ՄԱՏԹԵՈՍ 3
3
Հովհաննես Մկրտչի քարոզչությունը
(Մրկ. 1.1-8, Ղուկ. 3.1-9, 15-17, Հովհ. 1.19-28)
1Երբ ժամանակը հասավ, Հրեաստանի անապատում երևաց Հովհաննես Մկրտիչը։ Քարոզում էր 2և ասում. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։ 3Հիրավի սա՛ է նա, որի մասին խոսվել է Եսայի մարգարեի միջոցով, որ ասում է.
«Մի ձայն է գոչում անապատում.
“Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը
և ուղի՛ղ դարձրեք նրա շավիղները”» (Ես. 40.3)։
4Հովհաննեսը հագնում էր ուղտի բրդից հագուստ և կաշվե գոտի՝ իր մեջքին։ Նրա կերակուրը մորեխ էր և վայրի մեղր։ 5Այդ ժամանակ նրա մոտ էր գնում ողջ ժողովուրդը՝ Երուսաղեմից, ողջ Հուդայից ու Հորդանանի բոլոր շրջաններից, 6նրա կողմից մկրտվում էին Հորդանան գետում իրենց մեղքերը խոստովանելուց հետո։
7Տեսնելով, որ շատ սադուկեցիներ ու փարիսեցիներ եկել են մկրտությանը, Հովհաննեսը նրանց ասաց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ ասաց, թե այսպիսով կարող եք փախչել Տիրոջ գալիք բարկությունից։ 8Այսուհետև ապաշխարության արժանի ապացո՛ւյց տվեք 9և մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. «Մենք իբրև հայր ունենք Աբրահամին»։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։ 10Որովհետև կացինն ահա ծառերի արմատի մոտ է դրված։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կկտրվի և կրակը կգցվի։ 11Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության մկրտությամբ, բայց նա, ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ նրա կոշիկներն անգամ տանելու։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով։ 12Նրա քամհարն իր ձեռքում է. կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանների մեջ, իսկ հարդը կայրի անշեջ կրակով»։
Հիսուսի մկրտությունը
(Մրկ. 1.9-11, Ղուկ. 3.21-22)
13Այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան, Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու։ 14Բայց Հովհաննեսը կանխեց նրան և ասաց. «Ես պետք է քեզնից մկրտվեմ, և դո՞ւ ես ինձ մոտ գալիս»։ 15Հիսուսը պատասխանեց նրան՝ ասելով. «Թո՛ւյլ տուր այժմ, որովհետև Աստծու ծրագիրն այս է, որ մենք կատարենք ամբողջ արդարությունը»։ Այն ժամանակ Հովհաննեսը թույլ տվեց նրան մկրտվել։ 16Հիսուսը մկրտվելուց հետո իսկույն դուրս ելավ ջրից։ Եվ ահա երկինքը բացվեց նրան, և տեսավ Աստծու Հոգին, որ իջնում էր ինչպես աղավնի և գալիս էր իր վրա։ 17Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։
Արդեն Ընտրված.
ՄԱՏԹԵՈՍ 3: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն