Տեր Աստծու շնորհը մեր մեծագույն օգնությունն էՕրինակ

Տեր Աստծու շնորհը մեր մեծագույն օգնությունն է

ՕՐ 4 7-ից

Աստծու շնորհը գործում է Նրա Հոգու միջոցով

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Տեր Աստծու շնորհը մեր մեծագույն օգնությունն է» անվանումը։ Նոր Կտակարանում աստվածային Երրորդության անձերից մեկը՝ Սուրբ Հոգին, անվանվում է շնորհքի Հոգի (տե՛ս Եբրայեցիս 10.29 խոսքը)։ Իսկ Հին Կտակարանում Սուրբ Հոգին բնութագրվում է նաև որպես շնորհքի և աղոթքի Հոգի (տե՛ս Զաքարիա 12.10 խոսքը)։

Սիրելի՛ բարեկամ, Աստծու շնորհը գործում է Նրա Հոգու միջոցով։ Նախորդ ուղերձների մեջ մենք տեսանք, որ Աստծու շնորհի օգնությունն ու բարիքը տարբեր դրսևորումներ կարող են ունենալ Քրիստոսին հավատացող մարդու կյանքում։ Դա կարող է լինել փրկարար շնորհը, օգնության և ծառայության շնորհը կամ Տեր Աստծու գերբնական օգնության ցանկացած այլ դրսևորում։ Աստծու շնորհի ցանկացած դրսևորման հիմքում Սուրբ Հոգու ծառայությունն է։

Սուրբ Հոգին օգնում է մեզ մեր տկարությունների ժամանակ, քանի որ ուղղորդում է մեզ ճիշտ աղոթքների մեջ․ «Նույն կերպ և Հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին Ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար» (Հռոմեացիս 8․26 ՆՎԱԱ)։

Սուրբ Հոգին օգնում է մեզ հոգևոր աճի և հասունացման հարցում․ «Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է Իմ անունով, Նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի» (Հովհաննես 14․26 ՆՎԱԱ):

Սուրբ Հոգին օգնում է մեզ սրբության կյանք ապրելու հարցում և զորացնում մեղքի դեմ մղվող պատերազմի մեջ․ «Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի Իր Հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ» (Հռոմեացիս 8․11 ՆՎԱԱ)։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, առանց Սուրբ Հոգու հետ մտերմության մենք անկարող ենք լինելու ընդունել Տեր Աստծու գերբնական օգնությունը մեր կյանքերում։ Աստծու Հոգին է, որ հասանելի է դարձնում մեզ համար Աստծու շնորհի օգնությունը։ Աստծու Հոգու հետ մտերմությունը պետք է դառնա Տիրոջից շնորհ ընդունած կամ Նրանից շնորհ ակնկալող յուրաքանչյուր մարդու առաջնահերթությունը։

«Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար» (Եփեսացիս 4․30 ՆՎԱԱ):

Այսօր իմ աղոթքը հատուկ քեզ համար է, որպեսզի Տերը զորացնի քեզ, որ քո ոչ մի արարք, որոշում կամ պահվածք ոչ թե տրտմեցնի, այլ ուրախացնի Աստծու Սուրբ Հոգուն։ Աղոթում եմ, որպեսզի ավելի ու ավելի լցվես Սուրբ Հոգով և քո կյանքում Շնորհքի Հոգին գործի գերբնական կերպով՝ հրաշքներով ու նշաններով, բժշկությամբ ու ազատագրություններով հաստատելով Տիրոջ շնորհքի գերազանց մեծությունը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Այս Ծրագրի Մասին

Տեր Աստծու շնորհը մեր մեծագույն օգնությունն է

Շնորհն Աստծու այն բարիքն է և օգնությունը, որը մենք չենք վաստակել և որին չենք արժանացել։ Աստծու շնորհը մարդու հանդեպ Տիրոջ սիրո ու կարեկցանքի դրսևորումն է։ Տեր Աստծու շնորհը մեզ վերականգնում է, երբ մենք կոտրված ու փշրված ենք, ամրացնում է, երբ մենք տկարացած ենք ու թուլացած և զորացնում է: Աստծու փրկարար շնորհը գործում է Նրա Հոգու միջոցով։ Առանց Սուրբ Հոգու հետ մտերմության մենք անկարող ենք լինելու ընդունել Տեր Աստծու գերբնական օգնությունը մեր կյանքերում։ Ապրե՛նք մեր Տիրոջ նման հեզ ու խոնարհ կյանքով, և Նրա շնորհը միշտ առատ կլինի մեր կյանքերում։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ Hisus.am