ԹՎԵՐ 19
19
Կարմիր երինջի մոխիրը
1Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ։ 2Սա է այն կարգը, որ Տերը պատվիրեց Մովսեսին՝ ասելով. «Իսրայելի որդիներին ասա՛, որ քեզ մոտ բերեն արատ չունեցող մի կարմիր երինջ, որ ոչ մի բիծ չունենա ու լծի տակ մտած չլինի։ 3Այն կհանձնես Եղիազար քահանային։ Թող հանեն դա բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ, և այն զոհեն նրա առջև։ 4Եղիազարը թող առնի նրա արյունից և յոթ անգամ ցանի Վկայության խորանի դիմաց։ 5Երինջը թող այրեն նրա առջև. դրա մորթը, միսն ու արյունը թող այրեն իր աղտեղիքի հետ։ 6Քահանան թող վերցնի եղևնու փայտ, զոպա ու կարմիր թել և նետի երինջի այրվածքի մեջ։ 7Ապա քահանան թող լվանա իր հագուստները, մարմինը լվանա ջրով և հետո միայն մտնի բանակ։ Քահանան մինչև երեկո անմաքուր թող համարվի։ 8Երինջն այրողը նույնպես թող լվանա իր հագուստները, մարմինը լվանա ջրով և անմաքուր համարվի մինչև երեկո։ 9Մի մաքուր մարդ թող հավաքի երինջի մոխիրը և կուտակի բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ։ Մոխիրը պիտի պահվի Իսրայելի ժողովրդի համար. դրանով պիտի պատրաստվի մաքրության ջուրը, քանի որ դա սրբություն է։ 10Երինջի մոխիրը հավաքողը թող լվանա իր մարմինն ու հագուստները և անմաքուր համարվի մինչև երեկո։ Եվ այս հավիտենական օրենք թող լինի թե՛ Իսրայելի որդիների և թե՛ նրանց հարած եկվորների համար»։
Օրենք մաքրման մասին
11«Նա, ով կդիպչի մեռած մարդու, անմաքուր թող համարվի յոթ օր։ 12Նա պետք է մաքրվի երրորդ ու յոթերորդ օրերին, որից հետո մաքուր կհամարվի։ Իսկ եթե երրորդ ու յոթերորդ օրերին չմաքրվի, մաքուր չի համարվի։ 13Ով դիպչի մեռած մարդու ու չմաքրվի, նա պղծած է լինում Տիրոջ խորանը։ Այդ մարդը թող վերանա Իսրայելի միջից։ Քանի որ մեղքերի մաքրման ջուր չցանվեց նրա վրա, նա անմաքուր է, որովհետև նրա պղծությունը մնում է իր մեջ։
14Տան մեջ մեռնող մարդու մասին օրենքն այս է. ով մտնի այդ տունը, և ինչ որ կա այդ տան մեջ, անմաքուր թող համարվի յոթ օր։ 15Բաց, կափարիչով չծածկված կամ բերանը չկապած որևէ աման անմաքուր թող համարվի։ 16Ով դաշտում սպանված կամ մեռած մարդու, կամ մարդու ոսկորի կամ գերեզմանի դիպչի, յոթ օր թող պիղծ համարվի։ 17Անմաքուր համարվածի համար թող առնեն մեղքերի մաքրման համար այրված երինջի մոխրից, դնեն մի ամանի մեջ և վրան ջուր ավելացնեն։ 18Մաքուր մի մարդ թող վերցնի զոպան և այն սուրբ ջրի մեջ թաթախելով՝ ցանի տան, կահկարասու, ամանների, այնտեղ գտնվող մարդկանց վրա, ինչպես նաև մարդու ոսկորին, սպանված կամ մեռած մարդու դիակին կամ գերեզմանին ձեռք տված մարդու վրա։ 19Մաքուր մարդը երրորդ ու յոթերորդ օրերն անմաքուր մարդու վրա ջուր թող ցանի, և նա յոթերորդ օրը մաքուր թող համարվի։ Նա թող լվանա իր հագուստները, իր մարմինը լվանա ջրով և մինչև երեկո անմաքուր համարվի։
20Այն մարդը, որ պղծվել է, բայց չի մաքրվում, թող վերանա իր ժողովրդի միջից, որովհետև նա Տիրոջ սրբարանն է պղծել, սրսկման ջուր չի սրսկվել նրա վրա, անմաքուր է։ 21Դա ձեզ համար հավիտենական օրենք թող լինի։ Սրսկման ջուրը սրսկողը պետք է լվանա իր հագուստները։ Ով մերձենում է սրսկման ջրին, մինչև երեկո անմաքուր թող համարվի։ 22Ինչի էլ որ դիպչի անմաքուրը, մինչև երեկո դա անմաքուր թող համարվի, իսկ ով դիպչի անմաքուր մարդուն, նա էլ մինչև երեկո անմաքուր թող համարվի»։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 19: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն