ՄԱՏԹԵՈՍ 13

13
Սերմնացանի առակը
(Մրկ. 4.1-12, Ղուկ. 8.4-10)
1Նույն օրը Հիսուսը տնից դուրս եկավ և նստեց լճի եզերքին։ 2Նրա շուրջը ժողովրդի այնքան մեծ բազմություն հավաքվեց, որ նա նավակ մտավ և նստեց, իսկ ողջ բազմությունը կանգնած մնաց լճի եզերքին։ 3Եվ նրանց հետ առակներով շատ բաներ էր խոսում և ասում. «Ահա սերմնացանը ելավ սերմանելու։ 4Երբ նա սերմանում էր, սերմի մի մասն ընկավ ճանապարհի եզրին, և երկնքի թռչունները եկան ու կերան այն։ 5Մի ուրիշ մաս ընկավ ապառաժի վրա, որտեղ շատ հող չկար, և քանի որ հողը խորունկ չէր, իսկույն բուսավ։ 6Երբ արևը ծագեց, խանձվեց, և քանի որ արմատներ չուներ, չորացավ։ 7Մի ուրիշ մաս ընկավ փշերի մեջ, և փշերը բարձրացան ու խեղդեցին այն։ 8Մի ուրիշ մաս էլ ընկավ բարեբեր հողի վրա և պտուղ տվեց. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, և մեկը՝ երեսնապատիկ։ 9Ով լսելու ականջ ունի, թող լսի»։
10Աշակերտները մոտեցան և ասացին նրան. «Ինչո՞ւ ես առակներով խոսում նրանց հետ»։ 11Հիսուսը պատասխան տվեց և ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրված իմանալ երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց չի տրված. 12որովհետև ով ունի, նրան ավելիով կտրվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև ունեցածը։ 13Դրա համար եմ առակներով խոսում նրանց հետ, որովհետև տեսնելով չեն տեսնում, լսելով չեն լսում և չեն հասկանում։ 14Եվ նրանց վրա իրականանում է Եսայու մարգարեությունը, որ ասում է.
“Ինչքան էլ լսեք, չեք հասկանա,
ինչքան էլ տեսնեք, չեք ընկալի։
15 Քանի որ այդ ժողովրդի սիրտը թանձրացել է,
ծանր են լսում իրենց ականջներով,
իրենց աչքերը փակել են.
այդ պատճառով աչքերով չեն տեսնում,
ականջներով չեն լսում,
սրտով չեն հասկանում,
որով և դարձի չեն գա, որ նրանց բժշկեմ” (Ես. 6.9-10)։
16Բայց երանի՜ ձեր աչքերին, որ տեսնում են, և ձեր ականջներին, որ լսում են։ 17Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ բազմաթիվ մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել այն, ինչ դուք տեսնում եք, բայց չտեսան, և լսել այն, ինչ դուք լսում եք, բայց չլսեցին»։
Հիսուսը մեկնում է սերմնացանի առակը
(Մրկ. 4.10-20, Ղուկ. 8.11-15)
18«Եվ արդ՝ լսե՛ք սերմնացանի առակը։ 19Ամեն մեկից, ով լսում է արքայության խոսքը և չի հասկանում, չարը գալիս հափշտակում է նրա սրտում սերմանվածը։ Դա այն է, որ ճանապարհի եզրին սերմանվեց։ 20Ապառաժի վրա սերմանվածն այն է, որ երբ մեկը լսում է խոսքը, իսկույն ուրախությամբ ընդունում է այն։ 21Բայց քանի որ իր մեջ արմատներ չունի, այլ ժամանակավոր է հավատում, խոսքի պատճառով եղած նեղության ու հալածանքի ժամանակ անմիջապես գայթակղվում է։ 22Իսկ փշերի մեջ սերմանվածն այն է, որ մեկը լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են խոսքը, և այն անպտուղ է լինում։ 23Իսկ բարեբեր հողի վրա սերմանվածն այն է, որ երբ մեկը լսում է խոսքը և հասկանում է, պտուղ է տալիս. մեկը՝ հարյուր, մեկը՝ վաթսուն, և մեկը՝ երեսուն»։
Որոմների առակը
24Հիսուսը մի ուրիշ առակ էլ պատմեց նրանց և ասաց. «Երկնքի արքայությունը նմանվեց մի մարդու, որն իր արտի մեջ լավ սերմ սերմանեց։ 25Երբ մարդիկ քնած էին, եկավ նրա թշնամին, ցորենի մեջ որոմ ցանեց և գնաց։ 26Երբ խոտը բուսավ և պտուղ տվեց, երևաց նաև որոմը։ 27Տանտիրոջ ծառաները մոտեցան և ասացին նրան. “Տե՛ր, չէ՞ որ արտիդ մեջ լավ սերմ ցանեցիր. ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը”։ 28Տերն ասաց նրանց. “Թշնամի մարդն արեց դա”։ Ծառաները նրան ասացին. “Ուզո՞ւմ ես՝ գնանք քաղհանենք այն”։ 29“Ո՛չ,- ասաց նրանց,- որոմը քաղելիս գուցե ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք։ 30Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձքը, և հունձքի ժամանակ կասեմ հնձողներին. “Նախ որո՛մը քաղեք և խրձե՛ր կազմեք այրելու համար, ապա ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանների մեջ”»։
Մանանեխի հատիկի և թթխմորի առակը
(Մրկ. 4.30-34, Ղուկ. 13.18-21)
31Նրանց մի ուրիշ առակ էլ պատմեց և ասաց. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որը մի մարդ վերցրեց ու սերմանեց իր արտի մեջ։ 32Այն բոլոր սերմերից ավելի փոքր է, բայց երբ աճում է, բոլոր բույսերից ավելի մեծ է լինում և ծառ է դառնում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս և դադար են առնում նրա ճյուղերի վրա»։
33Հիսուսը նրանց մի առակ ևս պատմեց և ասաց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որը մի կին վերցրեց ու դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց»։
34Այս ամենը Հիսուսն առակներով խոսեց ժողովրդի հետ և առանց առակի ոչինչ չէր խոսում նրանց հետ, 35որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասվածը.
«Առակներով կբացեմ իմ բերանը,
կբացահայտեմ ծածկված բաները,
որ կային աշխարհի սկզբից ի վեր» (Սաղ. 77(78).2)։
Հիսուսը մեկնում է որոմների առակը
36Այդժամ Հիսուսը ժողովրդին թողեց և եկավ տուն։ Աշակերտները մոտեցան նրան և ասացին. «Բացատրի՛ր մեզ արտի որոմների առակը»։ 37Հիսուսը ասաց նրանց. «Նա, որ սերմանում է լավ սերմը, Մարդու Որդին է, 38իսկ արտն այս աշխարհն է։ Լավ սերմը նրանք են, որ արքայության որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են։ 39Թշնամին էլ, որ ցանեց այն, սատանան է։ Հունձքն այս աշխարհի վախճանն է, իսկ հնձողները՝ հրեշտակները։ 40Ինչպես որ որոմն է հավաքվում և կրակի մեջ այրվում, այնպես էլ կլինի այս աշխարհի վախճանին։ 41Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, որոնք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղեցնողներին և նրանց, ովքեր Օրենքի դեմ են գործում, 42և նրանց կգցեն կրակի հնոցը։ Այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց։ 43Այդժամ արդարներն արեգակի պես կծագեն երկնքի արքայության մեջ։ Ով ականջ ունի լսելու, թող լսի»։
Պահված գանձի, մարգարտի և ուռկանի օրինակը
44«Երկնքի արքայությունը նաև նման է արտի մեջ թաքցված գանձի, որը մի մարդ գտնում է ու թաքցնում և ուրախությունից գնում վաճառում է այն ամենը, ինչ ունի, և գնում է այդ արտը։
45Երկնքի արքայությունը նաև նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ է փնտրում, 46և թանկարժեք մի մարգարիտ գտնելով՝ գնում վաճառում է այն ամենը, ինչ ունի, և գնում է այդ մարգարիտը։
47Երկնքի արքայությունը նաև նման է ծով նետված և ամեն տեսակ ձուկ հավաքած ուռկանի, 48որը երբ լցվեց, ցամաք հանեցին և նստեցին հավաքեցին լավերն ամանների մեջ, իսկ խոտանը դեն նետեցին։ 49Այդպես կլինի այս աշխարհի վախճանին. հրեշտակները կելնեն ու չարերին արդարների միջից կզատեն 50և նրանց կնետեն կրակի հնոցի մեջ։ Այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց»։
51Հիսուսը նրանց ասաց. «Ընկալեցի՞ք այս ամենը»։ «Այո՛, Տե՛ր,- պատասխանեցին նրանք»։ 52Հիսուսը նրանց ասաց. «Հետևաբար, երկնքի արքայությանն աշակերտած ամեն դպիր նման է հարուստ մարդու, որն իր գանձատուփում ունի թե՛ նոր և թե՛ հին գանձեր»։
Հիսուսը մերժվում է հայրենի քաղաքում
(Մրկ. 6.1-6, Ղուկ. 4.16-30)
53Երբ Հիսուսն ավարտեց այս առակները, հեռացավ այդտեղից։ 54Գալով իր հայրենի քաղաքը՝ սկսեց նրանց ուսուցանել իրենց ժողովարանում, այնպես որ նրանք զարմանում էին և ասում. «Որտեղի՞ց սրան այս իմաստությունն ու հրաշագործ զորությունը։ 55Մի՞թե սա հյուսնի որդին չէ, մի՞թե սրա մոր անունը Մարիամ չէ, և սրա եղբայրները Հակոբոսը, Հովսեսը, Սիմոնն ու Հուդան չեն։ 56Մի՞թե սրա քույրերը բոլորն էլ մեզ մոտ չեն։ Արդ, որտեղի՞ց սրան այս ամենը»։ 57Եվ գայթակղվում էին նրանով։ Հիսուսը նրանց ասաց. «Չկա մարգարե, որին իր գավառում և իր տանը չանարգեն»։
58Եվ նրանց անհավատության պատճառով այնտեղ շատ հրաշքներ չգործեց։

Արդեն Ընտրված.

ՄԱՏԹԵՈՍ 13: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք