ԹՎԵՐ 32
32
Հորդանան գետի արևելքում ժառանգություն ստացած ցեղերը
(Բ Օր. 3.12-22)
1Իսրայելի որդիները բազում անասուններ ունեին, բայց Ռուբենի ու Գադի ցեղերի ունեցածները չափազանց շատ էին։ Նրանք տեսան, որ Հազերի ու Գաղաադի շրջանները հոտերի համար հարմար արոտավայրեր են։ 2Ռուբենի որդիներն ու Գադի որդիները, գալով Մովսեսի, Եղիազար քահանայի ու ժողովրդի իշխանների մոտ, ասացին. 3«Ատարովթը, Դեբովնը, Հազերը, Նամբրան, Եսեբոնը, Եղեաղեթը, Սեբաման, Նաբավը և Բեանը՝ 4այն վայրերը, որ Տերը հանձնել է Իսրայելի որդիների ձեռքը, անասունների արոտներ են, իսկ մենք՝ քո ծառաները, անասուններ ունենք»։ 5Նրանք ավելացրին. «Եթե քո առաջ շնորհ ենք գտել, այդ վայրերը մեզ՝ քո ծառաներին, իբրև կալվա՛ծք տուր և մեզ Հորդանանը մի՛ անցկացրու»։ 6Մովսեսը Գադի որդիներին ու Ռուբենի որդիներին պատասխանեց. «Ձեր եղբայրները գնան պատերազմելու, իսկ դուք այստեղ նստե՞ք։ 7Ինչո՞ւ եք պղտորում Իսրայելի որդիների հոգին, այնպես անում, որ չուզենան անցնել այն երկիրը, որը Տերը տալու է նրանց։ 8Ձեր հայրերը նույն կերպ չվարվեցի՞ն, երբ նրանց ուղարկեցի Կադեսբառնեայից, որպեսզի հետախուզեն երկիրը։ 9Նրանք հասան Ողկույզի ձորը, հետախուզեցին երկիրը, բայց վերադառնալով հեղաշրջեցին Իսրայելի որդիների մտքերը, որ չմտնեն այն երկիրը, որ Տերը տվել էր նրանց։ 10Այդ պատճառով Տերը խիստ զայրացավ այդ օրը և երդվելով ասաց. 11“Եգիպտոսից դուրս եկած քսան տարեկան և ավելի մեծ տարիք ունեցող տղամարդիկ, որոնք գիտեն չարն ու բարին, թող չտեսնեն այն երկիրը, որ երդվեցի տալ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, քանի որ ինձ չհետևեցին, 12բացի Հեփոնեի որդի Քաղեբից ու Նավեի որդի Հեսուից, քանի որ նրանք հետևեցին Տիրոջը”։ 13Տերը, խիստ զայրանալով Իսրայելի որդիների վրա, քառասուն տարի նրանց թափառել տվեց անապատում, մինչև որ մեռավ Տիրոջ առաջ չարիք գործող ամբողջ սերունդը։ 14Հիմա էլ դուք եք ելել ձեր հայրերի փոխարեն, ո՜վ մեղավոր մարդկանց ամբոխներ, որպեսզի է՛լ ավելի բորբոքեք Տիրոջ բարկությունն Իսրայելի վրա։ 15Քանի որ դուք խոտորվել եք Աստծուց, նա ձեզ դարձյալ կթողնի այս անապատում, և դուք պատճառ կդառնաք, որ ամբողջ ժողովուրդը կործանվի»։ 16Նրանք, դիմելով Մովսեսին, ասացին. «Մեր ոչխարների ու մյուս անասունների համար պատսպարաններ շինենք, մեր ընտանիքների համար՝ քաղաքներ, 17իսկ մենք ինքներս կզինվենք Տիրոջ առջև, կգնանք Իսրայելի մյուս որդիների առջևից, մինչև որ նրանց հաստատենք իրենց տեղերում։ Իսկ մեր ժողովուրդը, որպեսզի ապահով լինի այս երկրի բնակիչներից, թող բնակվի պարսպապատ քաղաքներում։ 18Մենք չենք վերադառնա մեր տները, մինչև Իսրայելի որդիներից յուրաքանչյուրն իր ժառանգությունը չստանա։ 19Մենք Հորդանան գետի այն կողմում և ավելի հեռու նրանց մեջ ժառանգություն չենք ստանա, որովհետև մենք մեր բաժինն ստացել ենք Հորդանանի այս կողմում՝ արևելքում»։ 20Մովսեսն ասաց նրանց. «Եթե անեք այնպես, ինչպես ասում եք, այսինքն՝ Տիրոջ հրամանով պատերազմի համար զինվեք, 21ձեր բոլոր ռազմիկները Տիրոջ կարգադրության համաձայն անցնեն Հորդանան գետի այն կողմը, մասնակցեն պատերազմին, մինչև Տիրոջ առջև ոչնչանա նրա թշնամին, 22և երկիրը նվաճվի ըստ Տիրոջ ցանկության, ապա վերադառնաք, Տիրոջ ու Իսրայելի առջև անպարտ կլինեք, և այս երկիրը Տիրոջ առաջ ձեր կալվածքը թող լինի։ 23Իսկ եթե այդպես չվարվեք, մեղավոր կհամարվեք Տիրոջ առջև և ձեր մեղքերը կճանաչեք, երբ չարիք հասնի ձեզ։ 24Արդ, դուք քաղաքնե՛ր շինեք ձեր ընտանիքների համար և տեղեր՝ ձեր անասունների համար, և ինչ որ դուրս է եկել ձեր բերանից, կատարե՛ք»։ 25Ռուբենի որդիներն ու Գադի որդիները, դիմելով Մովսեսին, ասացին. «Մենք՝ քո ծառաները, կվարվենք այնպես, ինչպես դու՝ մեր տերը, հրամայեցիր մեզ։ 26Մեր երեխաներն ու կանայք, մեր բոլոր անասունները թող մնան Գաղաադի քաղաքներում, 27իսկ մենք՝ քո ծառաները, զինավառ ու պատրաստ Տիրոջ առջև, կանցնենք-կգնանք պատերազմի, ինչպես որ հրամայի Տերը»։ 28Մովսեսը նրանց մասին հրահանգ տվեց Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին և Իսրայելի ցեղերի նահապետական տների իշխաններին։ 29Մովսեսն ասաց նրանց. «Եթե Ռուբենի որդիներն ու Գադի որդիները Տիրոջ առջև սպառազինված ձեզ հետ անցնեն Հորդանան գետի այն կողմը, և եթե դուք նվաճեք այդ երկիրը, ապա իբրև կալվածք կտաք նրանց Գաղաադի երկիրը։ 30Իսկ եթե սպառազինված ձեզ հետ պատերազմի չելնեն Տիրոջ առջև, ապա նրանց երեխաներին, կանանց ու անասուններին, նախքան ձեր անցնելը, կփոխադրեք քանանացիների երկիրը, և նրանք ևս ձեզ հետ թող ժառանգություն ստանան քանանացիների երկրում»։ 31Ռուբենի որդիներն ու Գադի որդիները պատասխան տվեցին՝ ասելով. «Տերն ինչ որ հրամայի իր ծառաներին, այդ էլ կկատարենք։ 32Սպառազինված կանցնենք քանանացիների երկիրը, և մեզ կալվածքներ կտաք Հորդանանի այս կողմում»։
33Եվ Մովսեսը Գադի որդիներին, Ռուբենի որդիներին, Հովսեփի որդիներից Մանասեի կես ցեղին տվեց ամորհացիների Սեհովն արքայի թագավորությունը, Բասան երկրի Օվգ արքայի թագավորությունը, այդ երկիրը՝ իր սահմաններում գտնվող բոլոր քաղաքներով, ինչպես նաև սահմանամերձ քաղաքներով։
34Գադի որդիները կառուցեցին Դեբովնը, Ատարովթը, Արոյերը, 35Սոփարն ու Հազերը, դրանք շրջապատեցին բարձր պարիսպներով։ 36Կառուցեցին նաև Նամբրանը, Բեթառանը. ամուր քաղաքներ ու հոտերի գոմեր։
37Ռուբենի որդիները կառուցեցին Եսեբոնը, Եղեաղեթը, Կարիեթեմը, 38Բեելմեովնը՝ չորս կողմից պարսպապատ, և Սեբաման։ Կառուցած քաղաքներն անվանեցին իրենց անուններով։
39Մանասեի որդի Մաքիրի հետնորդները գնացին Գաղաադ, գրավեցին այն ու ոչնչացրին այնտեղ բնակվող ամորհացիներին։ 40Մովսեսը Գաղաադը տվեց Մանասեի որդի Մաքիրին, որը բնակվեց այնտեղ։ 41Իսկ Մանասեի որդի Հայիրը գրավեց նրանց ավանները, որոնք կոչեց «Հայիրի ավաններ»։ 42Եվ Նաբավը գնաց գրավեց Կանաաթն ու նրա ավանները, որոնք իր անունով կոչեց Նաբոթ։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 32: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն