ԹՎԵՐ 16

16
Կորխի, Դաթանի և Աբիրոնի ապստամբությունը
1Կորխը՝ Ղևիի որդի Կահաթի որդի Իսահառի որդին, Դաթանն ու Աբիրոնը՝ Ռուբենի որդի Եղիաբի որդիները, ինչպես նաև Օնանը՝ Ռուբենի որդի Փաղեթի որդին, իրար հետ պայմանավորվելով՝ 2ըմբոստացան Մովսեսի դեմ։ Նրանց միացան նաև Իսրայելի որդիներից երկու հարյուր հիսուն այրեր՝ ժողովրդի առաջնորդներ, խորհրդականներ ու անվանի մարդիկ։ 3Նրանք միացան Մովսեսի ու Ահարոնի դեմ և ասացին. «Բավակա՛ն է ձեզ, քանի որ ողջ ժողովուրդը և ամեն ոք սուրբ են, և Տերը նրանց մեջ է։ Արդ, ինչո՞ւ եք ձեզ Տիրոջ ժողովրդից բարձր դասում»։ 4Այդ լսելով՝ Մովսեսը երեսնիվայր ընկավ գետնին 5և խոսելով Կորխի ու նրա հետ եղողների հետ՝ ասաց. «Աստված այցի եկավ, ճանաչեց յուրայիններին և սրբերին ու նրանց մերձեցրեց իրեն։ Իսկ նրանց, որոնց չընտրեց, չմերձեցրեց իրեն։ 6Արդ, այսպե՛ս արեք. Կո՛րխ, դու և քեզ հետևողները, վերցրե՛ք ձեր բուրվառները, 7դրանց մեջ կրա՛կ դրեք և խո՛ւնկ լցրեք և վաղը խնկարկե՛ք Տիրոջ առաջ։ Տերը ում որ ընտրի, նա՛ է սուրբը։ Բավակա՛ն է ձեզ, Ղևիի՛ որդիներ»։ 8Մովսեսն ասաց Կորխին. «Լսե՛ք ինձ, Ղևիի՛ որդիներ։ 9Մի՞թե քիչ է ձեզ համար այն, որ Իսրայելի Աստվածը ձեզ առանձնացրեց իր ժողովրդի միջից և ձեզ մերձեցրեց իրեն, որպեսզի սպասավորեք Տիրոջ խորանին և կանգնեք ժողովրդի առջև՝ ծառայելու նրանց։ 10Քեզ և քո բոլոր եղբայրներին՝ Ղևիի որդիներին, մերձեցրեց իրեն, և այժմ ցանկանում եք նաև քահանա՞ դառնալ։ 11Այժմ դու և քո մարդիկ գումարվել եք Աստծու դեմ, քանի որ ո՞վ է Ահարոնը, որ նրա դեմ եք տրտնջում»։ 12Եվ Մովսեսը մարդ ուղարկեց, որ կանչեն Դաթանին ու Աբիրոնին՝ Եղիաբի որդիներին։ Նրանք ասացին. «Չենք գա։ 13Մի՞թե քիչ է այն, որ մեզ հանեցիր այն երկրից, որ կաթ ու մեղր էր բխեցնում, որպեսզի սպանես մեզ այստեղ՝ անապատում։ Իսկ հիմա սաստո՞ւմ ես մեզ, ի՞նչ է, դո՞ւ ես իշխանը։ 14Արդյո՞ք տարար մեզ այն երկիրը, որ կաթ ու մեղր է բխեցնում, և այնտեղ մեզ անդաստաններ ու այգինե՞ր տվեցիր որպես ժառանգություն։ Եթե անգամ մեր աչքերը հանես, քեզ մոտ չենք գա»։ 15Մովսեսը շատ բարկացավ և Տիրոջն ասաց. «Մի՛ նայիր նրանց զոհերին, որովհետև նրանցից ոչ մի լավ բան չեմ տեսել և նրանցից ոչ մեկին վատ բան չեմ արել»։ 16Եվ Մովսեսն ասաց Կորխին. «Մաքրի՛ր քո մարդկանց, և առավոտյան պատրա՛ստ եղեք Տիրոջ առաջ կանգնելու դու և Ահարոնը։ 17Յուրաքանչյուրդ վերցրե՛ք ձեր բուրվառը և խո՛ւնկ դրեք նրանց վրա. յուրաքանչյուրն իր բուրվառը թող մատուցի Տիրոջ առջև՝ երկու հարյուր հիսուն բուրվառ, նաև դու և Ահարոնը՝ յուրաքանչյուրդ ձեր բուրվառով»։ 18Եվ դրանց վրա կրակ դրեցին և խունկ լցրին ու կանգնեցին Վկայության խորանի դռանը, նաև Մովսեսն ու Ահարոնը։ 19Կորխն իր բոլոր մարդկանց հավաքեց նրանց շուրջը՝ Վկայության խորանի դռանը։ Եվ Տիրոջ փառքը երևաց ողջ ժողովրդին։ 20Այն ժամանակ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ ու ասաց. 21«Հեռացե՛ք այդ ժողովրդի միջից, որ ես միանգամից ոչնչացնեմ դրանց»։ 22Մովսեսն ու Ահարոնը, երեսնիվայր ընկնելով, ասացին. «Ո՛վ Աստված, Աստված հոգիների ու բոլոր մարմինների, եթե մի մարդ մեղանչեց, ողջ ժողովրդի՞ վրա պիտի գա Տիրոջ բարկությունը»։ 23Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 24«Խոսի՛ր ժողովրդի հետ և ասա՛. “Հեռացե՛ք Կորխի, Դաթանի ու Աբիրոնի բնակավայրի շրջապատից”»։ 25Մովսեսը վեր կացավ և գնաց Դաթանի ու Աբիրոնի մոտ։ Նրա հետ գնացին նաև Իսրայելի որդիների բոլոր տարեցները։ 26Մովսեսը խոսեց ժողովրդի հետ՝ ասելով. «Հեռացե՛ք այդ խստասիրտ մարդկանց վրաններից, և մի՛ դիպչեք նրանց իրերին, որպեսզի նրանց մեղքի պատճառով դուք էլ չկորչեք»։ 27Նրանք հեռացան Կորխի վրանի շրջակայքից, իսկ Դաթանն ու Աբիրոնը, նրանց կանայք ու երեխաներն իրենց իրերով դուրս եկան ու կանգնեցին իրենց վրանների դռանը։ 28Մովսեսն ասաց. «Սրանով դուք կիմանաք, որ Տերն է ուղարկել ինձ այս բոլոր գործերը կատարելու համար, և ոչ թե ես ինձանից եմ անում դրանք. 29եթե Դաթանն ու Աբիրոնը մեռնեն մարդկային բնական մահով, կամ մյուս մարդկանց բախտին արժանանան, ապա Տերը չէ, որ ուղարկել է ինձ։ 30Իսկ եթե Տերը մի նոր նշան ցույց տա, երկիրն իր բերանը բացելով կլանի նրանց, նրանց տները և նրանց ողջ ունեցվածքը, և ողջ-ողջ դժոխք իջնեն, իմացե՛ք, որ այդ մարդիկ զայրացրին Տիրոջը»։ 31Երբ Մովսեսն ավարտեց իր խոսքը, նրանց ոտքի տակ երկիրը պատռվեց, 32երկիրը բացվեց և կուլ տվեց նրանց ու նրանց տները, Կորխին հարած մարդկանց ու նրանց անասուններին։ 33Նրանք իրենց ունեցվածքով ողջ-ողջ իջան դժոխք, երկիրը ծածկեց նրանց, և նրանք վերացան ժողովրդի միջից։ 34Նրանց շուրջը գտնվող ողջ Իսրայելը փախավ նրանց ձայնից՝ վախենալով, թե երկիրն իրենց էլ կարող է կուլ տալ։ 35Տիրոջից հուր ելավ ու ճարակեց այն երկու հարյուր հիսուն մարդկանց, որոնք խունկ էին մատուցում։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 16: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք