ՄԱՏԹԵՈՍ 14

14
Հովհաննես Մկրտչի գլխատումը
(Մրկ. 6.14-29, Ղուկ. 9.7-9)
1Այդ ժամանակ Հերովդես չորրորդապետը լսեց Հիսուսի համբավը 2և իր ծառաներին ասաց. «Նա Հովհաննես Մկրտիչն է, մեռելներից հարություն է առել, և հետևաբար նրա միջոցով հրաշքներ են կատարվում»։
3Բանն այն է, որ Հերովդեսը ձերբակալել էր Հովհաննեսին, նրան կապել և բանտ նետել իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով. 4որովհետև Հովհաննեսը Հերովդեսին ասում էր. «Օրինավոր չէ, որ դու նրան կին առնես»։ 5Եվ կամենում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, որովհետև նրան մարգարե էին համարում։ 6Բայց Հերովդեսի ծննդյան խնջույքի ժամանակ Հերովդիայի դուստրը հրավիրվածների առջև պարեց, և դա դուր եկավ Հերովդեսին։ 7Նա երդումով խոստացավ նրան տալ այն, ինչ որ ուզեր։ 8Նա էլ, մոր խրատով, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ, սկուտեղի վրա, Հովհաննես Մկրտչի գլուխը»։ 9Թագավորը տրտմեց, բայց քանի որ սեղանակիցների առջև երդում էր տվել, կարգադրեց նրան տալ ուզածը։ 10Եվ մարդիկ ուղարկեց, բանտում գլխատել տվեց Հովհաննեսին։ 11Նրա գլուխն սկուտեղով բերվեց ու աղջկան տրվեց, աղջիկն էլ այն տարավ իր մորը։ 12Եկան Հովհաննեսի աշակերտները և մարմինը վերցրին ու թաղեցին, ապա եկան պատմեցին Հիսուսին։
Հացի բազմացումը և հինգ հազարի կերակրումը
(Մրկ. 6.30-44, Ղուկ. 9.10-17, Հովհ. 6.1-14)
13Երբ Հիսուսը լսեց, այնտեղից նավակով ամայի մի տեղ առանձնացավ։ Երբ ժողովուրդը տեղեկացավ, քաղաքներից հետիոտն նրա հետևից գնաց։ 14Հիսուսը, ցամաք ելնելով, տեսավ մի մեծ բազմություն, գթաց նրանց և բժշկեց նրանց հիվանդներին։
15Երեկոյան կողմ աշակերտները մոտեցան նրան և ասացին. «Այս տեղն ամայի է, ժամանակն էլ ուշ է, արձակի՛ր այս ժողովրդին, որպեսզի գնան շրջակա գյուղերը և իրենց համար ուտելիք գնեն»։ 16Հիսուսն ասաց. «Կարիք չկա, որ գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»։ 17Նրանք Հիսուսին ասացին. «Այստեղ ոչինչ չունենք, բացի հինգ նկանակից ու երկու ձկից»։ 18Նրանց ասաց. «Դրանք այստե՛ղ բերեք»։ 19Ապա կարգադրեց, որ ժողովրդին խոտի վրա նստեցնեն, և վերցնելով հինգ նկանակն ու երկու ձուկը՝ աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, կտրեց և նկանակները տվեց աշակերտներին, իսկ աշակերտները՝ ժողովրդին։ 20Բոլորն էլ կերան ու հագեցան։ Եվ տասներկու լի սակառ մնացած կտորտանքներ հավաքեցին։ 21Նրանք, ովքեր կերան, մոտ հինգ հազար տղամարդ էին՝ չհաշված կանանց ու երեխաներին։
Հիսուսը քայլում է ջրի վրայով
(Մրկ. 6.45-52, Հովհ. 6.15-21)
22Հիսուսն իսկույն ևեթ հանձնարարեց իր աշակերտներին նավակ նստել և անցնել լճի մյուս կողմը, մինչև որ ինքը ժողովրդին արձակի։ 23Ժողովրդին արձակելուց հետո լեռը բարձրացավ՝ առանձին աղոթք անելու։ Երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր, 24իսկ նավակը ցամաքից բավական հեռացել էր և ալիքներից տարուբերվում էր, որովհետև քամին դիմացից էր։ 25Գիշերվա չորրորդ հերթափոխին#Առավոտյան ժամը երեքից վեցը։ Հիսուսը, լճի վրա քայլելով, նրանց մոտ եկավ։ 26Երբ աշակերտները տեսան, որ քայլում է լճի վրայով, այլայլվեցին և ասացին՝ ուրվական է, և վախից աղաղակեցին։ 27Հիսուսն անմիջապես խոսեց նրանց հետ և ասաց. «Քաջալերվե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք»։ 28Պետրոսը դիմեց նրան և ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ 29Նա ասաց՝ ե՛կ։ Պետրոսը, նավակից իջնելով, քայլեց ջրի վրայով և եկավ Հիսուսի մոտ։ 30Սակայն տեսնելով ուժեղ քամին՝ վախեցավ, և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ 31Հիսուսը ձեռքն իսկույն երկարեց, բռնեց նրան և ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։ 32Երբ նրանք նավակ բարձրացան, քամին հանդարտվեց։ 33Եվ ովքեր նավակի մեջ էին, մոտեցան երկրպագեցին նրան և ասացին. «Իսկապե՛ս Աստծու Որդին ես դու»։
Բժշկումներ Գեննեսարեթում
(Մրկ. 6.53-56)
34Ապա անցան և ցամաք ելան Գեննեսարեթում։ 35Երբ տեղի բնակիչները Հիսուսին ճանաչեցին, մարդիկ ուղարկեցին ամբողջ գավառով մեկ և նրա մոտ բերեցին բոլոր հիվանդներին։ 36Եվ նրան աղաչում էին, որ գոնե նրա հագուստի քղանցքին միայն դիպչեն, և ովքեր դիպան, փրկվեցին։

Արդեն Ընտրված.

ՄԱՏԹԵՈՍ 14: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք