ՄԱՏԹԵՈՍ 22

22
Հարսանիքի հրավիրվածների առակը
(Ղուկ. 14.15-24)
1Հիսուսը դարձյալ խոսեց և առակներով ասաց նրանց. 2«Երկնքի արքայությունը նմանվեց մի թագավոր մարդու, որն իր որդու համար հարսանիք արեց։ 3Նա իր ծառաներին ուղարկեց՝ հրավիրյալներին հարսանիքի կանչելու, և չցանկացան գալ։ 4Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ ասելով. «Հրավիրյալներին ասե՛ք. ահա պատրաստեցի իմ ճաշկերույթը. իմ ցլիկներն ու պարարտ անասունները մորթված են, և ամեն ինչ պատրաստ է, եկե՛ք հարսանիք»։ 5Նրանք անտեսելով հեռացան. մեկը՝ իր ագարակը, մեկը՝ իր առևտրին, 6իսկ ուրիշներն էլ բռնեցին նրա ծառաներին, խոշտանգեցին և սպանեցին։ 7Թագավորը, երբ լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց ոճրագործներին և այրեց նրանց քաղաքը։ 8Այդժամ ասաց իր ծառաներին. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրյալներն արժանի չէին։ 9Արդ, գնացե՛ք ճանապարհների խաչմերուկները և ում գտնեք, հրավիրե՛ք հարսանիքի»։ 10Ծառաները, ճանապարհների վրա դուրս գալով, հավաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ և՛ չարերին, և՛ բարիներին, և հարսանիքը լցվեց հյուրերով։ 11Երբ թագավորը ներս մտավ՝ հյուրերին տեսնելու, այնտեղ մի մարդու նկատեց, որը հարսանեկան զգեստ չէր հագել։ 12Նրան ասաց. «Ընկե՛ր, հարսանեկան զգեստ չունենալով՝ ինչպե՞ս այստեղ մտար»։ Մարդը պապանձվեց։ 13Այդ ժամանակ թագավորը ծառաներին ասաց. «Կապե՛ք դրա ոտքերն ու ձեռքերը և հանե՛ք դրան արտաքին խավարը. այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց. 14որովհետև կանչվածները շատ են, իսկ ընտրյալները՝ քիչ»։
Կայսրին տրվելիք հարկը
(Մրկ. 12.12-17, Ղուկ. 20.20-26)
15Այդ ժամանակ փարիսեցիները գնացին, խորհրդակցություն հրավիրեցին նրա դեմ, թե նրան խոսքերով ինչպե՛ս ծուղակը գցեն։ 16Նրա մոտ ուղարկեցին իրենց աշակերտներին՝ հերովդեսականների հետ, և ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ արդարամիտ ես և Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ես ուսուցանում. որևէ մեկին հաճոյանալու հոգ չես անում և մարդկանց միջև խտրականություն չես դնում։ 17Արդ, ասա՛ մեզ, քեզ ինչպե՞ս է թվում, օրինավո՞ր է հարկ տալ կայսրին, թե՞ ոչ»։ 18Հիսուսը հասկացավ նրանց խորամանկությունը և ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորնե՛ր. 19ցո՛ւյց տվեք ինձ հարկի դահեկանը»։ Նրանք Հիսուսին մի դահեկան բերեցին։ 20Հիսուսը նրանց ասաց. «Այս պատկերը կամ արձանագրությունն ո՞ւմն է»։ 21Պատասխանեցին. «Կայսրինը»։ Այդ ժամանակ նրանց ասաց. «Գնացե՛ք, տվե՛ք կայսրինը՝ կայսերը և Աստծունը՝ Աստծուն»։ 22Երբ լսեցին, զարմացան. թողեցին ու գնացին։
Հարության մասին
(Մրկ. 12.18-27, Ղուկ. 20.27-40)
23Նույն օրը Հիսուսին մոտեցան սադուկեցիները, որոնք ասում էին, թե հարություն չկա։ Հարց տվեցին նրան 24և ասացին. «Վարդապե՛տ, Մովսեսն ասաց. “Եթե մեկն անորդի մեռնի, նրա եղբայրը պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ ապահովի” (Բ Օր. 25.5)։ 25Մեզ մոտ յոթ եղբայրներ կային։ Առաջինն ամուսնացավ, ապա մեռավ, և որովհետև սերունդ չուներ, կնոջն իր եղբորը թողեց։ 26Նմանապես և երկրորդը, երրորդը, մինչև յոթերորդը։ 27Բոլորից հետո նաև կինը մեռավ։ 28Արդ, հարության ժամանակ նա յոթից ո՞ր մեկի կինը կլինի, որովհետև բոլորն էլ նրան որպես կին ունեցան»։ 29Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Մոլորյալնե՛ր, ո՛չ Սուրբ Գիրքն եք հասկանում, ո՛չ էլ Աստծու զորությունը։ 30Արդարև հարության ժամանակ ո՛չ կին են առնում, ո՛չ էլ մարդու գնում, այլ լինում են ինչպես հրեշտակները երկնքում։ 31Բայց մեռելների հարության մասին չե՞ք կարդացել Աստծու կողմից ձեզ ասվածը. 32“Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը” (Ելք 3.6)։ Ուրեմն Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի»։ 33Երբ ժողովուրդը լսեց, զարմացավ նրա ուսուցման վրա։
Ամենամեծ պատվիրանը
(Մրկ. 12.28-34, Ղուկ. 10.25-28)
34Փարիսեցիները, երբ լսեցին, որ Հիսուսը պապանձեցրեց սադուկեցիներին, հավաքվեցին իրար մոտ։ 35Նրանցից մեկը փորձելու նպատակով նրան հարցրեց և ասաց. 36«Վարդապե՛տ, Օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը»։ 37Հիսուսը նրան ասաց. «“Պիտի սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով” (Բ Օր. 6.5)։ 38Այս է ամենամեծ ու գլխավոր պատվիրանը։ 39Երկրորդը նման է սրան. “Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ” (Ղևտ. 19.18, Մտթ. 5.43)։ 40Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքն ու մարգարեները»։
Ո՞ւմ որդին է Քրիստոսը
(Մրկ. 12.35-37, Ղուկ. 20.41-44)
41Երբ փարիսեցիները հավաքվեցին, Հիսուսը նրանց հարցրեց 42և ասաց. «Ի՞նչ եք կարծում Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է»։ Նրան պատասխանեցին. «Դավթի»։ 43Հիսուսը նրանց ասաց. «Իսկ Դավիթը, առաջնորդվելով Հոգով, ինչպե՞ս է նրան Տեր կոչում և ասում.
44 “Տերն իմ Տիրոջն ասաց.
նստի՛ր իմ աջ կողմում,
մինչև քո թշնամիներին դնեմ
իբրև ոտքերիդ պատվանդան” (Սաղ. 109(110).1)։
45Արդ, եթե Դավիթը նրան Տեր է կոչում, Քրիստոսն ինչպե՞ս նրա որդին կլինի»։ 46Ոչ ոք նրան չկարողացավ պատասխան տալ։ Եվ այդ օրվանից ոչ ոք չէր համարձակվում նրան որևէ բան հարցնել։

Արդեն Ընտրված.

ՄԱՏԹԵՈՍ 22: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք