ԹՎԵՐ 10

10
Իսրայելացիների մեկնումը
1Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2«Երկու կռածո փո՛ղ պատրաստիր, արծաթի՛ց պատրաստիր դրանք։ Դրանք թող ծառայեն քեզ ժողովրդին հավաքելու և բանակների մեկնելն ազդարարելու համար։ 3Երբ նրանցով փողահարեն, ողջ ժողովուրդը թող հավաքվի Վկայության խորանի դուռը։ 4Իսկ եթե մեկ փող հնչեցնեն, թող քեզ ներկայանան բոլոր իշխանները՝ Իսրայելի հրամանատարները։ 5Երբ մեկնելու ազդարարությամբ փող հնչեցնեք, թող ճանապարհ ընկնեն արևելյան մասում բանակած գնդերը։ 6Երբ մեկնելու երկրորդ ազդարարությունը հնչեցնեք, ճանապարհ թող ընկնեն հարավային մասում բանակած գնդերը։ Երբ մեկնելու երրորդ ազդարարությունը հնչեցնեք, ճանապարհ թող ընկնեն արևմտյան մասում բանակած գնդերը։ Եվ երբ հնչի մեկնելու չորրորդ ազդարարությունը, ճանապարհ թող ընկնեն հյուսիսային մասում բանակած գնդերը։ Մեկնելու ազդարարության փող թող փչեն ճանապարհ ընկնելիս։ 7Երբ ժողովրդին հավաքելու լինեք, փո՛ղ հնչեցրեք, բայց ոչ մեկնելու ազդարարության։ 8Փողահարությունը Ահարոնի որդիները՝ քահանաները, պետք է անեն։ Ձեր սերունդների մեջ հավիտենական օրենք թող լինի ձեզ համար։ 9Եթե ձեր երկրում պատերազմի ելնեք ձեր հակառակորդների դեմ, փո՛ղ հնչեցրեք և կհիշվեք Տիրոջ առջև ու կփրկվեք ձեր թշնամիներից։ 10Փո՛ղ հնչեցրեք ձեր ուրախության օրերին, ամսվա առաջին օրերին, ինչպես նաև ողջակեզներ և փրկության զոհեր մատուցելիս, և կհիշվեք Տիրոջ առջև։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։
11Երկրորդ տարվա երկրորդ ամսի քսանին ամպը վերացավ Վկայության խորանի վրայից։ 12Իսրայելի որդիներն իրենց ամբողջ ունացվածքով մեկնեցին Սինայի անապատից։ Ամպը կանգ առավ Փառանի անապատում։ 13Իսրայելի որդիները մեկնեցին ըստ Մովսեսի միջոցով Տիրոջ տված հրամանի։ 14Նախ ճանապարհ ընկան Հուդայի բանակի գնդերն իրենց զորքերով։ Հուդայի ցեղի զորքի առաջնորդը Ամինադաբի որդի Նաասովնն էր։ 15Իսաքարի ցեղի զորքի առաջնորդը Սովգարի որդի Նաթանայելն էր։ 16Զաբուղոնի ցեղի զորքի առաջնորդը Քելոնի որդի Եղիաբն էր։ 17Գեթսոնի ու Մերարիի որդիները խորանը իջեցնում էին, բարձում ու մեկնում։ 18Ապա շարժվեցին Ռուբենի բանակի գնդերն իրենց զորքերով։ Սրանց զորքի առաջնորդը Սեդիուրի որդի Եղիսուրն էր։ 19Շմավոնի ցեղի զորքի առաջնորդը Սուրիսադայի որդի Սաղամիելն էր։ 20Գադի ցեղի զորքի առաջնորդը Ռագուելի որդի Եղիսափանն էր։ 21Ապա շարժվեցին Կահաթի որդիները, որոնք պետք է փոխադրեին սրբությունները, և մինչև նրանց հասնելը մյուսները պետք է կանգնեցնեին խորանը։ 22Ապա շարժվեցին Եփրեմի բանակի գնդերն իրենց զորքերով։ Եփրեմի ցեղի զորքի առաջնորդը Եմիուդի որդի Եղիսաման էր։ 23Մանասեի ցեղի զորքի առաջնորդը Փադասուրի որդի Գամաղիելն էր։ 24Բենիամինի ցեղի զորքի առաջնորդը Գեդեոնի որդի Աբիդանն էր։ 25Վերջում ճանապարհ ընկան Դանի բանակի գնդերն իրենց զորքերով։ Դանի ցեղի զորքի առաջնորդը Ամիսադայի որդի Աքիեզերն էր։ 26Ասերի ցեղի զորքի առաջնորդը Եքրանի որդի Փագեելն էր։ 27Նեփթաղիմի ցեղի զորքի առաջնորդը Ենանի որդի Աքիրեն էր։ 28Սրանք են Իսրայելի որդիների զորքերը, որոնք մեկնեցին իրենց զորքերով։
29Մովսեսն իր աներոջ՝ մադիանացի Ռագուելի որդուն՝ Հովբաբին ասաց. «Ահա մենք շարժվում ենք դեպի այն երկիրը, որ Աստված խոստացավ տալ մեզ։ Արի՛ մեզ հետ, և քեզ բարիք կանենք, որովհետև Տերը Իսրայելին բարիքներ է խոստացել»։ 30Նա պատասխանեց. «Ես չեմ գա, այլ կգնամ իմ երկիրն ու իմ ազգականների մոտ»։ 31Մովսեսն ասաց նրան. «Մի՛ լքիր մեզ, մեզ հետ էիր անապատում, առաջնորդի՛ր մեզ անապատում։ 32Եթե մեզ հետ գաս, Տերն ինչ բարիք որ մեզ անի, նույնը կանենք քեզ»։
33Երբ մեկնեցին Տիրոջ լեռից, երեք օրվա ճանապարհ անցան։ Այդ երեք օրերի ընթացքում Տիրոջ Ուխտի տապանակը գնում էր առջևից՝ նրանց համար հանգստանալու տեղ գտնելու նպատակով։ 34Տապանակը ճանապարհ ընկնելիս Մովսեսն ասում էր. «Վե՛ր կաց, Տե՜ր, և թող ցանուցիր լինեն քո թշնամիները, թող փախուստի դիմեն բոլոր քեզ ատողները»։ 35Իսկ երբ տապանակը դադար էր առնում, ասում էր. «Դարձի՛ր, Տե՜ր, դեպի Իսրայելի հազարավոր ու բյուրավոր որդիները»։ 36Երբ բանակատեղիից մեկնում էին, ամպը ցերեկը հովանի էր լինում նրանց վրա։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 10: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք