ԹՎԵՐ 13
13
Խոստացված երկրի հետախուզումը
(Բ Օր. 1.19-33)
1Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2«Մարդի՛կ ուղարկիր՝ հետախուզելու քանանացիների երկիրը, որ ես իբրև կալվածք տալու եմ Իսրայելի որդիներին։ Յուրաքանչյուր ցեղից մի մարդ, նրանց նահապետական տների ամենագլխավորներին ուղարկի՛ր»։ 3Եվ Մովսեսը, անսալով Տիրոջ խոսքին, ուղարկեց նրանց Փառանի անապատից։ Նրանք բոլորն էլ Իսրայելի որդիների գլխավորներն էին։ 4Եվ սրանք են նրանց անունները. Ռուբենի ցեղինը՝ Զաքուրի որդի Սալամիելը, 5Շմավոնի ցեղինը՝ Սուրիի որդի Սափատը, 6Հուդայի ցեղինը՝ Հեփոնեի որդի Քաղեբը, 7Իսաքարի ցեղինը՝ Հովսեփի որդի Գաղամը, 8Եփրեմի ցեղինը՝ Նավեի որդի Ավսեն, 9Բենիամինի ցեղինը՝ Ռափուի որդի Փալտին, 10Զաբուղոնի ցեղինը՝ Սուդիի որդի Գուդիելը, 11Հովսեփի ցեղինը՝ Մանասեի որդիներից՝ Սուսիի որդի Գադդին, 12Դանի ցեղինը՝ Գամալիի որդի Ամիելը, 13Ասերի ցեղինը՝ Միքայելի որդի Սաթուրը, 14Նեփթաղիմի ցեղինը՝ Հաբիի որդի Նաբին, 15Գադի ցեղինը՝ Մակքիի որդի Գուդիելը։
16Սրանք են այն մարդկանց անունները, որոնց Տերն ուղարկեց՝ հետախուզելու քանանացիների երկիրը։ Մովսեսը Նավեի որդի Ավսեին վերանվանեց Հեսու։ 17Եվ Մովսեսը Փառանի անապատից նրանց ուղարկեց՝ հետախուզելու քանանացիների երկիրը, և ասաց նրանց. «Գնացե՛ք անապատով և բարձրացե՛ք լեռը, 18քննե՛ք այն երկիրը, թե ինչպիսի՛ն է, և այն ժողովուրդը, որ բնակվում է այնտեղ, հզո՞ր է, թե՞ թույլ, սակավաթի՞վ են, թե՞ բազմամարդ, 19Ինչպիսի՞ն է այն երկիրը, որտեղ նրանք բնակվում են, բարի՞ է, թե՞ չար, և ինչպիսի՞ն են այն քաղաքները, որտեղ նրանք բնակվում են, պարսպապա՞տ են, թե՞ անպարիսպ, 20ինչպիսի՞ն է հողը, պարա՞րտ է, թե՞ լքված, ծառեր կա՞ն այնտեղ, թե՞ ոչ։ Եվ աշխատե՛ք վերցնել այն երկրի պտուղներից»։
Գարնան վերջն էր՝ առաջին խաղողի հասունանալու ժամանակը։ 21Եվ գնացին, հետախուզեցին երկիրը Սինայի անապատից մինչև Րոոբ՝ Եմաթի մուտքը։ 22Գնացին անապատով և հասան մինչև Քեբրոն՝ Ենակի հետնորդներ Աքիմանի, Սեսիի և Թաղամիի երկիրը։ Քեբրոնը յոթ տարի ավելի շուտ էր կառուցվել, քան Եգիպտոսի Տանիս քաղաքը։ 23Հասան մինչև Ողկույզի [𝕸 Էշքոլ] ձորը, հետախուզեցին այն, կտրեցին որթի ուռ և նրանից խաղողի մի ողկույզ, բարձեցին այն լծակներով։ Նաև նուռ ու թուզ վերցրին։ 24Եվ այդ վայրն անվանեցին Ողկույզի ձոր այն ողկույզի պատճառով, որ կտրեցին Իսրայելի որդիները։ 25Քառասուն օր հետո Իսրայելի որդիները վերադարձան այն երկիրը հետախուզելուց։ 26Եկան հասան Մովսեսի, Ահարոնի ու Իսրայելի որդիների ողջ ժողովրդի մոտ, Փառան անապատը, Կադես, և պատմեցին նրանց ու ողջ ժողովրդին և ցույց տվեցին երկրի պտուղները, 27պատմեցին նրանց ու ասացին նրան. «Հասանք այն երկիրը, ուր մեզ ուղարկեցիր, մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում, և ահա նրա պտուղները։ 28Սակայն այնտեղ բնակվող ազգը հզոր է, քաղաքները՝ ամուր, պարսպապատ և շատ մեծ։ Այնտեղ տեսանք Ենակի ազգը։ 29Երկրի հարավային կողմում բնակվում են ամաղեկացիները, լեռնային շրջանում՝ քետացիները, խևացիները, հեբուսացիները և ամորհացիները, իսկ ծովեզերքին ու Հորդանան գետի երկարությամբ՝ քանանացիները»։ 30Իսկ Քաղեբը Մովսեսի առջև լռեցրեց նրանց՝ ասելով. «Այդպես չէ, այլ պետք է ելնենք ու ժառանգենք այն, որովհետև կարո՛ղ ենք նրանց հաղթել»։ 31Իսկ նրա հետ եղողներն ասում էին. «Չպիտի ելնենք, քանի որ չենք կարող այդ ազգի դեմ գնալ, որովհետև մեզանից շատ ավելի հզոր են»։ 32Եվ նրանք վախեցրին Իսրայելի որդիներին այն երկրով, որ հետախուզել էին՝ ասելով. «Այն երկիրը, ուր մենք գնացինք հետախուզելու, իր բնակիչներին լափող երկիր է։ Եվ ողջ ազգը, որ մենք տեսանք այնտեղ, հաղթանդամ մարդիկ են։ 33Այնտեղ տեսանք նաև հսկաների, որոնց համեմատ մենք մորեխների ենք նմանվում»։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 13: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն