ՀՈՎՀԱՆՆԵՍ 1

1
Եվ Բանը մարմին դարձավ
1Սկզբից էր Բանը և Բանն Աստծու մոտ էր և Բանն Աստված էր։ 2Նա սկզբից Աստծու մոտ էր։ 3Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է։ 4Կյանքը նրանով էր, և այդ կյանքը մարդկանց համար լույս էր։ 5Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց։
6Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկված, նրա անունը՝ Հովհաննես։ 7Սա եկավ իբրև վկա, որպեսզի վկայի լույսի մասին, և որպեսզի բոլորն էլ հավատան նրա միջոցով։ 8Նա Լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի Լույսի մասին։
9Այդ ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալու։ 10Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով արարվեց, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ 11Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ 12Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու, նրանց, ովքեր իր անվանը կհավատան։ 13Նրանք Աստծուց ծնվեցին, և ոչ թե արյունից, մարմնի ու մարդու կամքից։ 14Եվ Բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։
15Հովհաննեսը վկայում էր նրա մասին, աղաղակում և ասում. «Սա է, որի մասին ասացի, թե իմ հետևից էր գալու, ահա ինձնից ավելի մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էր»։ 16Մենք բոլորս նրա լիությունից շնորհը շնորհի վրա ստացանք, 17որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։
18Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին Որդուց, որ Հոր ծոցում է. նա նրա մասին մեզ հայտնեց։
Հովհաննես Մկրտչի վկայությունը
(Մտթ. 3.1-12, Մրկ. 1.1-8, Ղուկ. 3.1-18)
19Հովհաննեսի վկայությունն այս է. երբ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որպեսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես, 20նա առանց վարանելու խոստովանեց. «Ես Քրիստոսը չեմ»։ 21Նրան հարցրին. «Իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես»։ Եվ նա ասաց. «Ո՛չ, չեմ»։ «Իսկ դու մարգարե՞ն ես»,- հարցրին։ Նա պատասխանեց՝ ո՛չ։ 22«Իսկ ասա՛ մեզ՝ դու ո՞վ ես, որպեսզի պատասխան տանենք մեզ ուղարկողներին. ի՞նչ ես ասում քո մասին»։ 23Նա ասաց.
«Ես անապատում կանչողի ձայնն եմ,
հարթե՛ք Տիրոջ ճանապարհը» (Ես. 40.3),
ինչպես ասաց Եսայի մարգարեն։ 24Եվ ուղարկվածները փարիսեցիների կողմից էին։ 25Սրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթե դու չես Քրիստոսը, ոչ էլ Եղիան և ոչ էլ մարգարեն»։ 26Յովհաննեսը պատասխան տվեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում, 27որ գալու է իմ հետևից, և որի կոշիկների կապերն արձակելու իսկ արժանի չեմ ես»։ 28Այս բանը պատահեց Բեթանիայում՝ Հորդանանի մյուս կողմում, որտեղ գտնվում էր Հովհաննեսը և մկրտում։
Աստծու Գառը
29Հետևյալ օրը նա տեսավ դեպի իրեն եկող Հիսուսին ու ասաց. «Ահա Աստծու Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը։ 30Սա է նա, որի մասին ասում էի, թե իմ հետևից է գալիս. մարդ, որը ինձնից մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էլ կար։ 31Իսկ ես չէի ճանաչում նրան, բայց որպեսզի հայտնի լինի Իսրայելին, դրա համար եկա ջրով մկրտելու»։ 32Հովհաննեսը վկայեց ու ասաց. «Տեսնում էի Հոգին, որ երկնքից աղավնու պես իջնում էր և հանգչում նրա վրա։ 33Իսկ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, ինձ ասաց. “Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում և մնում է, նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով”։ 34Եվ ես տեսա ու վկայեցի. “Սա է Աստծու Որդին”»։
Հիսուսի առաջին աշակերտները
35Հետևյալ օրը դարձյալ այնտեղ կանգնած էր Հովհաննեսը և իր հետ՝ իր աշակերտներից երկուսը։ 36Եվ նայելով Հիսուսին, որ գալիս էր, ասաց. «Ահավասիկ Քրիստոսը՝ Աստծու Գառը»։ 37Երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ խոսեց, և գնացին Հիսուսի հետևից։ 38Երբ Հիսուսը շրջվեց ու տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից, ասաց նրանց. «Ի՞նչ եք փնտրում»։ Նրանք ասացին նրան. «Ռաբբի՛ (որ թարգմանաբար նշանակում է “վարդապետ”), որտե՞ղ է քո օթևանը»։ 39Նա նրանց ասաց. «Եկե՛ք և տեսե՛ք»։ Եկան ու տեսան, թե որտե՛ղ էր նրա օթևանը։ Այն օրը նրա մոտ գիշերեցին, որովհետև ժամը մոտ տասն էր։ 40Սիմոն Պետրոսի եղբայր Անդրեասը մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Յովհաննեսին ու գնացին Հիսուսի հետևից։ 41Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում. «Գտանք Մեսիային» (որ թարգմանվում է Քրիստոս)։ 42Սա նրան տարավ Հիսուսի մոտ։ Նայելով նրան՝ Հիսուսն ասաց. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես, դու պիտի կոչվես Կեփաս» (որ թարգմանվում է Պետրոս)։
Փիլիպպոսի և Նաթանայելի կոչումը
43Հաջորդ օրը Հիսուս որոշեց Գալիլեա մեկնել. գտավ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ 44Փիլիպպոսը Բեթսայիդայից էր՝ Անդրեասի ու Պետրոսի քաղաքից։ 45Փիլիպպոսը գտավ Նաթանայելին ու նրան ասաց. «Ում մասին Մովսեսն օրենքի մեջ և մարգարեները գրել էին, գտանք նրան՝ Հիսուսին՝ Հովսեփի որդուն, Նազարեթ քաղաքից»։ 46Նաթանայելը նրան ասաց. «Իսկ հնարավո՞ր է, որ Նազարեթից որևիցե լավ բան դուրս գա»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ և տե՛ս»։ 47Երբ Հիսուսը տեսավ իր մոտ եկող Նաթանայելին, նրա մասին ասաց. «Ահա իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։ 48Նաթանայելը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ճանաչում ինձ»։ Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսա քեզ»։ 49Նաթանայելը պատասխան տվեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դու ես Աստծու Որդին, դու ես Իսրայելի թագավորը»։ 50Հիսուսը պատասխան տվեց նրան ու ասաց. «Հավատում ես հիմա, քանի որ քեզ ասացի, թե՝ թզենու տակ տեսա քեզ. դրանից շատ ավելի մեծ բաներ պիտի տեսնես»։ 51Եվ ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին, որ պիտի բարձրանան ու իջնեն Մարդու Որդու վրա»։

Արդեն Ընտրված.

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում