ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 26
26
Երջանիկ ամուսնության մասին
1Երանելի է բարի կնոջ ամուսինը, և կրկնակի է նրա օրերի թիվը։
2Բարեգործ կինն ուրախացնում է իր ամուսնուն և նրա տարիները լցնում խաղաղությամբ։
3Բարի կինը մի բարի բաժին է, որ Տերը տալիս է իրենից երկնչողներին. հարուստ թե աղքատ՝
4նրանց սիրտը գոհ է նրանից, և նրանց դեմքը միշտ ուրախ է։
Զգուշանալ չար կանանցից
5Երեք բանի վրա կասկածեց իմ սիրտը, բայց կա մի չորրորդը, որի դեպքում աղոթում եմ։
6Դրանք են՝ քաղաքի բանսարկությունը, ժողովարանի վրդովմունքը
7և սուտ չարախոսությունը, որոնք մահից ավելի դաժան են։
8Բայց սրտի ցավ և սուգ է այն կինը, որ չարանախանձ է մեկ այլ կնոջ,
9լեզվանի գազան է, որ խոցում է բոլորին։
10Չար կինը եզան երերացող լուծի պես է. ով բռնի այն իժ կբռնի։
11Մեծ խայտառակություն է հարբեցող կինը, որ չի ծածկում իր ամոթը։
12Կնոջ պոռնկությունը իմացվում է նրա շարժուձևերից, նրա աչքերի հայացքից և նրա արտևանունքներից։
13Անամոթ դստեր վրա հսկողությո՛ւն հաստատիր, որ չլինի թե համարձակություն ստանալով՝ ինքնագլուխ լինի։
14Լիրբ աչքի հանդեպ զգո՛ւյշ եղիր և մի՛ զարմացիր, եթե քո դեմ էլ հանցանք գործի։
15Ինչպես ծարաված ճանապարհորդը, նա բերանը բացում և խմում է ամեն տեսակ մոտիկ ջրերից, նստում է ամեն տեսակ վրանի առջև և կապարճի պես բացվում առաջին իսկ նետի դեմ։
Գովք կատարյալ կնոջ
16Կնոջ շնորհը հրճվանք է նրա ամուսնուն, և նրա ողջախոհությունը զորացնում է նրա ոսկորները։
17Խոնարհ կինը Տիրոջ պարգևն է. անփոխարինելի է առաքինի հոգին։
18Շնորհների վրա շնորհ է ամոթխած կինը,
19և համարժեք կշիռ չկա նրա զուսպ հոգու համար։
20Տիրոջ բարձունքներում ծագող արեգակ է
21բարի կնոջ գեղեցկությունն իր տան հարդարանքի մեջ։
22Ինչպես լուսատու ճրագն է մաքուր աշտանակի վրա, այնպես էլ երեսի գեղեցկությունն է հանդարտ հասակի վրա։
23Ինչպես ոսկեղեն սյուներն են արծաթեղեն խարիսխների վրա, այնպես էլ գեղեցիկ ոտքերն են խոնարհ գարշապարների վրա։
25Սիրտս տխուր է երկու բանի համար, և կա մի երրորդ բան, որից իմ մեջ ցասում առաջացավ։
26Դրանք են՝ պատերազմող մարդը, որն աղքատության պատճառով է թշվառ, և իմաստուն մարդիկ, որոնք արհամարհված են։
27Բայց ով արդարությունից դառնում է դեպի մեղքը, Տերը նրա համար սուր է պատրաստում։
28Դժվար թե վաճառականը խուսափի հանցանքներից, և պանդոկապանը արդարանա մեղքերից։
Արդեն Ընտրված.
ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 26: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն