ԹՎԵՐ 18
18
Քահանաների և ղևտացիների պարտականությունները
1Եվ Տերն ասաց Ահարոնին. «Դու, քո որդիներն ու քո նահապետական տունը պատասխանատու եք սրբությունների նկատմամբ կատարվող մեղսագործությունների համար, ինչպես նաև դու և քո որդիներն եք կրելու ձեր քահանայագործության ժամանակ ձեր կատարած զանցանքների պատասխանատվությունը։ 2Քեզ մո՛տ վերցրու քո եղբայրներին՝ քո նախահայր Ղևիի ցեղի որդիներին, և նրանք թող միանան քեզ ու ծառայեն քեզ։ Վկայության խորանում պիտի սպասավորեք դու և քեզ հետ՝ քո որդիները։ 3Նրանք թող սպասավորեն քեզ և կատարեն Վկայության խորանի հանդեպ իրենց պարտականությունները, բայց իմ սուրբ սպասքին ու զոհասեղանին չպետք է մերձենան, որպեսզի և՛ նրանք, և՛ դուք չմեռնեք։ 4Նրանք պիտի միանան քեզ, որ կատարեն Վկայության խորանի հանդեպ իրենց պարտականություններն ըստ խորանի բոլոր ծառայությունների։ Ոչ մի կողմնակի մարդ քեզ չպիտի մոտենա։ 5Դուք ինքներդ կատարեք սրբությունների ու զոհասեղանի սպասավորությունները, որպեսզի Իսրայելի որդիների վրա այլևս չիջնի Տիրոջ բարկությունը։ 6Ես Իսրայելի որդիների միջից, որպես Տիրոջը տրված ընծա, վերցրի ձեր ղևտացի եղբայրներին, որպեսզի նրանք սպասավորեն Վկայության խորանում, 7իսկ դու և քեզ հետ՝ քո որդիները պահպանե՛ք ձեր քահանայությունը, արե՛ք զոհասեղանին վերաբերող բոլոր գործերը, ինչպես նաև վարագույրի հետևում գտնվողներինը. այս են քահանայական ձեր պարտականությունները, իսկ կողմնակի մարդը, եթե մոտենա, կմեռնի»։
8Տերն ասաց Ահարոնին. «Ահա ես ձեզ հանձնեցի ինձ նվիրաբերված ընծաների պահպանությունը. Իսրայելի որդիների՝ ինձ նվիրած ամեն ինչ իբրև պարգև տալիս եմ քեզ ու քո հետնորդներին, և սա թող հավիտենական օրենք լինի։ 9Ահա սրանք են սուրբ ընծաներից ձեզ պատկանող բաները. նրանց բոլոր զանցանքների, նրանց բոլոր մեղսագործությունների համար ինձ նվիրաբերվող նրանց բոլոր նվերներից, նրանց բոլոր զոհերից քեզ և քո որդիներին բաժին պիտի հասնի։ 10Ամենասուրբ տեղում կուտեք դրանք. ով արու է, կարող է ուտել այն. միայն դու և քո արու զավակները, և քեզ համար դրանք սուրբ պիտի լինեն։
11Ձեզ պիտի պատկանեն նաև Իսրայելի որդիների մատուցած բերքի առաջին պտուղները։ Բոլոր նվերներից տալիս եմ քեզ և քեզ հետ՝ քո տղաներին ու դուստրերին։ Սա թող հավիտենական օրենք լինի։ Քո տան ամեն մաքուր մարդ կարող է ուտել այն։ 12Տիրոջը մատուցված նոր բերքի ընտիր յուղը, նոր գինին և նոր ցորենը քեզ եմ տալիս։ 13Իրենց երկրի հացաբույսերի առաջին բերքը, որ Տիրոջն են մատուցում, թող քեզ պատկանի։ Քո տան ամեն մաքուր մարդ կարող է ուտել այն։
14Իսրայելի որդիներից ինձ նվիրաբերվող ամեն ինչ քեզ թող պատկանի։ 15Ամեն մի մարմնի արգանդ բացող՝ մարդ թե անասուն, որ Տիրոջն են նվիրում, թող քեզ պատկանի։
Մարդկանց անդրանիկները, սակայն, պետք է հետ գնվեն։ Պետք է հետ գնվեն նաև անմաքուր անասունների առաջնածինները։ 16Հետգնումը թող տեղի ունենա ծննդից մեկ ամիս անցնելուց հետո, իսկ դրա գինը, ըստ սրբարանի սիկղի, հինգ սիկղ թող լինի, որը հավասար է քսան դանգի։ 17Բայց արջառների, ոչխարների ու այծերի առաջնածինները հետ չգնես, որովհետև սուրբ են։ Նրանց արյունը կհեղես զոհասեղանի մոտ, իսկ ճարպը կմատուցես կիզման՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար։ 18Ինչպես որ քեզ են պատկանում կուրծքն ու աջ թևը, նույնպես միսը թող քեզ պատկանի։ 19Սրբություններից այն ամենը, ինչ որ Իսրայելի որդիները Տիրոջն են տալիս որպես տուրք, քեզ եմ տալիս, քո զավակներին և քեզ հետ՝ քո տղաներին ու դուստրերին։ Դա հավիտենական օրենք թող լինի, որովհետև դա Տիրոջ առաջ անբեկանելի ուխտ է քեզ համար և քեզնից հետո՝ քո սերնդի համար»։ 20Տերն ասաց Ահարոնին. «Նրանց երկրում ոչ մի ժառանգություն չպիտի ունենաս, և դու նրանց հետ ոչ մի բաժին չպիտի ունենաս, որովհետև ես եմ քո բաժինն ու ժառանգությունը Իսրայելի որդիների մեջ»։
Ղևտացիների բաժինը
21«Ղևիի որդիներին իբրև ժառանգություն տալիս եմ Իսրայելի որդիների բոլոր եկամուտների տասանորդները նրանց այն ծառայության համար, որ նրանք պիտի կատարեն Վկայության խորանում։ 22Իսրայելի որդիներն այլևս չպետք է մերձենան Վկայության խորանին, որպեսզի չմեղանչեն և չմեռնեն։ 23Միայն ղևտացիները թող սպասավորություն անեն Վկայության խորանում և պատասխանատու լինեն նրա համար։ Դա հավիտենական օրենք թող լինի Իսրայելի որդիների մեջ իրենց բոլոր սերունդներում։ Ղևտացիները ժառանգություն չպետք է ժառանգեն. 24Իսրայելի որդիների տասանորդները, որ հատկացնելու են Տիրոջն իբրև տուրք, տվեցի ղևտացիներին՝ որպես ժառանգություն։ Դրա համար էլ ասացի, որ նրանք ժառանգություն չպիտի ունենան Իսրայելի որդիների մեջ»։
Ղևտացիների տասանորդը
25Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 26«Խոսի՛ր ղևտացիների հետ ու ասա՛ նրանց. “Եթե Իսրայելի որդիներից տասանորդ ստանաք, որը ես ձեզ եմ տվել, դուք էլ դրանից պետք է տուրք տաք Տիրոջը՝ տասանորդի մեկ տասներորդը։ 27Ձեր տուրքը պիտի համապատասխանի կալից ընծայված ցորենին և հնձանից ընծայված պտուղին։ 28Ըստ այդմ էլ դուք մաս պիտի հանեք Տիրոջը այդ տուրքից, որ պիտի ստանաք Իսրայելի որդիներից իբրև տասանորդ, և դրանից տուրք պիտի տաք Տիրոջը, Ահարոն քահանային։ 29Ձեր ստացած բոլոր տասանորդներից Տիրոջը մաս պիտի հանեք, այդ թվում՝ նաև առաջին բերքից սրբագործվածից”։ 30Դու ղևտացիներին ասա՛. “Երբ դրանից ընտիրը նվիրաբերեք Տիրոջը, մնացյալը թող պատկանի ղևտացուն՝ կալի արդյունք և հնձանի պտուղ։ 31Դուք և ձեր ընտանիքները դա կարող եք ուտել ամեն տեղ, որովհետև դա ձեր վարձն է Վկայության խորանում ձեր ծառայության դիմաց։ 32Եվ դրա համար դուք մեղք կրած չեք լինի, եթե դրանից տուրք հանած լինեք Տիրոջը։ Իսրայելի որդիների սուրբ ընծաները մի՛ պղծեք, որպեսզի չմեռնեք”»։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 18: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն