Տեր Աստծու շնորհը մեր մեծագույն օգնությունն էՕրինակ

Տեր Աստծու շնորհը մեր մեծագույն օգնությունն է

ՕՐ 3 7-ից

Արդարության հաջորդ քայլը

Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Տեր Աստծու շնորհը մեր մեծագույն օգնությունն է» անվանումը։ Նախորդ ուղերձի մեջ մենք խոսեցինք Տեր Աստծու փրկարար շնորհի մեծության և կարևորության մասին։ Խոսեցինք նաև այդ անպատմելի շնորհն ընդունելու նախապայմանի՝ հավատքի առկայության մասին։ Ինչպիսի՜ երանություն է Աստծուց հավիտենական կյանքի պարգևն ընդունելը։

Սիրելի՛ բարեկամ, Աստծու փրկարար շնորհն ընդունածները փոխակերպվում են և սկսում նմանվել իրենց փրկող Տիրոջը, քանի որ նրանց սիրտը լցվում է երախտագիտությամբ, և նրանք էլ իրենց հերթին շնորհի ու ողորմության վերաբերմունք են դրսևորում մյուսների հանդեպ։

«Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները» (Մատթեոս 6․14-15 ՆՎԱԱ):

Մեր ներող ու ողորմած լինելը դրսևորվում է կոնֆլիկտային իրավիճակներում և ճգնաժամային պայմաններում։ Շատերը վեճերի ժամանակ ձգտում են ապացուցել իրենց արդար լինելը և դիմացինի մեղավորությունը։ Աստծուց շնորհ ընդունածները պետք է բացարձակապես այլ մոտեցում դրսևորեն։

Ճիշտ ու սխալ լինելու քննարկումները նպատակ ունեն բացահայտել արդար կողմին։ Սակայն Տեր Աստված Իր շնորհն ընդունածներից բացարձակապես այլ մոտեցում է ակնկալում։ Նա սպասում է, որ մենք էլ շնորհի մոտեցում ցույց տանք մեր հանդեպ անարդար վարվողներին։ Չէ՞ որ մենք հե՛նց այդպիսին էինք Տեր Աստծու հանդեպ, երբ Նա սիրեց ու փրկեց մեզ՝ չնայելով մեր հանցանքներին ու Իր Խոսքի հանդեպ անտարբերության ու ժխտողականության մեր վերաբերմունքին։

«Եվ ձեզ, որ մի ժամանակ մեռած էիք մեղքերի ու ձեր մարմնի անթլփատության մեջ, Իր հետ կենդանացրեց՝ մեր բոլոր հանցանքները ներելով։ Եվ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը և այն մեջտեղից վերացրեց ու խաչափայտին գամեց» (Կողոսացիս 2․13-14 ՆՎԱԱ):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, արդարության հաջորդ քայլը շնորհն է։ Այն չի չեղարկում արդարությունը։ Այն չի փոխարինում արդարությանը։ Այն չի նվազեցնում արդարությունը և ոչ մի կերպ չի վնասում ու չի տանում դեպի անարդարություն։ Սակայն շնորհն ավելին է, քան արդարությունը։

Մատթեոսի Ավետարանի 18-րդ գլխում Տեր Հիսուսը պատասխանում է Պետրոս առաքյալի հարցին, թե քանի՞ անգամ է պետք ներել, եթե մեկը մեր դեմ հանցանք գործի։ Ի պատասխան՝ Տերը մի առակ է պատմում, որտեղ թագավորը հաշիվ է պահանջում իր ծառաներից և նրանցից մեկը հազար քանքար պարտք է ունենում։ Սա անասելի մեծ գումար էր այն ժամանակների համար։

Արդարությունը պահանջում էր, որ նման մարդն իր ողջ ընտանիքի հետ ստրկության վաճառվի, քանի որ չէր կարողանում վերադարձնել պարտքը։ Սակայն թագավորը շնորհում է նրան իր պարտքը և ազատ արձակում։ Տեր Հիսուսը այս պատմությունը սկսում է հետևյալ խոսքերով․ «Դրա համար Երկնքի Թագավորությունը նման է մի թագավորի, որը ցանկացավ, որ իր ծառաներն իրեն հաշիվ տան» (Մատթեոս 18․23 ՆՎԱԱ):

Հե՛նց այսպիսին է Երկնքի Թագավորության սկզբունքը։ Ներել աններելին, ողորմել ողորմության անարժանին և փրկել փրկության արժանիք չունեցողներին։ Այս ներված ծառան գնաց ու սկսեց արդարություն պահանջել իրեն չնչին պարտք ունեցող իր ծառայակցից։ Արդյոք մեծագույն պարտքի ներումն ընդունելուց հետո մե՞նք էլ պիտի արդար դատաստան խնդրենք մեր հանդեպ հանցանք գործողների նկատմամբ․․․ Արդյոք Աստծուց ներման ու փրկության շնորհն ընդունողները չպիտի՞ սովորեն արդարության հաջորդ քայլը՝ մյուսների հանդեպ շնորհի վերաբերմունք դրսևորելու խոնարհությունը․․․

Մեծագույն բարիք է սպասվում բոլոր ողորմածներին և ներող սիրտ ունեցողներին։ Նմանվե՛նք մեր Տիրոջը։ Մարդկանց հանդեպ լինե՛նք գթասիրտ և ողորմած․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Այս Ծրագրի Մասին

Տեր Աստծու շնորհը մեր մեծագույն օգնությունն է

Շնորհն Աստծու այն բարիքն է և օգնությունը, որը մենք չենք վաստակել և որին չենք արժանացել։ Աստծու շնորհը մարդու հանդեպ Տիրոջ սիրո ու կարեկցանքի դրսևորումն է։ Տեր Աստծու շնորհը մեզ վերականգնում է, երբ մենք կոտրված ու փշրված ենք, ամրացնում է, երբ մենք տկարացած ենք ու թուլացած և զորացնում է: Աստծու փրկարար շնորհը գործում է Նրա Հոգու միջոցով։ Առանց Սուրբ Հոգու հետ մտերմության մենք անկարող ենք լինելու ընդունել Տեր Աստծու գերբնական օգնությունը մեր կյանքերում։ Ապրե՛նք մեր Տիրոջ նման հեզ ու խոնարհ կյանքով, և Նրա շնորհը միշտ առատ կլինի մեր կյանքերում։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ Hisus.am