ՄԱՏԹԵՈՍ 4
4
Հիսուսի փորձությունն անապատում
(Մրկ. 1.12-13, Ղուկ. 4.1-13)
1Դրանից հետո Հիսուսը Հոգու կողմից անապատ տարվեց՝ սատանայից փորձվելու։ 2Նա քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո քաղցեց։ 3Այդ ժամանակ փորձիչը, մոտենալով նրան, ասաց. «Եթե Աստծու որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան»։ 4Նա պատասխանեց և ասաց. «Գրված է.
“Ոչ միայն հացով է ապրում մարդ,
այլև այն ամեն խոսքով,
որ ելնում է Աստծու բերանից” (Բ Օր. 8.3)»։
5Ապա սատանան նրան առավ տարավ սուրբ քաղաքը, կանգնեցրեց տաճարի ամենաբարձր տեղը 6և ասաց նրան. «Եթե Աստծու որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ նետիր, որովհետև գրված է.
“Իր հրեշտակներին պատվիրել է քեզ համար,
և նրանք իրենց ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ,
որպեսզի ոտքդ երբեք քարին չխփես” (Սաղ. 90(91).11ա, 12)»։
7Հիսուսը նրան դարձյալ ասաց. «Գրված է. “Չփորձե՛ս Տիրոջը՝ քո Աստծուն” (Բ Օր. 6.16)»։
8Սատանան Հիսուսին կրկին առավ տարավ մի շատ բարձր լեռ, նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը 9և ասաց նրան. «Այս ամենը քեզ կտամ, եթե առջևս ընկնելով՝ երկրպագես ինձ»։
10Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև գրված է.
“Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես
և միայն Նրան կպաշտես” (Բ Օր. 6.13)»։
11Ապա սատանան նրան թողեց, և ահա հրեշտակներ մոտեցան ու ծառայում էին նրան։
Քարոզչություն Գալիլեայում
(Մրկ. 1.14-15, Ղուկ. 4.14-15)
12Երբ Հիսուսը լսեց, որ Հովհաննեսը մատնվել է, հեռացավ գնաց Գալիլեա։ 13Թողնելով Նազարեթը՝ եկավ բնակվեց լճի եզերքին գտնվող Կափառնաումում, Զաբուղոնի ու Նեփթաղիմի սահմաններում, 14որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը.
15 «Զաբուղոնի երկիր և Նեփթաղիմի երկիր,
ծովի ճանապարհ և Հորդանանի այն կողմը,
հեթանոսներով բնակեցված Գալիլեա։
16 Այն ժողովուրդը, որ խավարի մեջ էր նստում,
մեծ լույս տեսավ,
և լույս ծագեց նրանց համար,
որ ապրում էին ստվերով պարուրված մահվան աշխարհում» (Ես. 8.23բ–9.1)։
17Այնուհետև Հիսուսն սկսեց քարոզել և ասել. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։
Ձկնորսներից՝ առաքյալներ
(Մրկ. 1.16-20, Ղուկ. 5.1-11)
18Մինչ Հիսուսը շրջում էր Գալիլեայի լճի եզերքով, տեսավ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս կոչվեց, և նրա եղբայր Անդրեասին, որոնք ուռկան էին գցում լճի մեջ, որովհետև ձկնորս էին։ 19Հիսուսը նրանց ասաց. «Եկե՛ք իմ հետևից, և ես ձեզ մարդկանց ձկնորսներ կդարձնեմ»։ 20Նրանք, իսկույն թողնելով գործիքները, գնացին նրա հետևից։ 21Այդտեղից առաջ գնալով՝ Հիսուսը տեսավ երկու ուրիշ եղբայրների՝ Զեբեդեոսի որդի Հակոբոսին և նրա եղբորը՝ Հովհաննեսին, որոնք Զեբեդեոսի հետ նավակի մեջ էին և իրենց ուռկաններն էին կարգի բերում։ Հիսուսը նրանց էլ կանչեց։ 22Նրանք, իսկույն թողնելով նավակն ու իրենց հորը, գնացին նրա հետևից։
Բազմություններ Հիսուսի հետևից
(Ղուկ. 6.17-19)
23Հիսուսը շրջում էր Գալիլեայի բոլոր կողմերում, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայության Ավետարանը և բժշկում ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու ցավերը։ 24Նրա համբավը տարածվեց ողջ Ասորիքով մեկ, և նրա մոտ բերեցին զանազան ցավերով ու տանջանքներով տառապող ամեն մի հիվանդի, դիվահարի, լուսնոտի, անդամալույծի, և Հիսուսը բժշկեց նրանց։ 25Նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն էր գնում, որ եկել էր Գալիլեայից, Դեկապոլիից, Երուսաղեմից, Հրեաստանից և Հորդանանի մյուս կողմից։
Արդեն Ընտրված.
ՄԱՏԹԵՈՍ 4: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն