ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 39
39
Օրենսգետի մասին
1Օրենսգետը կքննի իմաստությունը և կպարապի ու կհմտանա իր բոլոր նախորդների մարգարեությունների մեջ։
2Կմտապահի անվանի մարդկանց պատմությունները և կթափանցի առակների նրբին դարձվածքների մեջ։
3Կփնտրի առակների խորհուրդը և կզբաղվի առակների իմաստների բացահայտմամբ։
4Նա կծառայի մեծամեծների մոտ և կերևա իշխանների առջև։
5Կճամփորդի օտար ազգերի երկրներով, որպեսզի ձեռք բերի մարդկանց չար և բարի փորձառությունը։
6Վաղ առավոտից սրտով կդիմի Տիրոջը, որ ստեղծեց իրեն, և կպաղատի Բարձրյալի առջև։
7Աղոթքի մեջ կբացի իր շուրթերը և կթախանձի իր մեղքերի համար։
8Եթե մեծազոր Տերը կամենա, նա կլցվի իմաստության հոգով։
9Նրա սրտից կբխեն Տիրոջ իմաստության խոսքերը, և նա աղոթքով կփառաբանի նրան։
10Տերը կուղղի նրա խորհուրդներն ու իմաստությունը, իսկ նա էլ կմտածի նրա գաղտնիքների մասին։
11Նա ցույց կտա իր ստացած ուսմունքի իմաստությունը և կպարծենա Տիրոջ պատվիրանի օրենքով։
12Շատերը նրա իմաստությունը կգովեն, և նա հավիտյանս չի մոռացվի։
13Նրա հիշատակը չի անցնի, և նրա անունը կմնա սերնդից սերունդ։
14Ազգերը կպատմեն նրա իմաստության մասին, և ժողովուրդը կտարածի նրա գովքը։
15Քանի դեռ կապրի, հազարավոր մարդկանցից ավելի մեծ անուն կունենա, և երբ վախճանվի, լավ կլինի նրա համար։
Գովք արարչագործության
16Դարձյալ խորհրդածելով՝ պիտի պատմեմ, քանզի լցվեցի լիալուսնի նման։
17Լսե՛ք ինձ, ո՛վ սրբեր, ծաղկե՛ք վարդենու նման, որ աճում է հոսող ջրերի մոտ։
18Անուշահոտ կնդրուկի նման հո՛տ բուրեք։
19Ծաղկե՛ք շուշանի նման, հո՛տ տարածեք, օրհնության ե՛րգ երգեք, Տիրո՛ջն օրհնեք իր բոլոր գործերի մեջ։
20Փա՜ռք տվեք նրա մեծ անվանը և նրան փառաբանե՛ք օրհնությամբ. շուրթերի երգով և տավղով այսպե՛ս ասացեք՝ գոհաբանելով.
21«Տիրոջ բոլոր գործերը շատ բարի են, և նրա բոլոր հրամանները կատարվում են իրենց ժամանակին. վայել չէ ասել՝ ի՞նչ է սա, կամ ինչո՞ւ է սա, քանզի ամեն ինչ պիտի կատարվի իր ժամանակին։
22Նրա խոսքով ջուրը կանգնեց դեզի նման, նրա բերանի պատգամով ջրերի շտեմարաններ հայտնվեցին։
23Նրա հրամանների մեջ է իր հաճությունը, և ոչ ոք չի կարող նսեմացնել նրա բերած փրկությունը։
24Նրա առջև է ամեն մարմնեղեն էակի մարմնի գործը, և անկարելի է թաքնվել նրա աչքից։
25Նա տեսնում է հավիտենությունից հավիտենություն, և չկա մի բան, որ զարմանալի լինի նրա համար։
26Վայել չէ ասել՝ ի՞նչ է սա, կամ ինչո՞ւ է սա, քանզի ամեն ինչ ստեղծված է ըստ իր կարիքի։
27Նրա օրհնությունը հորդում է գետի նման և հեղեղի նման ջրում ցամաքը։
28Հեթանոսները պիտի ժառանգեն նրա բարկությունն այնպես,
29ինչպես նա քաղցր ջուրը վերածեց աղաջրի։ Նրա ճանապարհները սրբերի համար ուղիղ են, իսկ անօրենների համար՝ սայթաքուն»։
30Ինչպես բարիքները բարիների համար ստեղծվել են սկզբից, այնպես էլ չարիքները՝ մեղավորների համար։
31Մարդու կյանքի համար ամեն տեսակ կարիքների սկիզբը ջուրն է, կրակը, երկաթը, աղը, ցորենի ալյուրը,
32կաթը, մեղրը, խաղողի հյութը, ձեթ և հագուստը։
33Այս բոլորը բարիք է բարեպաշտների համար, իսկ մեղավորների համար չարիք կդառնա։
34Այն հոգիները, որոնք ստեղծված են վրեժխնդրության համար և իրենց սրտմտությամբ սաստկացրել են իրենց տանջանքները, նրանք իրենց վախճանի ժամանակ հեղում են իրենց ուժն ու զայրույթը, և դա հանդարտեցնում է իրենց Արարչի ցասումը։
35Կրակը, կարկուտը, սովը և մահը, այս բոլորը վրեժխնդրության համար են ստեղծված։
36Գազանների ժանիքները, իժերը, օձերը և սուրը վրիժառության համար են, ամբարիշտների ոչնչացման համար։
37Նրանք ուրախ կլինեն նրա պատվիրանները կատարելու համար, երկրի վրա պատրաստ են հոգալու նրա կարիքները և իր ժամանակին չեն խախտի նրա խոսքը։
38Դրա համար էլ ես սկզբից հաստատվեցի, մտածեցի ամեն բան և գրով թողեցի։
39Արդարև, Տիրոջ բոլոր գործերը բարի են, և բոլոր պետքերը նա ժամանակին է բաշխում։
40Չի կարելի ասել, թե սա նրանից վատ է, քանզի ամեն ինչ իր ժամանակին լավ կլինի։
41Իսկ այժմ ամբողջ սրտով և լիաբերան օրհնե՛ք և բարեբանե՛ք Տիրոջ անունը։
Արդեն Ընտրված.
ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 39: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն