ՄԱՏԹԵՈՍ 21
21
Հիսուսի մուտքը Երուսաղեմ
(Մրկ. 11.1-11, Ղուկ. 19.28-40, Հովհ. 12.12-19)
1Երբ մոտեցան Երուսաղեմին և եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց 2և նրանց ասաց. «Գնացե՛ք այդ գյուղը, որ ձեր դիմացն է, և այնտեղ անմիջապես կգտնեք կապված մի էշ, քուռակն էլ հետը. արձակե՛ք, բերե՛ք ինձ։ 3Եթե որևէ մեկը ձեզ ինչ-որ բան ասի, կասեք. “Դրանք պետք են Տիրոջը”, և նա իսկույն կուղարկի դրանք»։ 4Բայց այս ամենը պատահեց, որպեսզի իրականանար մարգարեի խոսքը, որ ասում է.
5 «Ասե՛ք Սիոնի դստերը.
“Ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը՝
հեզ և նստած էշի ու էշի քուռակի վրա”» (Զաք. 9.9)։
6Աշակերտները գնացին և արեցին այնպես, ինչպես Հիսուսն էր կարգադրել իրենց։ 7Բերեցին էշն ու քուռակը, նրանց վրա գցեցին իրենց հագուստները։ Ապա Հիսուսը նստեց դրանց վրա։ 8Ժողովրդի միջից շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհի վրա, ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում և փռում ճանապարհին։ 9Առջևից ու հետևից գնացող բազմությունը աղաղակում էր և ասում.
«Օրհնությո՜ւն Դավթի Որդուն (եբր. Սաղ. 118.25),
օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով (Սաղ. 117(118).26),
օրհնությո՜ւն Բարձրյալին»։
10Երբ Հիսուսը մտավ Երուսաղեմ, ողջ քաղաքը դղրդաց։ Ասում էին. «Ո՞վ է սա»։ 11Ժողովրդի բազմությունն ասում էր. «Սա Հիսուս մարգարեն է, Գալիլեայի Նազարեթ քաղաքից»։
Տաճարում առևտուր անողների վտարումը
(Մրկ. 11.15-17, Ղուկ. 19.45-48, Հովհ. 2.13-22)
12Հիսուսը տաճար մտավ և վռնդեց բոլոր նրանց, ովքեր տաճարում վաճառում ու գնումներ էին անում, շուռ տվեց լումայափոխների սեղաններն ու աղավնեվաճառների աթոռները։ 13Նրանց ասաց. «Գրված է. “Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի” (Ես. 56.7բ), այնինչ դուք այն ավազակների որջերի եք վերածել»։
Հիսուսը տաճարում
(Ղուկ. 19.47-48)
14Տաճարում կույրեր ու կաղեր մոտեցան Հիսուսին, և բժշկեց նրանց։ 15Երբ քահանայապետներն ու դպիրները տեսան Հիսուսի կատարած հրաշքները և մանուկներին, որ տաճարում աղաղակում էին և ասում. «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն», բարկացան 16և ասացին նրան. «Լսո՞ւմ ես, թե ի՛նչ են ասում դրանք»։ Հիսուսն ասաց նրանց. «Այո՛, դուք չե՞ք կարդացել, թե՝
“Երեխաների ու ծծկերների բերանով
օրհնությունը կատարեցիր” (Սաղ. 8.3)»։
17Եվ նրանց թողնելով՝ քաղաքից դուրս ելավ՝ դեպի Բեթանիա, և այնտեղ գիշերեց։
Անիծված թզենին
(Մրկ. 11.12-14, 20-24)
18Առավոտյան, երբ Հիսուսը քաղաք էր վերադառնում, քաղց զգաց։ 19Ճանապարհի վրա մի թզենի տեսնելով՝ մոտեցավ և վրան տերևից բացի ոչինչ չգտավ։ Եվ թզենուն ասաց. «Այսուհետև քեզնից հավիտյան թող պտուղ չլինի»։ Նույն պահին թզենին չորացավ։ 20Երբ աշակերտները տեսան, զարմացան և ասացին. «Թզենին ինչպե՞ս իսկույն չորացավ»։ 21Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կարող եք անել այդ թզենուն պատահածը, այլև թեկուզ այդ լեռանն ասեք՝ “Ելի՛ր ու ծո՛վն ընկիր”, կկատարվի։ 22Այն ամենը, ինչ աղոթքի մեջ հավատով խնդրեք, կստանաք»։
Հարց Հիսուսին՝ իր իշխանության մասին
(Մրկ. 11.27-33, Ղուկ. 20.1-8)
23Հիսուսը տաճար եկավ և մինչ ուսուցանում էր, նրան մոտեցան քահանայապետներն ու ժողովրդի ծերերը և հարցրին. «Ի՞նչ իշխանությամբ ես անում այդ բաները, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»։ 24Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ մի բան հարցնեմ. եթե ինձ ասեք, ես էլ ձեզ կասեմ, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում այս բաները։ 25Հովհաննեսի մկրտությունը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թե՞ մարդկանցից»։ Նրանք սկսեցին իրար մեջ խորհել և ասել. «Եթե ասենք՝ “Երկնքից”, մեզ կասի՝ “Ապա ինչո՞ւ չհավատացիք նրան”, 26իսկ եթե ասենք՝ “Մարդկանցից”, ժողովրդից ենք վախենում, որովհետև բոլորն էլ Հովհաննեսին մարգարե են համարում»։ 27Պատասխան տվեցին Հիսուսին և ասացին. «Չգիտենք»։ Հիսուսն էլ նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում այս բաները»։
Առակ երկու որդիների մասին
28«Բայց ձեզ ինչպե՞ս է թվում։ Մի մարդ երկու որդի ուներ։ Մոտեցավ առաջինին և ասաց. “Որդյա՛կ, այսօր գնա՛, աշխատի՛ր այգում”։ 29Նա պատասխանեց և ասաց. “Գնում եմ, տե՛ր”, բայց չգնաց։ 30Մոտեցավ նաև մյուսին և նույն բանն ասաց։ Նա պատասխանեց և ասաց. “Չեմ ցանկանում”։ Բայց հետո զղջաց և այգի գնաց։ 31Արդ, երկուսից ո՞վ կատարեց հոր կամքը»։ Նրանք ասացին. «Վերջինը»։ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզնից առաջ կհասնեն երկնքի արքայություն, 32որովհետև Հովհաննեսը եկավ արդարության ճանապարհով, և նրան չհավատացիք, իսկ մաքսավորներն ու պոռնիկները հավատացին նրան։ Դուք դա տեսաք, բայց հետո էլ չզղջացիք և նրան չհավատացիք»։
Չար մշակների առակը
(Մրկ. 12.1-11, Ղուկ. 20.9-19)
33«Ուրի՛շ առակ լսեք։ Մի տանուտեր կար, որ այգի տնկեց, այն ցանկապատեց, նրա մեջ հնձան փորեց և աշտարակ շինեց, ապա այն տվեց մշակներին և գնաց օտար երկիր։ 34Երբ պտղի ժամանակը մոտեցավ, մշակների մոտ ուղարկեց իր ծառաներին, որպեսզի վերցնեն նրա բերքից։ 35Մշակներն էլ բռնեցին նրա ծառաներին. մեկին տանջեցին, մեկին սպանեցին, մեկին էլ քարկոծեցին։ 36Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց, թվով ավելի, քան նախկինները։ Սրանց էլ նույն բանն արեցին։ 37Վերջապես նրանց մոտ ուղարկեց իր որդուն և ասաց. «Թերևս իմ այս որդուց ամաչեն»։ 38Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրար մեջ ասացին. «Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան և սրա ժառանգությանը տիրանանք»։ 39Եվ նրան բռնեցին, այգուց դուրս հանեցին և սպանեցին։ 40Արդ, երբ այգու տերը գա, այդ մշակներին ի՞նչ կանի»։ 41Ասացին նրան. «Չարերին դաժանորեն կսպանի և այգին կտա ուրիշ մշակների, որոնք բերքը նրան կտան իր ժամանակին»։ 42Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե Սուրբ Գրքում երբևիցե չեք կարդացել.
“Այն քարը, որ շինարարները մերժեցին,
նա՛ անկյունաքար եղավ.
Տիրոջ կողմից եղավ սա,
և մեր աչքին սքանչելի է” (Սաղ. 117(118).22-23)։
43Ուստի ասում եմ ձեզ, որ ձեզնից կվերցվի Աստծու արքայությունը և կտրվի մի ազգի, որ պտղաբեր կդարձնի այն։ 44Ով այդ քարի վրա ընկնի, կփշրվի, և ում վրա այն ընկնի, նրան ցրիվ կտա»։ 45Երբ քահանայապետները, դպիրներն ու փարիսեցիները նրա առակները լսեցին, հասկացան, որ իրենց վերաբերյալ ասաց։ 46Եվ ուզում էին նրան բռնել, բայց վախեցան ժողովրդից, քանի որ նրան մարգարե էր համարում։
Արդեն Ընտրված.
ՄԱՏԹԵՈՍ 21: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն