ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 4

4
1Զգո՛ւյշ լինենք, ուրեմն, որ նրա հանգստի մեջ մտնելու խոստումից, որ տրված է մեզ, ձեզնից որևէ մեկը չզրկվի. 2քանզի ավետված է, ինչպես և նրանց։ Բայց խոսքը լսելը օգտակար չեղավ անապատում եղողներին, որոնք հավատով չլսեցին այն։ 3Իսկ մենք, որ հավատացինք, մտնելու ենք այդ հանգստի մեջ, ինչպես որ նա ասաց.
«Ինչպես երդվեցի իմ բարկության մեջ ասելով,
թե՝ “Չպիտի մտնեն իմ հանգստի մեջ”» (Սաղ. 94(95).11),
թեև նրա գործերը աշխարհի սկզբից կատարված էին։
4Քանզի մի տեղ յոթերորդ օրվա մասին այսպես է ասված. «Եվ Աստված յոթերորդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից» (Ծնն. 2.2)։ 5Եվ այստեղ դարձյալ ասում է. «Չպիտի մտնեն իմ պատրաստած հանգստի վայրը» (Սաղ. 94(95).11)։ 6Թեև ոմանք կարող էին այդ հանգստի վայրը մտնել, հատկապես նրանք, որ լսեցին ավետաբեր լուրը, սակայն չմտան իրենց անհավատության պատճառով։ 7Դարձյալ մի ուրիշ օր է սահմանում, «Այսօրը»։ Երկար ժամանակ հետո ասում է, ինչ որ Դավթի բերանով ասվել է ավելի առաջ.
«Այսօր եթե նրա ձայնը լսեք,
մի՛ կարծրացրեք ձեր սրտերը» (Սաղ. 94(95).7-8)։
8Որովհետև, եթե Հեսուն դրանց հանգիստ տված լիներ, ապա դրանից հետո Աստված ուրիշ օրվա մասին չէր խոսի։ 9Արդ, ուրեմն, Աստծու ժողովրդի համար դեռ մնում է մի ուրիշ հանգստի օր։ 10Որովհետև, ով մտնում է նրա հանգստի մեջ, հանգստանում է իր գործերից, ինչպես Աստված էլ հանգստացավ իր գործերից։ 11Ուրեմն ջանանք մտնել այդ հանգստի մեջ, որպեսզի որևէ մեկը նույնօրինակ անհնազանդության մեջ չընկնի։
Քրիստոսը՝ մեծ Քահանայապետ
12Կենդանի է Աստծու խոսքը, ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր, և կտրում անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է խոկումները և սրտի մտադրությունները։ 13Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խոսքերը։
14Հետևաբար, ունենք երկինքներով անցած մի մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք մեր դավանած հավատը։ 15Քանզի ոչ թե ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարությանը, այլ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձված է ամեն ինչում, բայց առանց մեղքի է։ 16Ուրեմն համարձակությամբ մոտենանք նրա շնորհի աթոռին, որպեսզի ողորմություն ստանանք և շնորհ գտնենք այն ժամանակ, երբ օգնության կարիք ունենք։

Արդեն Ընտրված.

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 4: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք