ՀՈՎՀԱՆՆԵՍ 2

2
Կանայի հարսանիքը
1Գալիլեա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար։ Հիսուսի մայրն այնտեղ էր։ 2Հարսանիքի հրավիրվեցին նաև Հիսուսը և իր աշակերտները։ 3Երբ գինին պակասեց, մայրը Հիսուսին ասաց. «Գինի չունեն»։ 4Հիսուսը նրան ասաց. «Մի՞թե ես չգիտեմ՝ ինչ պիտի անեմ, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել»։ 5Նրա մայրն սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»։ 6Այնտեղ կային քարե վեց թակույկներ՝ հրեաների սրբվելու սովորության համաձայն. նրանցից յուրաքանչյուրը շուրջ հարյուր լիտր տարողություն ուներ։ 7Հիսուսը նրանց ասաց. «Այդ թակույկները լցրե՛ք ջրով»։ Բերնեբերան լցրին։ 8Եվ ասաց նրանց. «Հիմա վերցրե՛ք և տարե՛ք սեղանապետին»։ Եվ նրանք տարան։ 9Եվ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը, չէր իմանում, թե որտեղի՛ց է (բայց սպասավորները, որոնք ջուրը լցրին, գիտեին), 10խոսեց փեսայի հետ ու ասաց. «Ամեն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, և երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը։ Իսկ դու ընտիր գինին մինչև հիմա պահել ես»։ 11Հիսուսն այս առաջին նշանն արեց Գալիլեայի Կանա քաղաքում՝ որպես սկիզբը նշանների, և հայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հավատացին նրան։
12Սրանից հետո Հիսուսը Կափառնաում իջավ իր մոր և իր եղբայրների հետ և այնտեղ մնաց միայն մի քանի օր։
Տաճարում առևտուր անողների վտարումը
(Մտթ. 21.12-13, Մրկ. 11.15-17, Ղուկ. 19.45-46)
13Հրեաների Զատիկը մոտ էր, և Հիսուսը Երուսաղեմ բարձրացավ։ 14Եվ տաճարում հանկարծ տեսավ արջառներ, ոչխարներ ու աղավնիներ վաճառողների, ինչպես նաև լումայափոխների, որոնք նստած էին։ 15Եվ չվանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց. նաև ոչխարներն ու արջառները. իսկ լումայափոխների պղնձադրամները ցիր ու ցան արեց և նրանց սեղանները շուռ տվեց։ 16Իսկ աղավնեվաճառներին ասաց. «Դրանք այստեղից վերցրե՛ք և իմ Հոր տունը վաճառատան մի՛ վերածեք»։ 17Նրա աշակերտները հիշեցին, որ գրված է. «Քո տան նկատմամբ նախանձախնդրությունն ինձ պիտի ուտի» (Սաղ. 68.10(69.9ա))։
18Հրեաները նրան պատասխանեցին ու ասացին. «Ի՞նչ նշան կարող ես ցույց տալ մեզ, որ այդ բանն անում ես»։ 19Հիսուսը նրանց պատասխանեց ու ասաց. «Քանդե՛ք այդ տաճարը, և երեք օրվա ընթացքում կվերականգնեմ այն»։ 20Հրեաները նրան ասացին. «Քառասունվեց տարում շինվեց այս տաճարը, իսկ դու երեք օրո՞ւմ ես վերականգնում այն»։ 21Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում։ 22Իսկ երբ մեռելներից հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, թե այս է, որ ասել էր, և հավատացին Սուրբ Գրքին ու Հիսուսի ասած խոսքին։
Երուսաղեմյան օրեր
23Երբ Հիսուսը զատկի տոնին Երուսաղեմում էր գտնվում, շատերը հավատացին նրա անվանը, քանի որ տեսնում էին նրա կատարած նշանները։ 24Բայց Հիսուսը նրանց չէր վստահում, որովհետև ինքն ամենքին ճանաչում էր, 25և կարիք չկար, որ մեկը վկայեր մարդու մասին, քանի որ ինքն արդեն գիտեր, թե ի՛նչ կար մարդու մեջ։

Արդեն Ընտրված.

ՀՈՎՀԱՆՆԵՍ 2: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում