ՄԱՏԹԵՈՍ 5

5
Լեռան քարոզը
1Հիսուսը, տեսնելով ժողովրդի բազմությունը, բարձրացավ լեռը։ Երբ նստեց այնտեղ, նրան մոտեցան իր աշակերտները։ 2Եվ բացելով բերանը՝ սկսեց ուսուցանել նրանց ու ասել.
Երանիներ
(Ղուկ. 6.20-23)
3Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։
4Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն։
5Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը կժառանգեն։
6Երանի՜ արդարության քաղցն ու ծարավն ունեցողներին, որովհետև նրանք կհագենան։
7Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։
8Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։
9Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդի կկոչվեն։
10Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։
11Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և ստելով ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն իմ պատճառով։ 12Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձը երկնքում։ Հիրավի, այդպես հալածեցին ձեզնից առաջ ապրած մարգարեներին։
Երկրի աղը և աշխարհի լույսը
(Մրկ. 9.49-50, Ղուկ. 14.34-35)
13«Դո՛ւք եք երկրի աղը։ Եթե աղն անհամանա, ինչո՞վ կաղվի։ Այլևս ոչ մի բանի վրա չի ազդի, այլ դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի։ 14Դո՛ւք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։ 15Ճրագը չեն վառում և դնում ամանի տակ, այլ աշտանակի վրա, և այն լույս է տալիս բոլոր նրանց, ովքեր տանն են։ 16Այդպես էլ թող ձեր լույսը փայլի մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»։
Օրենքի ճշմարիտ ուսուցումը
17«Մի՛ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա, չեկա ջնջելու, այլ լրացնելու։ 18Ճշմարիտ եմ ասում ձեզ, մինչև երկինքն ու երկիրն անցնեն, Օրենքից ու մարգարեներից մի հովտ անգամ, որ մի փոքրիկ գրանշան է, չի անցնի, մինչև որ ամեն ինչ չիրականանա։ 19Ով այս պատվիրաններից՝ փոքրերից անգամ մեկը զանց առնի և մարդկանց այդպես ուսուցանի, երկնքի արքայության մեջ փոքր կկոչվի։ Իսկ ով գործադրի և ուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ կկոչվի։ 20Բայց ասում եմ ձեզ, որ եթե ձեր արդարությունը չգերազանցի դպիրների ու փարիսեցիների արդարությանը, երկնքի արքայություն չեք մտնի։
21Լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին. «Մի՛ սպանիր» (Ելք 20.13, Բ Օր. 5.18), որովհետև ով սպանի, դատաստանի կենթարկվի։ 22Բայց ես ձեզ ասում եմ. ով անտեղի բարկանա իր եղբոր վրա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորն ասի՝ հիմա՛ր, ենթակա կլինի ատյանի, և ով իր եղբորն ասի՝ անմի՛տ, կդատապարտվի գեհենի կրակին։ 23Եթե զոհասեղանին քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե եղբայրդ քո դեմ ոխ ունի, 24թո՛ղ քո ընծան, գնա՛, նախ հաշտվի՛ր եղբորդ հետ և ապա ե՛կ, քո ընծան մատուցի՛ր։ 25Եթե մեկը քեզ հետ խնդիր ունենա և քեզ դատի կանչի, նախապես հաշտությա՛ն եկ նրա հետ, մինչ նրա հետ ճանապարհին ես. գուցե նա քեզ դատավորին հանձնի, դատավորն էլ՝ դահճին, և դու բանտ նետվես։ 26Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչև չվճարես վերջին լուման։
27Լսել եք, թե ի՛նչ ասվեց. «Մի՛ շնանա» (Ելք 20.14, Բ Օր. 5.17)։ 28Բայց ես ձեզ ասում եմ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում շնացած կլինի նրա հետ։ 29Եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից, որովհետև քեզ համար ավելի լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ ընկնի գեհեն։ 30Եթե քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից, որովհետև քեզ համար ավելի լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ ընկնի գեհեն։ 31Արդարև ասվել է. «Ով արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթ տա» (Բ Օր. 24.1-4, Մտթ. 19.7)։ 32Բայց ես ձեզ ասում եմ. ով իր կնոջն արձակում է առանց պոռնկության պատճառի, ինքն է պատճառ դառնում, որ նա շնանա։ Եվ ով արձակված կնոջ հետ ամուսնանա, շնություն արած կլինի։
33Լսել եք դարձյալ, թե ի՛նչ ասվեց նախնիներին. «Սուտ մի՛ երդվիր, այլ կատարի՛ր այն, ինչ երդվել ես Տիրոջը» (Ղևտ. 19.12)։ 34Բայց ես ձեզ ասում եմ. ընդհանրապես մի՛ երդվիր, ո՛չ երկնքի վրա, որովհետև Աստծու գահն է, 35ո՛չ երկրի վրա, որովհետև Նրա ոտքի պատվանդանն է, ո՛չ Երուսաղեմի վրա, որովհետև մեծ Արքայի քաղաքն է։ 36Ոչ էլ քո գլխով երդվիր, որովհետև չես կարող մի մազ անգամ սպիտակ կամ սև դարձնել։ 37Ձեր խոսքը պարզապես թող լինի՝ այոն՝ այո՛, և ոչը՝ ո՛չ, որովհետև դրանից ավելին չարից է։
Սեր թշնամիների հանդեպ
(Ղուկ. 6.27-36)
38Լսել եք, թե ի՛նչ ասվեց. «Աչքի դիմաց՝ աչք և ատամի դիմաց՝ ատամ» (Ելք 21.24, Ղևտ. 24.20, Բ Օր. 19.21)։ 39Բայց ես ձեզ ասում եմ. չարին հակառակ մի՛ կանգնիր։ Եթե մեկը քո ծնոտի աջ կողմին ապտակ տա, նրան մյուս կո՛ղմն էլ դարձրու։ 40Եթե մեկն ուզենա քեզ դատի կանչել և քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող։ 41Եթե մեկը քեզ հարկադրի իր հետ մեկ մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ մղոն էլ գնա։ 42Ով քեզնից խնդրում է, տո՛ւր, և ով քեզնից ուզում է փոխ առնել, երես մի՛ դարձրու։
43Լսել եք արդարև, թե ի՛նչ ասվեց. «Պիտի սիրես քո ընկերոջը (Ղևտ. 19.18, Մտթ. 22.39) և պիտի ատես քո թշնամուն»։ 44Բայց ես ձեզ ասում եմ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ, 45որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է, որովհետև Նա իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է բերում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա։ 46Այնպես որ, եթե սիրեք միայն նրանց, ովքեր ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ կլինի. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ 47Եվ եթե ողջույն տաք միայն ձեզ բարիք կամեցողներին, ի՞նչ ավել բան արած կլինեք. չէ՞ որ մաքսավորներն ու մեղավորներն էլ նույնն են անում։ 48Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»։

Արդեն Ընտրված.

ՄԱՏԹԵՈՍ 5: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք