ԹՎԵՐ 11
11
Տերը հուր թափեց
1Ժողովուրդն սկսեց չարաչար տրտնջալ Տիրոջ առաջ։ Տերը լսեց, խիստ բարկացավ ու նրանց վրա հուր թափեց, որը ոչնչացրեց բանակատեղիի մի մասը։ 2Ժողովուրդն աղաղակով դիմեց Մովսեսին։ Մովսեսն աղոթեց Տիրոջը, և հուրը հանգավ։ 3Այդ վայրը կոչվեց Հրայրյաց [𝕸 Տավըերա], որովհետև Տերը նրանց վրա հուր թափեց։
4Նրանց մեջ գտնվող օտարների խառնամբոխը սկսեց զանազան պահանջներ ունենալ։ Իսրայելի որդիներն էլ նստած լաց էին լինում և ասում. «Ո՞վ մեզ միս կտա ուտելու։ 5Հիշում ենք այն ձուկը, որ Եգիպտոսում ձրի էինք ուտում, սեխը, վարունգը, պրասը, սոխն ու սխտորը։ 6Իսկ այժմ մենք կորչում ենք, մեր աչքերը մանանայից բացի ուրիշ ոչինչ չեն տեսնում»։ 7Մանանան գինձի սերմի նման սպիտակ էր ու սառույցի տեսք ուներ։ 8Ժողովուրդը շրջում էր ու այն հավաքում, երկանքով աղում կամ սանդի մեջ ծեծում, ապա կաթսայի մեջ եփում և բլիթ էր պատրաստում։ Այն յուղով ու մեղրով պատրաստված խորիզի նման քաղցր էր։ 9Երբ գիշերը բանակատեղիի վրա ցող էր իջնում, մանանան իջնում էր նրա վրա։
Մովսեսն ընտրում է յոթանասուն առաջնորդներ
10Մովսեսը լսեց իրենց վրանների դռանը խումբ-խումբ հավաքվածների լաց ու կոծը։ Տերը խիստ բարկացավ. Մովսեսը նույնպես վրդովվեց 11ու դիմեց Տիրոջը. «Ինչո՞ւ ես ինձ՝ քո ծառային, չարչարում, Տե՜ր, ինչո՞ւ քո առջև շնորհք չգտա, և այս ժողովրդի ողջ բարկությունն իմ վրա թափեցիր։ 12Մի՞թե ես հղիացա այս ողջ ժողովրդին կամ թե ե՞ս ծնեցի նրանց, որ ինձ ասում ես. “Ա՛ռ դրան քո գիրկը, ինչպես դայակն է գրկում ծծկեր երեխային՝ տանելու այն երկիրը, որը դու խոստացար իրենց հայրերին”։ 13Արդ, ինձ որտեղի՞ց միս, որ տամ այս ողջ ժողովրդին, քանի որ նրանք լաց են լինում ինձ մոտ և ասում. “Մեզ մի՛ս տուր, որ ուտենք”։ 14Ես միայնակ չեմ կարող կրել այս ժողովրդին, որովհետև իմ ուժերից վեր է այդ։ 15Եթե այդպես պիտի վարվես ինձ հետ, ավելի լավ է սպանի՛ր ինձ, եթե արժանի եմ շնորհի և ողորմության, որպեսզի չտառապեմ»։ 16Իսկ Տերն ասաց Մովսեսին. «Հավաքի՛ր Իսրայելի ծերերից յոթանասուն այր, որոնք ժողովրդի ավագներն ու ղեկավարներն են։ Նրանց Վկայության խորա՛ն առաջնորդիր և կանգնեցրո՛ւ քո կողքին։ 17Ես կիջնեմ, կխոսեմ քեզ հետ, կվերցնեմ քո ոգուց, որ ես եմ տվել ու կդնեմ նրանց վրա, որպեսզի քեզ հետ միասին կրեն ժողովրդի բեռը, և դու այլևս միայնակ չկրես այն։ 18Իսկ ժողովրդին ասա. “Մաքրվե՛ք մինչև վաղը, քանի որ միս պիտի ուտեք, որովհետև լաց լինելով Տիրոջ առջև՝ ասում էիք. “Ո՞վ մեզ միս կտա ուտելու։ Եգիպտոսում ավելի լավ էր մեզ համար”։ Արդ, Տերը ձեզ ուտելու միս է տալու, և դուք միս կուտեք։ 19Եվ այն ուտելու եք ոչ թե մեկ, երկու կամ հինգ օր, ոչ էլ տասը կամ քսան օր, 20այլ ուտելու եք մեկ ամիս, ամեն օր, մինչև որ ձեր քթից դուրս գա, մինչև որ համն ատելի դառնա ձեզ, որովհետև արհամարհեցիք Տիրոջը, որ միշտ ձեր մեջ է, լաց եղաք նրա առջև և ասացիք. “Ինչո՞ւ ելանք Եգիպտոսից”»։
21Մովսեսն ասաց. «Ժողովուրդն ունի վեց հարյուր հազար հետևակ, որոնց մեջ եմ և ես, և դու ասում ես, թե՝ “Միս տամ նրանց, որ մեկ ամիս ուտեն”։ 22Ինչքան արջառ ու ոչխար էլ մորթվի, նրանց չի բավարարի, և եթե ծովի ողջ ձուկը հավաքվի, նրանց չի բավարարի»։ 23Եվ Տերն ասաց Մովսեսին. «Տիրոջ ձեռքը մի՞թե ուժասպառվել է։ Այժմ կտեսնես՝ իմ ասածը կկատարվի՞, թե՞ ոչ»։ 24Մովսեսը դուրս եկավ ու ժողովրդին հաղորդեց Տիրոջ պատգամը։ Նա ժողովրդի ծերերից ընտրեց յոթանասուն տղամարդ ու նրանց կանգնեցրեց խորանի շուրջը։ 25Տերն իջավ ամպով, խոսեց Մովսեսի հետ, առավ նրա վրայի ոգուց և դրեց յոթանասուն ավագների վրա։ Երբ ոգին հանգչեց նրանց վրա, նրանք մարգարեացան բանակում, բայց չշարունակեցին։ 26Սակայն այդ տղամարդկանցից երկուսը մնացել էին բանակատեղիում. մեկի անունը Ելդադ էր, մյուսինը՝ Մովդադ։ Ոգին նաև նրանց վրա հանգչեց։ Նրանք յոթանասուն գրանցվածների մեջ էին, և թեև խորան չէին եկել, բայց մարգարեացան բանակատեղիում։ 27Մի պատանի, գալով Մովսեսի մոտ, պատմեց այդ մասին ու ասաց. «Ելդադն ու Մովդադը մարգարեացան բանակատեղիում»։ 28Նավեի որդի Հեսուն՝ Մովսեսի ընտրյալ պաշտոնյան, պատասխանեց՝ ասելով. «Տե՛ր Մովսես, արգելի՛ր նրանց»։ 29Մովսեսը նրան ասաց. «Իմ փոխարեն դո՞ւ ես նեղվում։ Երանի՜ Տերն իր ոգին տար ողջ ժողովրդին, և նրանք բոլորը դառնային Տիրոջ մարգարեները»։ 30Դրանից հետո Մովսեսն ու Իսրայելի ծերերը վերադարձան բանակատեղի։
Տերը լորամարգիներ է ուղարկում
31Տերը քամի բարձրացրեց և ծովի կողմից լորամարգիներ բերեց-թափեց բանակատեղիի շուրջբոլորը մեկ օրվա ճանապարհի երկարությամբ ու գետնից երկու կանգուն բարձրությամբ։ 32Եվ ժողովուրդը ելնելով ողջ ցերեկն ու ողջ գիշերը, նաև հաջորդ ամբողջ օրը մինչև երեկո լորամարգի էր հավաքում։ Ամենաքիչ հավաքողը տասը քոռ հավաքեց։ Մորթեցին, ապխտեցին ու փռեցին բանակատեղիի շուրջը։ 33Դեռ միսը նրանց ատամի տակ էր ու դեռ չէին դադարել ուտելուց, Տերը զայրացավ ժողովրդի վրա ու մեծամեծ հարվածներ հասցրեց նրանց։ 34Այդ վայրը կոչվեց Ցանկության գերեզմաններ [𝕸 Կիվռոտ-Հատտաավա], որովհետև այնտեղ թաղվեցին ոչ ժուժկալ ժողովրդից շատերը։
35Ցանկության գերեզմաններից ժողովուրդը ճանապարհ ընկավ դեպի Ասերովթ։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 11: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն