ԹՎԵՐ 21

21
Իսրայելի հաղթանակը քանանացիների հանդեպ
1Երբ Արադի քանանացի արքան, որը բնակվում էր անապատի մոտ, լսեց, որ Իսրայելի որդիները գալիս են Աթարինի ճանապարհով, պատերազմ մղեց Իսրայելի որդիների դեմ և նրանցից գերիներ վերցրեց։ 2Իսրայելը Տիրոջը ուխտեց՝ ասելով. «Եթե իմ ձեռքը հանձնես այդ ժողովրդին, նրան ու նրա քաղաքները կկործանենք#Իմա՛ քեզ կնվիրենք։ Տիրոջը նվիրված որևէ բան ենթակա չէ օգտագործման, հետևաբար պետք է կործանվեր։»։ 3Տերը լսեց Իսրայելի ձայնը և քանանացուն մատնեց նրանց ձեռքը, և ոչնչացրին նրան ու նրա քաղաքները և այդ տեղի անունը դրեցին Նզովք։
Պղնձե օձը
4Հովր լեռից մեկնելով Կարմիր ծովը տանող ճանապարհով՝ շրջանցեցին Եդովմը։ Սակայն ժողովուրդը հուսահատվեց ճանապարհին 5և սկսեց գանգատվել Աստծուց ու Մովսեսից, և ասացին. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ մեզ այս անապատում կոտորես։ Ո՛չ հաց կա և ո՛չ ջուր։ Մենք զզվել ենք այս խղճուկ սննդից»։ 6Տերը ժողովրդին թունավոր օձեր ուղարկեց, որոնք խայթում էին մարդկանց. Իսրայելի որդիներից շատերը մեռան։ 7Եվ գալով Մովսեսի մոտ՝ ասացին. «Մեղք ենք գործել, որովհետև չարախոսել ենք Տիրոջն ու քեզ։ Արդ, աղոթի՛ր Տիրոջը, որ նա մեր միջից վերացնի այդ օձերը»։ Մովսեսն աղոթեց Տիրոջը ժողովրդի համար։ 8Եվ Տերն ասաց Մովսեսին. «Դու մի օ՛ձ պատրաստիր և այն դի՛ր ձողի վրա։ Երբ օձը մարդ խայթի, և օձից խայթվողը նայի դրան, կփրկվի»։ 9Մովսեսը պղնձե օձ պատրաստեց և այն դրեց ձողի վրա։ Եվ երբ օձը խայթում էր մեկին, նա, նայելով պղնձե օձին, կենդանի էր մնում։
Հովր լեռից դեպի Մովաբի հովիտ
10Իսրայելի որդիները մեկնեցին ու բանակեցին Ովբովթում։ 11Ովբովթից մեկնելով՝ բանակեցին Աքեղգայիում՝ անապատի այն կողմում, որը Մովաբի դիմաց է գտնվում, նրանից արևելք։ 12Այնտեղից էլ ճանապարհ ընկնելով՝ բանակեցին Զարեդ ձորում։ 13Այնտեղից էլ մեկնելով՝ բանակեցին Առնովնից այն կողմ՝ անապատում, ամորհացիների սահմանների ելքի մոտ. որովհետև Առնովնը մովաբացիների սահմանն է՝ մովաբացիների ու ամորհացիների սահմանների միջև։ 14Դրա համար էլ Տիրոջ պատերազմների գրքում գրված է.
«Կրակի մատնեց Զովդն ու Առնովնի ձորը։
15Նա ձորում բնակվողներին տարավ բնակեցնելու Էրում,
որը սահմանակից էր Մովաբին»։
16Եվ այնտեղից հասան Ջրհոր [𝕸 Բեեր]։ Դա այն ջրհորն է, որի մասին Տերն ասաց Մովսեսին. «Հավաքի՛ր ժողովրդին, որ ես նրանց խմելու ջուր տամ»։ 17Այն ժամանակ Իսրայելը ջրհորի մոտ այս օրհներգը երգեց.
«Փառաբանե՜ք այն 18ջրհորը, որ փորեցին իշխանները,
այն տաշեցին ազգերի թագավորներն
իրենց թագավորության և տիրապետության ժամանակ»։
Ապա Ջրհորից գնացին դեպի Մանթանին, 19Մանթանինից՝ Մանայել, Մանայելից՝ Բամովթ, 20Բամովթից մի հովիտ Մովաբում՝ Կոփածո [𝕸 Պիսգա] կոչված լեռան գագաթի մոտ, որ նայում է դեպի անապատ։
Անդրհորդանանի նվաճումը
21Մովսեսն ամորհացիների արքայի մոտ պատգամավորներ ուղարկեց խաղաղության խոսքերով։ Նա ասաց. 22«Թո՛ւյլ տուր անցնենք քո երկրով։ Ճանապարհով կգնանք, չենք շեղվի ո՛չ դաշտերի, ո՛չ էլ այգիների մեջ և ո՛չ էլ քո ջրհորներից ջուր կխմենք։ Արքունի ճանապարհով կգնանք, մինչև որ անցնենք քո սահմաններից»։ 23Սեհովնը Իսրայելի որդիներին թույլ չտվեց անցնել իր սահմաններով։ Սեհովնը հավաքեց իր ողջ ժողովրդին ու Իսրայելի դեմ պատերազմելու ելավ անապատում։ Նա եկավ Սիասար և պատերազմ մղեց Իսրայելի դեմ։ 24Իսրայելը սրով կոտորեց նրան, և տիրեցին նրա երկրին Առնովնից մինչև Հաբոկ, մինչև Ամովնի որդիների երկիրը, որովհետև Հազերը Ամովնի որդիների սահմանն էր։ 25Իսրայելը գրավեց այդ բոլոր քաղաքները և բնակվեց ամորհացիների բոլոր քաղաքներում՝ Եսեբոնում ու նրա բոլոր արվարձաններում, 26որովհետև Եսեբոնը ամորհացիների արքա Սեհովնի քաղաքն էր։ Նա մինչ այդ պատերազմ էր մղել Մովաբի արքայի դեմ ու գրավել նրա ամբողջ երկիրը՝ Արոյերից մինչև Առնովն։ 27Դրա համար բոլոր առակասացներն ասում են.
«Եկե՛ք Եսեբոն,
որպեսզի կառուցվի ու բարեկարգվի Սեհովնի քաղաքը,
28քանզի հուր ելավ Եսեբոնից,
և բոց՝ Սեհովնի քաղաքից,
այրեց մինչև Մովաբ
և լափեց Առնովնի արձանները։
29Վա՜յ քեզ, Մովա՛բ,
կորա՜ր, Քամովսի ժողովուրդ։
Նրանց որդիները փախուստի մատնվեցին,
նրանց դուստրերը գերի ընկան
ամորհացիների թագավորի ձեռքը։
30Նրանց սերունդները կկոտորվեն Եսեբոնից մինչև Դեբովն,
և նրանց կանայք անգամ կրակ գցեցին Մովաբի վրա»։
31Իսրայելը բնակվեց ամորհացիների բոլոր քաղաքներում։ 32Մովսեսը մարդ ուղարկեց, որ հետախուզեն Հազերը։ Եվ գրավեցին այն ու նրա ավանները և դուրս քշեցին այնտեղ բնակվող ամորհացուն։ 33Այնտեղից դուրս եկան ու գնացին Բասան տանող ճանապարհով։ Եվ Բասանի Օվգ թագավորը Եդրայինում նրանց դեմ պատերազմի ելավ իր ողջ ժողովրդով։ 34Եվ Տերն ասաց Մովսեսին. «Մի՛ վախեցիր նրանից, որովհետև քո ձեռքն եմ մատնել նրան, նրա ողջ ժողովրդին ու նրա ողջ երկիրը։ Նրա հետ կվարվես այնպես, ինչպես վարվեցիր Եսեբոնում բնակվող ամորհացիների արքա Սեհովնի հետ»։ 35Եվ հարվածեց նրան ու նրա որդիներին և նրա ողջ ժողովրդին, մինչև որ նրանցից ոչ մի մարդ ողջ չմնաց, և ժառանգեցին նրանց երկիրը։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 21: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք