ԹՎԵՐ 20
20
Կադեսի դեպքերը։ Ջուր ապառաժից
(Ելք 17.1-7)
1Իսրայելի որդիները ողջ ժողովրդով առաջին ամսին եկան Սինայի անապատ, և ժողովուրդը բանակեց Կադեսում։ Մարիամը վախճանվեց այնտեղ ու այնտեղ էլ թաղվեց։
2Այնտեղ խմելու ջուր չկար ժողովրդի համար, ուստի ելան Մովսեսի և Ահարոնի դեմ։ 3Ժողովուրդը, Մովսեսի դեմ գանգատվելով, ասում էր. «Ավելի լավ կլիներ, եթե մենք էլ մեռնեինք, երբ Տիրոջ առջև կոտորվում էին մեր եղբայրները։ 4Ինչո՞ւ Տիրոջ ժողովրդին բերեցիք այս անապատը, որ կոտորվենք մենք ու մեր անասունները։ 5Ինչո՞ւ հանեցիք մեզ եգիպտացիների երկրից, որ գանք հասնենք այս չար տեղը, որտեղ ո՛չ սերմ կլինի ցանել, ո՛չ թզենի կա, ո՛չ խաղողի այգիներ, ո՛չ նռնենիներ և ո՛չ էլ խմելու ջուր»։ 6Մովսեսն ու Ահարոնը ժողովրդի մոտից գնացին Վկայության խորանի դուռը և երեսնիվայր ընկան գետնին։ Եվ Տիրոջ փառքը երևաց նրանց։
7Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 8«Վերցրո՛ւ գավազանը, դու և քո եղբայր Ահարոնը ժողովրդին հավաքե՛ք, և նրանց ներկայությամբ խոսե՛ք այդ ապառաժի հետ, և նա կտա իր ջուրը։ Այդ ապառաժից ջուր կհանեք և կխմեցնեք ժողովրդին ու նրանց անասուններին»։ 9Մովսեսը վերցրեց Տիրոջ առջև գտնվող գավազանը, ինչպես Տերն էր հրամայել իրեն։ 10Մովսեսն ու Ահարոնը ժողովրդին հավաքեցին ապառաժի դիմաց։ Եվ նրանց ասաց. «Լսե՛ք ինձ, անհավաննե՛ր, հնարավո՞ր է, որ այս ապառաժից ձեզ համար ջուր հանենք»։ 11Եվ Մովսեսը, իր ձեռքը բարձրացնելով, երկու անգամ հարվածեց ապառաժին։ Առատ ջուր բխեց, և ժողովուրդն ու անասունները խմեցին։
12Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնին. «Քանի որ դուք ինձ չհավատացիք, որ ցույց տաք իմ սրբությունն Իսրայելի որդիների առջև, ուստի դուք այդ ժողովրդին չեք առաջնորդի այն երկիրը, որ դրանց եմ տվել»։ 13Այդ աղբյուրը կոչվեց Հակառակության ջուր [𝕸 Մե-Մերիվա], որովհետև Իսրայելի որդիները գանգատվեցին Տիրոջ առջև, որը հայտնեց նրանց իր սրբությունը։
Եդովմի թագավորը արգելում է իսրայելացիներին անցնել
14Մովսեսը Կադեսից պատգամավորներ ուղարկեց Եդովմի արքայի մոտ և ասաց. «Այսպես է ասում քո եղբայր Իսրայելը. “Դու ինքդ տեղյակ ես այն բոլոր նեղություններին, որ կրեցինք մենք, 15թե ինչպես մեր հայրերը գնացին Եգիպտոս, որտեղ պանդուխտ եղանք երկար ժամանակ, թե եգիպտացիներն ինչքան չարչարեցին մեզ ու մեր հայրերին։ 16Մենք բողոք բարձրացրինք Տիրոջ առջև, նա լսեց մեր ձայնը և հրեշտակ ուղարկելով՝ հանեց մեզ Եգիպտոսից։ Եվ հիմա մենք Կադես քաղաքում ենք՝ քո երկրի սահմանների մոտ։ 17Արդ, թույլ տուր անցնենք քո երկրով։ Մենք ո՛չ քո դաշտերով կանցնենք, ո՛չ քո այգիներով, ո՛չ իսկ ջուր կխմենք քո ջրհորներից։ Արքունի ճանապարհներով կգնանք, աջ կամ ձախ չենք շեղվի, մինչև որ դուրս գանք քո սահմաններից”»։ 18Եդովմի արքան նրան ասաց. «Իմ երկրով չեք անցնի, այլապես պատերազմի կելնեմ ձեր դեմ»։ 19Իսրայելի որդիները նրան ասացին. «Թո՛ւյլ տուր լեռան մոտով անցնենք։ Եթե մենք ու մեր հոտերը խմենք քո ջրից, քեզ դրա գինը կտանք։ Մենք շատ բան չենք պահանջում, թող անցնենք լեռան մոտով»։ 20Նա պատասխանեց. «Չեք անցնի իմ երկրով»։ Եվ Եդովմը նրանց դեմ ելավ մեծ ամբոխով ու հզոր ձեռքով։ 21Եդովմը չցանկացավ Իսրայելին ճանապարհ տալ իր սահմանների միջով, ուստի Իսրայելը խուսափեց նրանից։ 22Եվ Իսրայելի որդիները, ողջ ժողովրդով Կադեսից մեկնելով, եկան Հովր լեռը։
Ահարոնի մահը
23Տերը Հովր լեռան վրա՝ եդովմացիների երկրի սահմանի մոտ, խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց. 24«Ահարոնը թող միանա իր ժողովրդին, որովհետև նա չի մտնելու այն երկիրը, որ ես տվել եմ Իսրայելի որդիներին, որովհետև դուք ինձ բարկացրիք Հակառակության ջրի մոտ։ 25Դու վերցրո՛ւ Ահարոնին ու նրա որդի Եղիազարին և ամբողջ ժողովրդի ներկայությամբ բարձրացրո՛ւ Հովր լեռը։ 26Ահարոնի վրայից հանի՛ր նրա պատմուճանը և այն հագցրո՛ւ նրա որդի Եղիազարին, և Ահարոնն այնտեղ թող մեռնի ու միանա իր նախնիներին»։ 27Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերն էր հրամայել իրեն. նա ամբողջ ժողովրդի ներկայությամբ Ահարոնին բարձրացրեց Հովր լեռը, 28նրա վրայից հանեց նրա հագուստները և դրանք հագցրեց նրա որդի Եղիազարին։ 29Ահարոնը մահացավ լեռան գագաթին, իսկ Մովսեսն ու Եղիազարը իջան լեռից։ 30Ամբողջ ժողովուրդը տեսավ, որ վախճանվեց Ահարոնը, և Իսրայելի ողջ տունը երեսուն օր ողբաց Ահարոնին։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 20: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն