ՄԱՏԹԵՈՍ 15

15
Վեճ նախնիների ավանդույթի շուրջ
(Մրկ. 7.1-13)
1Այդ ժամանակ Հիսուսին մոտեցան փարիսեցիներ ու դպիրներ, որոնք Երուսաղեմից էին, և ասացին. 2«Ինչո՞ւ են քո աշակերտներն անտեսում ծերերի ավանդույթը և ձեռքերը չեն լվանում, երբ հաց են ուտում»։ 3Հիսուսը պատասխան տվեց և ասաց նրանց. «Իսկ դուք ինչո՞ւ եք անտեսում Աստծու պատվիրանը ձեր ավանդույթի պատճառով. 4որովհետև Աստված ասաց. “Պատվի՛ր քո հորն ու մորը” (Ելք 20.12, Բ Օր. 5.16). և՝ “Ով չարախոսի իր հոր կամ մոր մասին, թող մահվան դատապարտվի” (Ելք 21.16, Ղևտ. 20.9)»։ 5Մինչդեռ դուք ասում եք. «Ով իր հորը կամ իր մորն ասի. “Այն օգնությունը, որ ինձնից պիտի ստանայիր, Աստծուն եմ տվել”, 6ուրեմն կարող է ազատվե՞լ իր հորը կամ իր մորը օգնելուց»։ Աստծու խոսքն անարգում եք ձեր ավանդույթի պատճառով։ 7Կեղծավորնե՛ր, Եսային լավ է մարգարեացել ձեր մասին և ասել.
8 «Այս ժողովուրդն ինձ շրթունքներով է պատվում,
իսկ իրենց սրտերը շատ հեռու են ինձնից.
9 զուր են ինձ պաշտում.
եթե ուսուցանում են մարդկանցից թելադրված պատվիրաններ» (Ես. 29.13)։
Մաքուրը և անմաքուրը
(Մրկ. 7.14-23)
10Եվ Հիսուսը, ժողովրդին իր մոտ կանչելով, ասաց. «Լսե՛ք և հասկացե՛ք. 11մարդուն պղծում է ոչ թե այն, ինչ բերանից ներս է մտնում, այլ այն, ինչ ելնում է բերանից»։ 12Այդ ժամանակ նրա աշակերտները մոտեցան և ասացին նրան. «Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ լսեցին այդ խոսքը, գայթակղվեցին»։ 13Նա պատասխան տվեց նրանց և ասաց. «Ամեն տունկ, որ իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ կլինի։ 14Թողե՛ք նրանց. կույր առաջնորդներ են կույրերի համար. երբ կույրն առաջնորդում է կույրին, սխալվում է, և երկուսն էլ փոսն են ընկնում»։ 15Պետրոսը դիմեց Հիսուսին և ասաց. «Բացատրի՛ր մեզ այս առակը»։ 16Հիսուսն ասաց. «Դեռևս դո՞ւք էլ եք անմիտ 17և չե՞ք իմանում, թե բերան մտնող ամեն ինչ որովայն է գնում և դուրս ելնում։ 18Իսկ ինչ որ բերանից է ելնում, սրտից է գալիս և դա՛ է մարդուն պղծում, 19որովհետև սրտից են դուրս գալիս չար խորհուրդներ՝ սպանություն, շնություն, պոռնկություն, գողություն, սուտ վկայություն, հայհոյանք։ 20Այս ամենն է պղծում մարդուն, իսկ անլվա ձեռքերով ուտելը չի պղծում մարդուն»։
Քանանացի կնոջ հավատը
(Մրկ. 7.24-30)
21Այդտեղից ելնելով՝ Հիսուսը գնաց Տյուրոսի ու Սիդովնի կողմերը։ 22Եվ ահա քանանացի մի կին, գալով այդ սահմաններից, սկսեց աղաղակել և ասել. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ Որդի, դուստրս դաժանորեն դիվահարվում է»։ 23Հիսուսը, սակայն, չպատասխանեց նրան։ Նրա աշակերտները մոտեցան և աղաչում էին նրան ու ասում. «Արձակի՛ր նրան, որովհետև աղաղակում է մեր հետևից»։ 24Հիսուսը պատասխան տվեց և ասաց. «Ուրիշ տեղ չուղարկվեցի, եթե ոչ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։ 25Կինը մոտեցավ, երկրպագեց նրան և ասաց. «Տե՛ր, օգնի՛ր ինձ»։ 26Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Լավ չէ մանուկների հացն առնել և շների առաջ գցել»։ 27Եվ նա ասաց. «Այո՛, Տե՛ր, բայց շներն էլ կերակրվում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»։ 28Այդժամ Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Ո՛վ կին, մեծ է հավատդ, թող քո ուզածի պես լինի քեզ»։ Եվ այդ նույն ժամին նրա դուստրը բժշկվեց։
29Հիսուսը, հեռանալով այդտեղից, եկավ Գալիլեայի լճի եզերքը և լեռը բարձրանալով՝ նստեց այնտեղ։ 30Նրան մոտեցավ ժողովրդի մի մեծ բազմություն, որն իր հետ ուներ կաղեր, կույրեր, համրեր, հաշմանդամներ և ուրիշ շատերի։ Նրանց բերեցին դրեցին նրա ոտքերի առջև, և բժշկեց նրանց։ 31Ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով, որ համրերը խոսում են, կաղերը՝ քայլում, հաշմանդամները՝ բժշկվում, կույրերը՝ տեսնում, և փառք էր տալիս Իսրայելի Աստծուն։
Հացի երկրորդ բազմացումը
(Մրկ. 8.1-10)
32Հիսուսը, իր մոտ կանչելով աշակերտներին, ասաց. «Սիրտս ցավում է այս ժողովրդի համար, որովհետև արդեն երեք օր է, ինչ ինձ մոտ են և ոչինչ չունեն, որ ուտեն։ Նրանց չեմ ուզում քաղցած արձակել, գուցե ճանապարհին ուժասպառ լինեն»։ 33Աշակերտները նրան ասացին. «Բայց այժմ այս ամայի վայրում մեզ որտեղի՞ց այնքան հաց, որ այսքան ժողովրդի հագեցնենք»։ 34Հիսուսը նրանց ասաց. «Քանի՞ նկանակ ունեք»։ Նրանք ասացին. «Յոթ նկանակ և քիչ թվով մանր ձկներ»։ 35Հիսուսը կարգադրեց ժողովրդին, որ նստեն գետնին։ 36Ապա վերցնելով յոթ նկանակն ու ձկները՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց և տվեց աշակերտներին, սրանք էլ՝ ժողովրդին։ 37Ամենքը կերան և հագեցան. յոթ լի զամբյուղ էլ մնացած կտորտանքներ հավաքեցին։ 38Նրանք, ովքեր կերան, մոտ չորս հազար տղամարդիկ էին՝ չհաշված կանանց ու մանուկներին։
39Երբ Հիսուսն արձակեց ժողովրդին, նավակ ելավ և եկավ Մագդաղայի սահմանները։

Արդեն Ընտրված.

ՄԱՏԹԵՈՍ 15: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք