ԹՎԵՐ 17

17
Բուրվառները՝ սրբագործված
1Եվ Տերն ասաց Մովսեսին 2ու Ահարոնի որդի Եղիազար քահանային. «Այրվածների միջից վերցրե՛ք պղնձե բուրվառները, բայց նրանց օտար կրակը թափե՛ք հեռու։ 3Այդ բուրվառները սրբագործվեցին մեղավորների անձերի գնով։ Այդ բուրվառները դրվագածո թիթեղների՛ վերածիր և դրանցով ծածկի՛ր զոհասեղանը, որովհետև դրանք մատուցվեցին Տիրոջ առջև և սրբագործվեցին։ Դրանք Իսրայելի որդիների համար նշան թող լինեն»։ 4Ահարոն քահանայի որդի Եղիազարը վերցրեց պղնձե բուրվառները, որոնք մատուցեցին հրո ճարակ դարձած այրերը, դրանցից զոհասեղանի համար թիթեղ պատրաստեց 5որպեսզի Իսրայելի որդիներին հիշեցնի, որ Ահարոնից չսերած որևէ օտար մարդ խունկ դնելու համար չմոտենա Տիրոջը, որպեսզի նրա հետ էլ չպատահի այն, ինչ պատահեց Կորխի ու նրան հարած ամբոխի հետ։ Այդ էր Տերը հայտնել Մովսեսի միջոցով։
Ահարոնը փրկում է ժողովրդին
6Հետևյալ օրն Իսրայելի որդիները տրտնջացին Մովսեսի ու Ահարոնի դեմ՝ ասելով. «Դուք կոտորեցիք Տիրոջ ժողովրդին»։ 7Երբ ժողովուրդը համախմբվեց Մովսեսի ու Ահարոնի դեմ, նրանք դիմեցին դեպի Վկայության խորան։ Ամպն իսկույն ծածկեց խորանը, և երևաց Տիրոջ փառքը։ 8Մովսեսն ու Ահարոնը կանգնեցին Վկայության խորանի առջև։ 9Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ ու ասաց. 10«Հեռացե՛ք այդ ժողովրդի միջից, որ ես միանգամից ոչնչացնեմ նրանց»։ Մովսեսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան գետնին։ 11Մովսեսն ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ բուրվառը, դրա մեջ զոհասեղանի վրայից վերցրած կրա՛կ դիր, դրա վրա խո՛ւնկ լցրու, շտապ տա՛ր բանակատեղի և քավությո՛ւն խնդրիր նրանց մեղքերի համար, որովհետև Տերը զայրացել է և սկսել է կոտորել ժողովրդին»։ 12Ահարոնը վերցրեց բուրվառը, ինչպես իրեն ասել էր Մովսեսը, և գնաց ժողովրդի մոտ։ Մարդկանց կոտորածն արդեն սկսվել էր։ Ահարոնը խնկարկեց և քավություն խնդրեց ժողովրդի գործած մեղքերի համար։ 13Նա կանգնեց սպանված ու կենդանի մարդկանց միջև, և կոտորածը դադարեց։ 14Կոտորվածների թիվը հասավ տասնչորս հազար յոթ հարյուր հոգու՝ չհաշված Կորխի պատճառով մեռածները։ 15Ահարոնը վերադարձավ Մովսեսի մոտ՝ Վկայության խորանի դուռը, և կոտորածը դադարեց։
Ահարոնի ծաղկող գավազանը
16Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 17«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ըստ իրենց նահապետական տների՝ նրանց ցեղերի բոլոր իշխաններից մեկական գավազա՛ն վերցրու, ընդամենը տասներկու գավազան։ Յուրաքանչյուր իշխանի անունը կգրես իր գավազանի վրա։ 18Ահարոնի անունը կգրես իր գավազանի վրա։ Իսրայելի ամեն մի ցեղ մեկ գավազան է տալու ըստ իր նահապետական տան։ 19Դրանք կդնես Վկայության խորանում, որով այնտեղ պիտի երևամ քեզ։ 20Թող ծաղկի այն մարդու գավազանը, որին ես կընտրեմ։ Դրանով կվերացնեմ Իսրայելի որդիների տրտունջը, որ ուղղված է ձեր դեմ»։
21Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ, և նրանց իշխանները նրան տվեցին իրենց գավազանները. յուրաքանչյուր իշխան տվեց մեկ գավազան՝ ըստ իրենց նահապետական տան, ընդամենը տասներկու գավազան։ Դրանց մեջ էր նաև Ահարոնի գավազանը։ 22Մովսեսն այդ գավազանները դրեց Տիրոջ առջև՝ Վկայության խորանում։ 23Հաջորդ օրը Մովսեսն ու Ահարոնը մտան Վկայության խորան և տեսան, որ Ղևիի տան՝ Ահարոնի գավազանը ծաղկել է և ճյուղեր արձակել, ծաղիկ է տվել և ընկույզ բռնել։ 24Մովսեսը գավազաններն առավ Տիրոջ առաջից և ցույց տվեց Իսրայելի բոլոր որդիներին։ Նրանք տեսան այդ և ամեն մեկը վերցրեց իր գավազանը։ 25Տերն ասաց Մովսեսին. «Ահարոնի այդ գավազանը դի՛ր մյուս վկայությունների կողքին ի պահ, որպես նշան անհնազանդ որդիների, որպեսզի դադարի նրանց տրտունջն իմ դեմ, և նրանք չմեռնեն»։ 26Մովսեսն ու Ահարոնն արեցին այնպես, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին. նրանք այդպես էլ արեցին։ 27Եվ Իսրայելի որդիները Մովսեսին ասացին. «Մենք կոտորվում, կորչում, նվազում ենք։ 28Ով մոտենում է Տիրոջ խորանին, մեռնում է։ Մի՞թե մենք իսպառ պիտի ոչնչանանք»։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 17: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք