հայրը տյուրոսցի պղնձագործ էր՝ լի իմաստությամբ, հանճարով և գիտությամբ՝ պղնձի ամեն տեսակ գործեր կատարելու համար. և նա եկավ Սողոմոն թագավորի մոտ և կատարեց նրա բոլոր գործերը։ 15Նա ձուլեց պղնձե երկու սյուները. մեկ սյան բարձրությունը տասնութ կանգուն է, որի շրջագիծը տասներկու կանգուն էր, և երկրորդը նրա նման էր։ 16Եվ ձուլածո պղնձից երկու խոյակ շինեց սյուների գլխին դնելու համար. մեկ խոյակի բարձրությունը՝ հինգ կանգուն և մյուս խոյակի բարձրությունը՝ հինգ կանգուն։ 17Ցանցաձև ցանցեր և շղթայակերտ հյուսվածքներ շինեց սյուների գլխին եղած խոյակների համար. յոթը՝ մեկ խոյակի համար և յոթը՝ մյուս խոյակի համար։
Պղնձե երկու սյուները
(Բ Մն. 3.15-17)
18Եվ երկու սյուների վրա մեկ ցանցի շուրջը երկու շարք նռներ շինեց, որ ծածկեին խոյակները. նույնն էլ արեց մյուս խոյակի համար։ 19Եվ խոյակները, որ սյուների գլխին էին, նախասրահում, շուշանաձև էին, չորս կանգուն։ 20Եվ երկու սյուների խոյակները ցցվածքի ուղիղ վերևն էին՝ ցանցին մոտիկ. և մյուս սյան վրա շրջածիրով քանդակված էին շարքով երկու հարյուր նռներ։ 21Եվ սյուները կանգնեցրեց տաճարի նախասրահում. աջ կողմի սյունը կանգնեցրեց և նրա անունը դրեց Յաքին,#7.21 Այսինքն՝ նա հաստատում է։ և կանգնեցրեց ձախ կողմի սյունը և նրա անունը դրեց Բոոզ։#7.21 Այսինքն՝ առույգ։ 22Եվ սյուների գլուխների վրա շուշանաձև քանդակներ կային. այդպես ավարտվեց սյուների գործը։
Պղնձե ավազանը
(Բ Մն. 4.2-5)
23Շինեց նաև ձուլածո ծովը՝ մի պռունկից մինչև մյուս պռունկը տասը կանգուն, բոլորովին կլոր. բարձրությունը՝ հինգ կանգուն, և երեսուն կանգունանոց մի դերձան շրջապատում էր այն։ 24Եվ նրա պռունկի տակից շրջածիրով շարված էին կոճակներ՝ տասը մեկ կանգունում, որ պատում էին ծովի շուրջը, երկու շարք կոճակներ, որ ձուլված էին ծովը ձուլելու ժամանակ։ 25Ծովը դրված էր տասներկու եզների վրա. երեքը նայում էին հյուսիս, երեքը նայում էին արևմուտք, երեքը նայում էին հարավ, և երեքը նայում էին արևելք. և ծովը վերևից նրանց վրա էր, և նրանց բոլորի ետևի կողմը դեպի ներս էր։ 26Եվ նրա հաստությունը ձեռքի ափի չափ էր. և նրա պռունկը շինված էր բաժակի շուրթի նման, ինչպես շուշան ծաղիկ։ Երկու հազար մար էր տանում։
Պղնձե պատվանդաններ
27Եվ պղնձե տասը պատվանդաններ շինեց. յուրաքանչյուր պատվանդանի երկարությունը՝ չորս կանգուն, լայնությունը՝ չորս կանգուն, և երեք կանգուն՝ բարձրությունը։ 28Եվ պատվանդանները շինված էին այսպես. դրանք շրջանակվող տախտակներ ունեին, որոնք հաստատված էին շրջանակների վրա։ 29Եվ տախտակների վրա քանդակված էին առյուծներ, եզներ ու քերովբեներ. անկյունների կցվածքների վրա էլ առյուծների և եզների վերևից ու ներքևից շրջանակաձև քանդակներ կային։ 30Եվ յուրաքանչյուր պատվանդան պղնձե չորս անիվ և պղնձե առանցքներ ուներ, և վերևում՝ չորս անկյուններին՝ նեցուկներ. ավազանի տակ նեցուկները ձուլածո էին՝ յուրաքանչյուրը կախված պսակազարդով։ 31Եվ նրա բերանը ձագարի նման էր, դեպի վեր՝ մեկ կանգուն, և նրա բերանը կլոր էր՝ մեկուկես կանգուն. բերանի վրա նույնպես քանդակներ և շրջանակներ կային՝ քառակուսի և ոչ թե կլոր։
32Եվ չորս անիվները շրջանակների տակ էին, և անիվների առանցքները՝ պատվանդանի մեջ, և յուրաքանչյուր անիվի բարձրությունը մեկուկես կանգուն էր։ 33Եվ անիվները շինված էին կառքի անիվների նման. նրանց առանցքները, շրջանակները, շառավիղները և գնդերը՝ բոլորը ձուլածո էին։ 34Եվ յուրաքանչյուր պատվանդանի չորս անկյունների վրա չորս նեցուկներ կային՝ պատվանդանի հետ միացած։ 35Եվ պատվանդանի գլխին կես կանգուն բարձրությամբ շուրջանակի բոլորակ կար, և պատվանդանի գլխին նրա ունկերն ու շրջանակները միացված էին իրար։ 36Եվ նրա ունկերի տախտակների վրա և նրա շրջանակների վրա ըստ պատշաճի քանդակեց քերովբեներ, առյուծներ և արմավենիներ ու շուրջանակի կախված զարդեր։ 37Այսպես շինեց այդ տասը պատվանդանները՝ բոլորն էլ ձուլածո, միևնույն չափի ու ձևի։
38Եվ պղնձե տասը ավազաններ շինեց. յուրաքանչյուր ավազանը քառասուն մար էր տանում, յուրաքանչյուր ավազանը մեկ պատվանդանի վրա էր, տասը պատվանդանների վրա։ 39Եվ հինգ պատվանդանը դրեց տաճարի աջ կողմի ծայրին, հինգը՝ ձախ կողմի ծայրին և ծովը դրեց տաճարի աջ կողմում՝ դեպի հարավ-արևելք։
40Եվ Քիրամը շինեց ավազանները, թիակները, կոնքերը. Քիրամը վերջացրեց այն բոլոր գործերը, որ Տիրոջ տանն անում էր Սողոմոն թագավորի համար։ 41Դրանք երկու սյուներն էին և գնդաձև խոյակները, որոնք այդ սյուների գլուխներին էին, և սյուների գլխին եղած գնդաձև երկու խոյակները ծածկելու համար շինված երկու ցանցերը։ 42Եվ չորս հարյուր նռները՝ այդ երկու ցանցերի համար, երկու շարք նռները՝ մեկ ցանցի համար, որ ծածկեին գնդաձև այն երկու խոյակները, որոնք սյուների վրա էին, 43տասը պատվանդանները և տասը ավազանները՝ պատվանդանների վրա, 44մեկ ծովը և տասներկու եզները՝ ծովի տակ։ 45Կաթսաները, թիակներն ու կոնքերը և այն բոլոր անոթները, որ Քիրամը շինեց փայլեցված պղնձից Տիրոջ տանը Սողոմոն թագավորի համար։ 46Թագավորը դրանք հողե կաղապարներով ձուլել տվեց Հորդանանի դաշտում՝ Սոկքովթի և Սարթանի միջև։ 47Եվ Սողոմոնն այդ բոլոր անոթները տեղավորեց, և որովհետև պղնձի չափը խիստ շատ էր, կշիռը չորոշվեց։
48Սողոմոնը շինեց բոլոր այն կարասիները, որ Տիրոջ տանն էին, այսինքն՝ ոսկե զոհասեղանը, ոսկուց էր և այն սեղանը, որի վրա լինում էին առաջավորության հացերը, 49մաքուր ոսկուց էին ճրագակալները՝ սրբարանի առջև, հինգը՝ աջ կողմից, և հինգը՝ ձախ կողմից, ոսկուց էին և ծաղիկները, ճրագները և ունելիները։ 50Եվ մաքուր ոսկուց էին գավաթները, պատրույգի մկրատները, կոնքերը, խնկամաններն ու բուրվառները և ներքին տան, այսինքն՝ սրբությունների սրբության, տան, այսինքն՝ տաճարի դռների ոսկե ծխնիները։
51Այսպես կատարվեց այն ամբողջ գործը, որ Սողոմոն թագավորն արեց Տիրոջ տան համար. և Սողոմոնը տարավ իր հայր Դավթի նվիրած արծաթը, ոսկին ու անոթները և դրեց Տիրոջ տան գանձարանում։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy