ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 40
40
Մարդու թշվառությունը
1Աշխատանք է սահմանված ամեն մարդու համար, և ծանր լուծ է դրված մարդու որդիների վրա իրենց մորից ելնելու օրից մինչև բոլորի մոր ծոցում թաղվելու օրը։
2Ակնկալիքի և վախճանի օրվա մասին մտածումը նրանց խորհրդածության նյութն ու սրտի ահն է.
3սկսած նրանից, որ ինքնագոհ նստած է փառքի աթոռին, մինչև նա, որ թշվառացել և հող ու մոխրի մեջ է,
4սկսած նրանից, որ հակինթ և պսակ է կրում, մինչև նա, որ ցնցոտի է հագնում, ամեն ոք ունի ցասում և նախանձ, խռովք և անհանգստություն, մահվան երկյուղ, ոխ և հակառակություն։
5Հանգստի ժամանակ անկողնում գիշերվա երազը մթագնում է նրա միտքը։
6Քիչ հանգիստ, նա համարյա հանգիստ չունի, որից հետո երազների մեջ տանջվում է, ինչպես ցերեկը։
7Իր սրտի տեսիլքներից ցնցված՝ նա նման է պատերազմից մազապուրծ եղածի. արթնանում է իր տեսիլքներից փրկվելու պահին և զարմանում է, որ սարսափել է ոչինչ բանից։
8Թեպետ սա պատահում է ամեն էակի հետ՝ մարդուց մինչև անասուն, բայց մեղավորների հետ դա լինում է սրանից յոթնապատիկ ավելի։
9Մահն ու հակառակությունը, արյունն ու սուրը, հարվածներն ու սովը, կործանումն ու տանջանքը, այս բոլորը ստեղծվել են մեղավորների համար։
10Նաև նրանց պատճառով եղավ ջրհեղեղը։
11Ամեն ինչ, որ հողից է, հողին է վերադառնում, ինչ որ ջրից է, ծովին է վերադառնում, այդպես էլ ամբարիշտները նզովքից գնում են դեպի կորուստ։
Կեղծ և ճշմարիտ բարիքներ
12Ամեն տեսակ կաշառք և անիրավություն կկործանվի, իսկ հավատարմությունը հավիտյանս կմնա։
13Անիրավ մարդկանց ունեցվածքը գետի նման պիտի ցամաքի, և նրանք պիտի գոռան տեղատարափ անձրևի որոտի պես։
14Նրանցից ով բացի իր ձեռքը, ուրախ կլինի, այդպես էլ հանցագործներն ի վերջո կցամաքեն։
15Ամբարիշտների սերունդը չի շատացնի ճյուղերը, իսկ պիղծ արմատները ապառաժ քարի վրա են լինում։
16Ոսկեծաղիկը, որ բուսնում է ամեն տեսակ ջրի մոտ, գետեզրին, ամեն տեսակ խոտից առաջ է արմատախիլ լինում։
17Սակայն բարեգործությունը՝ իբրև դրախտ, հավիտյան կմնա օրհնության մեջ։
Խրատներ լավի և լավագույնի մասին
18Աշխատավորի և ինքնագոհ մարդու կյանքը քաղցր է, բայց երկուսին գերազանցում է նա, ով գանձ է գտնում։
19Որդիներ ունենալն ու քաղաք կառուցելը հավերժացնում են մարդու անունը, բայց անբիծ կինն այս երկուսից առավել հարգելի է։
20Գինին և երգը ուրախացնում են սիրտը, բայց իմաստության սերը երկուսից առավել է։
21Սրինգն ու տավիղը հաճելի են դարձնում նվագը, բայց քաղցր լեզուն երկուսից առավել է։
22Աչքը ցանկանում է շնորհ և գեղեցկություն, բայց այս երկուսից առավել՝ բույսերի գեղեցկությունը։
23Ժամանակին հանդիպած բարեկամն ու ընկերը լավ են, բայց այս երկուսից առավել՝ բարի կինը։
24Եղբայրներն ու օգնությունը փրկում են նեղության ժամանակ, բայց այս երկուսից առավել՝ ողորմածությունը։
25Ոսկին և արծաթը հաստատուն են պահում ոտքերը, բայց ընտիր խորհուրդն այս երկուսից առավել է համարվում։
26Հարստությունը և ուժը հպարտություն են տալիս սրտին, բայց բոլորից առավել է երկյուղը Տիրոջից։
27Ով երկյուղ ունի Տիրոջից, նա պակասություն չի զգա։
28Երկյուղը Տիրոջից օրհնյալ դրախտի նման է, և այն հովանի է ամեն տեսակ փառքից ավելի։
Չապրել մուրացկանի նման
29Որդյա՛կ, մի՛ ապրիր մուրացկանի կյանքով. լավ է մեռնել, քան մուրալ։
30Ով նայում է ուրիշի սեղաններին, նրա կյանքը չի կարելի կյանք համարել. նա իր հոգին ստորացնում է ուրիշի կերակուրներով։
31Իսկ իմաստուն և խելացի մարդը զգույշ է լինում։
32Անամոթի բերանին քաղցր է մուրալով ստացածը, բայց նրա որովայնի մեջ կրակ պիտի վառվի։
Արդեն Ընտրված.
ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 40: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն