ԹՎԵՐ 35

35
Ղևտացիներին հատկացված քաղաքները
1Տերը Մովաբի արևմտյան մասում՝ Հորդանանի եզերքին, Երիքովի դիմաց, խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2«Հրամայի՛ր Իսրայելի որդիներին, որ իրենց բաժին հասած կալվածքներից բնակվելու համար քաղաքներ և այդ քաղաքների շուրջն ընկած ագարակները տան ղևտացիներին։ 3Այդ քաղաքները նրանց բնակության վայրերը թող լինեն, իսկ ագարակները թող լինեն նրանց հոտերի և ամեն տեսակ չորքոտանիների համար արածելու վայրեր։ 4Քաղաքների շուրջը գտնվող ագարակները, որ տալու եք ղևտացիներին, քաղաքի պարիսպներից դուրս շուրջանակի երկու հազար կանգուն շառավիղով տարածություն պետք է ունենան։ 5Քաղաքից դուրս՝ արևելյան կողմում, չափե՛ք երկու հազար կանգուն, արևմտյան կողմում՝ երկու հազար կանգուն, հյուսիսային կողմում՝ երկու հազար կանգուն, հարավային կողմում՝ երկու հազար կանգուն։ Դրանց մեջտեղում գտնվող քաղաքը, ինչպես և նրա շուրջն ընկած տարածքը պետք է պատկանեն ղևտացիներին։
6Ղևտացիներին տրվելիք քաղաքներից վեցը պետք է լինեն ապաստանի քաղաքներ, որոնք ապաստան պիտի ծառայեն սպանություն գործած փախստականների համար։
Այս քաղաքներից բացի, նրանց պիտի տաք ևս քառասուներկու քաղաքներ։ 7Ղևտացիներին տրվելիք քաղաքների թիվը իրենց արվարձաններով հանդերձ քառասունութը պիտի լինեն։ 8Իսրայելի որդիների ժառանգած կալվածքներից ղևտացիներին տրվելիք քաղաքները պիտի լինեն ըստ նրանց ստացած քաղաքների թվի. շատ ստացողը շատ պիտի տա, քիչ ստացողը՝ քիչ։ Յուրաքանչյուր ցեղ ըստ ժառանգած տարածության քաղաքներ թող տա ղևտացիներին»։
Ապաստանի քաղաքներ
(Բ Օր. 19.1-13, Հես. 20.1-9)
9Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 10«Դիմի՛ր Իսրայելի որդիներին ու նրանց ասա՛. “Դուք ահա Հորդանան գետի վրայով անցնում եք քանանացիների երկիրը։ 11Այնտեղ առանձնացրե՛ք քաղաքներ, որոնք ձեզ համար ապաստան պիտի ծառայեն, որպեսզի այնտեղ փախչի մարդասպանը, նա, ով ակամա սպանել է մեկին։ 12Այդ քաղաքները ձեզ համար սպանվածի ազգականի վրեժխնդրությունից փրկվելու համար ապաստան թող լինեն։ Սպանողը թող մահվան չդատապարտվի, մինչև ժողովրդի դատաստանի առջև չկանգնի։ 13Ղևտացիներին տրվելիք քաղաքներից վեցը որպես ապաստան թող ծառայեն։ 14Երեք քաղաք տվե՛ք Հորդանան գետի այն կողմում, երեք քաղաք՝ քանանացիների երկրում։ 15Այդ քաղաքներն իբրև ապաստան թող ծառայեն Իսրայելի որդիների, այլև օտարականների ու ձեր մեջ պանդխտելու եկածների համար։ Այդ քաղաքներն իբրև ապաստան թող ծառայեն, որպեսզի այնտեղ փախչեն բոլոր նրանք, ովքեր ակամա մարդ են սպանել։
16Եթե որևէ մեկը երկաթե առարկայով հարվածի ու սպանի մեկին, նա մարդասպան է. մահվան թող դատապարտվի մարդասպանը։ 17Եթե որևէ մեկը քարով հարվածի ու սպանի մեկին, մարդասպան է. մահվան թող դատապարտվի մարդասպանը։ 18Եթե փայտե առարկայով հարվածի ու սպանի մեկին, մարդասպան է. մահվան թող դատապարտվի մարդասպանը։ 19Սպանվածի մերձավորը թող սպանի մարդասպանին. երբ հանդիպի նրան, թող սպանի։ 20Եթե որևէ մեկը թշնամության հողի վրա հրի մի մարդու կամ չարամտությամբ նրա վրա որևէ իր նետի, ու նա մեռնի 21կամ քինախնդրության համար ձեռքով հարվածի ու սպանի նրան, հարվածողը մահվան թող դատապարտվի։ Նա մարդասպան է. մահվան թող դատապարտվի մարդասպանը։ Սպանվածի մերձավորը որտեղ հանդիպի նրան, թող սպանի։
22Իսկ եթե սխալմամբ և ոչ թե թշնամության հողի վրա է հրել նրան, նրա վրա նետել որևէ իր ոչ չար դիտավորությամբ 23կամ մահ պատճառող քարով առանց չարամտության է հարվածել նրան ու սպանել, սակայն սպանվողը նրա թշնամին չէր, և նա չէր ցանկանում նրան չարիք պատճառել, 24այդ դեպքում ժողովուրդը հարվածողի և սպանվածի մերձավորի միջև դատ թող անի ըստ հետևյալ դատաստանի. 25ժողովուրդը սպանողին թող փրկի սպանվածի մերձավորների ձեռքից։ Ժողովուրդը նրան թող հետ ուղարկի ապաստան-քաղաք, որտեղ նա ապաստանել էր։ Նա թող բնակվի այնտեղ, մինչև որ վախճանվի սուրբ յուղով օծված քահանայապետը։ 26Իսկ եթե սպանողը դուրս գա այն քաղաքի սահմաններից, որտեղ ապաստանել էր, 27և սպանվածի մերձավորը նրան գտնի նրա ապաստանած քաղաքի սահմաններից դուրս, ապա սպանվածի արյունակիցը թող սպանի մարդասպանին և մահապարտ չդիտվի։ 28Դրա համար էլ մարդասպանը պետք է բնակվի իր ապաստանած քաղաքում, մինչև որ վախճանվի քահանայապետը։ Քահանայապետի վախճանվելուց հետո միայն մարդասպանը թող վերադառնա իր կալվածքը։ 29Սա ձեր սերունդների մեջ արդարադատության օրենք թող լինի ձեր բնակության բոլոր վայրերում։
Վկաների մասին
(Բ Օր. 19.15-21)
30Ով մեկին սպանի, վկաներո՛վ թող սպանեն մարդասպանին։ Մեկ հոգու վկայությունը բավարար չէ մահվան վճիռ արձակելու համար։
31Մահապարտ մարդասպանից փրկագին չպետք է վերցնեք։ Նա պետք է մահապատժի ենթարկվի։ 32Ապաստան-քաղաք փախած մարդասպանից փրկագին չպետք է վերցնեք իր կալվածքը վերադառնալու և վերստին այնտեղ բնակվելու համար, մինչև քահանայապետի վախճանվելը։ 33Մի՛ պղծեք երկիրը. երկիրն իր վրա թափված արյան համար այլ հատուցում չի պահանջում, քան հեղումը նրա՛ արյան, ով արյուն է թափել։ 34Մի՛ պղծեք այն երկիրը, որտեղ բնակվում եք, և որտեղ ես եմ բնակվում ձեր մեջ, քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ բնակվում եմ Իսրայելի որդիների մեջ”»։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 35: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք