ՂՈՒԿԱՍ 24

24
Հիսուսի հարությունը
(Մտթ. 28.1-10, Մրկ. 16.1-8, Հովհ. 20.1-10)
1Բայց կիրակի օրը՝ առավոտյան շատ վաղ, կանայք գերեզման եկան՝ բերելով իրենց պատրաստած խնկերը. նրանց հետ եկան և ուրիշ կանայք։ 2Եվ քարը գերեզմանից գլորած գտան 3ու ներս մտնելով՝ Տեր Հիսուսի մարմինը չգտան։ 4Եվ մինչ նրանք զարմացած էին այդ բանի վրա, ահա լուսավոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց մոտ։ 5Եվ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսները գետին խոնարհեցրին, մարդիկ ասացին. «Ողջին ինչո՞ւ եք մեռելների մեջ փնտրում։ 6Այստեղ չէ, այլ հարություն առավ։ Հիշե՛ք՝ ինչպես խոսեց նա ձեզ հետ, երբ Գալիլեայում էր. 7ասում էր, թե Մարդու Որդին պետք է մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի, խաչվի և երրորդ օրը հարություն առնի»։ 8Եվ նրանք հիշեցին նրա խոսքերը։ 9Եվ գերեզմանից վերադարձան ու պատմեցին այս ամենը տասնմեկին և բոլոր մյուսներին։ 10Եվ Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան, Հակոբոսի մայր Մարիամը և նրանց հետ ուրիշ կանայք էին, որ այս բաները պատմեցին առաքյալներին։ 11Բայց նրանց խոսքերը բարբաջանք թվացին աշակերտներին, և չէին հավատում նրանց։ 12Սակայն Պետրոսը վեր կացավ և վազեց դեպի գերեզման, նայեց ու տեսավ, որ միայն պատանքը կար։ Եվ գնաց՝ մտքում զարմացած, թե ի՛նչ էր եղել։
Հիսուսի երևումները
(Մտթ. 28.9-10, Մրկ. 16.9-14, Հովհ. 20.11–21.24)
13Եվ ահա նույն օրը աշակերտներից երկուսը գնում էին մի գյուղ, որի անունն Էմմավուս էր, և որը Երուսաղեմից հեռու էր վաթսուն ասպարեզով։ 14Եվ նրանք միմյանց հետ խոսում էին կատարված բոլոր անցուդարձերի մասին։ 15Եվ մինչ նրանք խոսում էին ու վիճում, ինքը՝ Հիսուսը, մոտեցավ ու գնում էր նրանց հետ։ 16Բայց նրանց աչքերը փակ էին՝ նրան չճանաչելու աստիճան։ 17Եվ Հիսուսը նրանց ասաց. «Այդ ի՞նչ բաներ են, որոնց համար քայլելիս վիճում եք միմյանց հետ և տրտմած եք»։ 18Նրանցից մեկը, որի անունը Կղեոպաս էր, ասաց նրան. «Երուսաղեմում միայն դո՛ւ ես, որ չես իմացել, թե ինչե՛ր կատարվեցին այնտեղ այս օրերին»։ 19Եվ նրանց հարցրեց՝ ի՞նչ։ Եվ նրանք պատասխանեցին. «Հիսուս Նազովրեցու հետ պատահածի մասին, որ մարգարե էր, հզոր՝ թե՛ գործերով և թե՛ խոսքերով, Աստծու և ամբողջ ժողովրդի առաջ, 20և թե ինչպես մեր քահանայապետները և իշխանավորները նրան մատնեցին մահվան դատաստանի ու խաչը հանեցին նրան։ 21Մենք ակնկալում էինք, թե նա փրկելու է Իսրայելը։ Եվ այսքանը բավական չէ, այս երրորդ օրն է, որ այդ բաները կատարվեցին, 22մեզ զարմացրին մեր միջից մի քանի կանայք, որոնք վաղ առավոտյան գերեզման էին գնացել 23և նրա մարմինը չէին գտել։ Նրանք եկան և ասացին, թե մի տեսիլք էին տեսել՝ հրեշտակների, որոնք ասում էին նրա մասին, թե կենդանի է։ 24Ապա մեզնից ոմանք գերեզման գնացին և գտան այնպես, ինչպես կանայք էին ասել։ Բայց նրան չտեսան»։ 25Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ո՛վ անմիտ և թուլասիրտ մարդիկ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, որ ասացին մարգարեները։ 26Չէ՞ որ Քրիստոսը պետք է նույն այդ չարչարանքները կրեր և այնպես մտներ իր փառքի մեջ»։ 27Եվ սկսած Մովսեսից ու բոլոր մարգարեներից՝ մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրված է իր մասին Սուրբ Գրքում։ 28Երբ մոտեցան այն գյուղին, ուր գնում էին, Հիսուսը պատճառ բռնեց, թե ինքը գնալու է ավելի հեռու տեղ։ 29Իսկ նրանք շատ ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ մո՛տ գիշերիր, որովհետև երեկո է, և օրն էլ տարաժամել է»։ Եվ նա ներս մտավ՝ նրանց հետ այնտեղ գիշերելու։ 30Եվ երբ նա սեղան նստեց նրանց հետ, հացը վերցնելով՝ օրհնեց, կտրեց այն և տվեց նրանց։ 31Եվ նրանց աչքերը բացվեցին ու ճանաչեցին նրան, իսկ ինքը նրանց աչքին աներևույթ եղավ։ 32Եվ նրանք ասացին միմյանց. «Մեր սրտերն էլ մի՞թե չէին ճմլվում մեր մեջ, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ, և ինչպե՜ս էր մեզ բացատրում Սուրբ Գիրքը»։ 33Ապա անմիջապես վեր կացան ու Երուսաղեմ վերադարձան և հավաքված գտան տասնմեկին և նրանց հետ եղածներին, 34որոնք ասում էին, թե՝ «Իսկապես հարություն առավ Տերը և երևաց Սիմոնին»։ 35Իսկ երկուսը պատմեցին այն, ինչ պատահել էր ճանապարհին, և թե ինչպե՛ս Հիսուսն իրեն ճանաչել էր տվել նրանց՝ հաց կտրելու ժամանակ։
36Մինչ նրանք այս էին խոսում, Հիսուսն ինքը եկավ կանգնեց նրանց մեջ և ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ, ես եմ, մի՛ վախեցեք»։ 37Իսկ նրանք զարհուրած վախենում և կարծում էին, թե մի ոգի են տեսնում։ 38Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք խռովված, և ինչո՞ւ ձեր սրտերում դեռ կասկածներ են ծագում. 39տեսե՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետև նույն ես եմ. շոշափե՛ք ինձ և տեսե՛ք, որովհետև ոգին մարմին և ոսկորներ չունի. ինչպես տեսնում եք, ես ունեմ»։ 40Եվ այս ասելով՝ նրանց ցույց տվեց իր ձեռքերն ու ոտքերը։ 41Եվ մինչ ուրախությունից չէին հավատում և զարմացած էին, ասաց նրանց. «Այստեղ ուտելու բան ունե՞ք»։ 42Եվ նրանք խորոված ձկան մի կտոր և մեղրախորիսխ տվեցին նրան։ 43Եվ նա առավ կերավ նրանց առաջ, իսկ մնացածները տվեց նրանց ու ասաց. 44«Սրանք այն խոսքերն են, որ խոսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի, թե՝ պետք է կատարվի այն ամենը, ինչ գրված է իմ մասին Մովսեսի օրենքում, մարգարեությունների մեջ և սաղմոսներում»։ 45Այն ժամանակ բացեց նրանց մտքերը, որ հասկանան Սուրբ Գիրքը։ 46Եվ ասաց նրանց. «Այսպես պետք է չարչարվեր Քրիստոսը, երրորդ օրը հարություն առներ մեռելներից, 47և նրա անունով ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվեր բոլոր ազգերի մեջ՝ Երուսաղեմից սկսած։ 48Եվ այս բաների վկաներն եք դուք։ 49Եվ ահա ես կուղարկեմ ձեզ իմ Հոր խոստումը, իսկ դուք նստե՛ք Երուսաղեմ քաղաքում, մինչև որ երկնքից զորությամբ զգեստավորվեք»։
Հիսուսի համբարձումը
(Մրկ. 16.19-20, Գրծ. 1.9-11)
50Ապա նրանց տարավ հանեց մինչև Բեթանիա և բարձրացնելով իր ձեռքերը՝ օրհնեց նրանց։ 51Եվ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից՝ դեպի երկինք վերանալով։ 52Իսկ նրանք երկրպագեցին Հիսուսին և մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ։ 53Եվ միշտ տաճարում էին, գովաբանում և օրհնաբանում էին Աստծուն։

Արդեն Ընտրված.

ՂՈՒԿԱՍ 24: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում