ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 38
38
Ժամանակ իրեն պահելու մասին
15Ով մեղանչում է իր Արարչի առջև, նա կընկնի բժշկի ձեռքը։
16Որդյա՛կ, մեռյալի վրա արտասո՛ւք թափիր և սկսի՛ր ողբալ, իբր թե նա վնաս է կրել, և ըստ օրենքի՝ պատի՛ր նրա մարմինը ու մի՛ անտեսիր նրա թաղումը։
17Դառնորեն լա՛ց եղիր, աղի արցո՛ւնք թափիր 18և ըստ նրա արժանիքի՝ սգա՛ մեկ-երկու օր՝ պարսավանքից խուսափելու համար, և ապա մխիթարվի՛ր տրտմությունից, 19քանզի տրտմությունից մահ է լինում, և սրտի տրտմությունը թուլացնում է ուժը։
20Հարվածների հետ գալիս է նաև տրտմությունը, և աղքատի կյանքը սիրտ է մաշում։
21Քո սիրտը մի՛ տուր տրտմության, վանի՛ր այն, հիշի՛ր վախճանը։
22Մի՛ մոռացիր, որ վերադարձ չկա, վախճանվածին օգուտ չես բերի և դու ինքդ կչարչարվես։
23Հիշի՛ր իմ դատաստանը, քանզի այդպես է լինելու և քոնը. իմը՝ երեկ, և քոնը՝ այսօր։
24Մեռյալի հանգչելուց հետո հանգի՛ստ թող նրա հիշատակը և մխիթարվի՛ր, որ նա ավանդել է իր հոգին։
Օրենսգետի առավելությունը արհեստավորից
25Օրենսգետի իմաստությունը ձեռք է բերվում հանգստի հաճելի ժամին, և ով մի բանի կարիք ունի, ջանք կթափի և կիմաստնանա։
26Ինչպե՞ս կարող է իմաստնանալ նա, ով աշխատում է մաճով, պարծենում է խթանի ցուպով, եզներ է քշում, զբաղվում է իր գործերով, և նրա զրույցն իր որդիների հետ հորթերի մասին է։
27Նրա սիրտը զբաղված է լինում ակոս բացելով, և նրա հոգսը հորթերին կերակրելն է։
28Այդպես են նաև ամեն հյուսն և ճարտարապետ, որոնք գիշերն անցկացնում են իբրև ցերեկ, նաև նրանք, ովքեր արձաններ են քանդակում. նրանցից յուրաքանչյուրի զբաղմունքը ձևերի բազմազանություն ստեղծելն է։ Ամեն մեկն իր սիրտը տալիս է պատկերներ նմանեցնելուն, և նրա հոգսը իր գործն ավարտելն է։
29Այդպես է և դարբինը, որ նստում է սալի մոտ և մտածում երկաթե առարկայի մասին. տաք գոլորշին մաշում է նրա մարմինը, և նա ոգորում է հնոցի տապի դեմ։
30Մուրճի ձայնը խլացնում է նրա ականջը, իսկ նրա աչքի առաջ միշտ պատրաստվող անոթի նմանությունն է։
31Նրա սիրտը ձգտում է գործի ավարտին, և ավարտելիս նրա մտահոգությունը այն բարեզարդելն է։
32Այդպես է և բրուտը, որ նստած իր գործն է անում և ոտքով պտտում է դուրգը. նա իր գործի համար տևապես հոգսի մեջ է, և նրա ամբողջ աշխատանքը կապված է հաշվարկի հետ։
33Իր բազկով նա ձև է տալիս կավին և ոտքով մեղմում նրա պնդությունը։
34Նրա սիրտը ձգտում է ավարտել ծեփը, և նրա հոգսը թրծարանը մաքրելն է։
35Նրանք բոլորն էլ վստահ են իրենց ձեռքերի վրա, և յուրաքանչյուրը հմուտ է իր գործի մեջ։
36Առանց սրանց քաղաք չի կառուցվի, մարդիկ չեն բնակվի այնտեղ և չեն շրջի,
37բայց սրանց ժողովարան չեն հրավիրում,
38սրանք դատավորի աթոռին չեն նստում, արդարության և իրավունքի մասին դատողություն չեն անում, չեն արդարացնում, չեն մեղադրում և չեն զբաղվում առակներով։
39Սրանք միայն այս աշխարհի շինվածքն են ամրացնում, և սրանց աղոթքը միայն իրենց արհեստի համար է։ Բայց այդպես չէ նա, ով իր անձը նվիրում և խորհրդածում է Բարձրյալի մասին։
Արդեն Ընտրված.
ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 38: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն