ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 25
25
Ամուսինների մասին
1Երեք բանով գեղեցկացա և վայելուչ երևացի Տիրոջ և մարդկանց առջև։
2Դրանք են՝ եղբայրների միաբանությունը, մերձավորների սերը, և երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ։
3Իմ հոգին ատեց երեք բան և խիստ գարշեց նրանց կյանքից։
4Դրանք են՝ հպարտ աղքատը, ստախոս հարուստը և վավաշոտ ու պակասամիտ ծերը։
5Եթե պատանեկությանդ ժամանակ չհավաքեցիր, ինչպե՞ս կգտնես ծերությանդ ժամանակ։
6Ալեհեր մարդուն որքա՜ն պատշաճ է դատելը և ծերերին՝ խորհուրդ տալը։
7Որքա՜ն գեղեցիկ է ծերերի իմաստությունը և պատվավոր մարդկանց իմացությունն ու խորհուրդը։
8Ծերերի պսակը բազմահմտությունն է և նրանց պարծանքը՝ երկյուղը Տիրոջից։
9Ինը խորհրդի եմ երանի տալիս իմ մտքում, իսկ տասներորդը կասեմ լեզվով։
10Դա այն մարդն է, որ ուրախ է որդիներով և իր կենդանության ժամանակ տեսնում է թշնամիների կործանումը։
11Երանի՜ նրան, ով ապրում է իմաստուն կնոջ հետ, իր լեզվով չի սխալվում և չի ծառայում մեկին, որ անարժան է իրեն։
12Երանի՜ նրան, ով իմաստություն գտավ և այն կպատմի ունկնդիրներին։
13Որքա՜ն մեծ է նա, ով իմաստություն է գտել, բայց նա ավելի մեծ չէ, քան նա, ով երկյուղ է կրում Տիրոջից։
14Երկյուղը Տիրոջից գերազանցում է ամեն բան։
16Եվ ով ունի այն, ո՞ւմ կարելի է նմանեցնել։
18Կարելի է տանել ամեն տեսակ վերք, բայց ո՛չ սրտի վերքը,
19ամեն տեսակ չարություն, բայց ո՛չ կնոջ չարությունը,
20ամեն տեսակ հարված, բայց ո՛չ ատելիների հարվածը,
21ամեն տեսակ վրեժ, բայց ո՛չ թշնամիների վրեժը։
22Օձի գլխից չար գլուխ չկա և ոչ էլ թշնամու ցասումից ավելի մեծ ցասում։
Չար կնոջ մասին
23Նախընտրեցի բնակվել առյուծի և վիշապի հետ, քան ապրել չար կնոջ հետ։
24Կնոջ չարությունը այլափոխում է նրա տեսքը և քուրձի նման սևացնում նրա երեսը։
25Նրա ամուսինը կնստի իր ընկերների հետ և լսելով հոգոց կհանի։
26Ամեն տեսակ չարություն փոքր է կնոջ չարության համեմատ. թող նրան ընկնի մեղավորի վիճակը։
27Ավազուտ զառիվերը ծերունու ոտքերի տակ նույնն է, ինչ հեզ ամուսնու համար լեզվանի կինը։
28Մի՛ նայիր կնոջ գեղեցկությանը և մի՛ փափագիր։
29Բարկություն է, լրբություն և մեծ ամոթ,
30եթե կինն է ամուսնուն հրամայողը։
31Թշվառացած սիրտ, խոժոռ դեմք և սրտի վերք է չար կինը։
32Թուլացած ձեռք և ուժասպառ ծունկ է այն կինը, որ երանի չի տալիս իր ամուսնուն։
33Մեղքի սկիզբը կնոջից է, և նրա պատճառով ենք մեռնում բոլորս։
34Ելք մի՛ տուր ջրին և չար կնոջ համարձակությանը. եթե նա չի գնում ըստ քո ձեռքի ցույց տված ուղղության, կտրի՛ր քո մարմնից և հեռո՛ւ նետիր նրան։
Արդեն Ընտրված.
ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 25: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն