ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 3

3
Քրիստոսը՝ գերազանց, քան Մովսեսը
1Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, դուք, որ մասնակից եք երկնավոր կոչմանը, նայե՛ք Հիսուս Քրիստոսին՝ Առաքյալին և Քահանայապետին, որին խոստովանում ենք մենք։ 2Նա հավատարիմ էր իր Արարչին, որ նրան կարգեց այս պաշտոնին, ինչպես որ Մովսեսը հավատարիմ եղավ նրա ամբողջ տան մեջ։ 3Որովհետև նա առավել փառքի արժանի եղավ, քան Մովսեսը, ինչպես որ տունը կառուցողն ավելի պատիվ ունի, քան տունը։ 4Արդարև, ամեն տուն, որ կառուցվում է, որևէ մեկի կողմից է կառուցվում, իսկ ամեն ինչ կառուցողն Աստված է։ 5Մովսեսը հավատարիմ եղավ նրա ամբողջ տան մեջ որպես ծառա՝ վկայելու ասվելիք խոսքերը, 6իսկ Քրիստոսն իբրև որդի՝ նրա տան վրա։ Նրա տունը հենց մենք ենք, միայն թե մինչև վերջ հաստատ պահենք վստահությունը և հույսը, որի համար պարծենում ենք։
Աստծու ժողովրդին վերապահված հանգիստը
7Դրա համար Սուրբ Հոգին այսպես է ասում.
«Այսօր, եթե նրա ձայնը լսեք,
8 մի՛ կարծրացրեք ձեր սրտերը, ինչպես որ ինձ դառնացրեցիք
փորձության օրը անապատում,
9 որտեղ ձեր հայրերը փորձեցին ինձ, քննեցին ինձ,
թեև տեսան իմ գործերը 10քառասուն տարի շարունակ։
Ուստի վրդովեցի այդ սերնդից
և ասացի. “Սրտով միշտ մոլորված են,
և նրանք չճանաչեցին իմ ճանապարհները”։
11 Այնպես որ երդվեցի իմ բարկության մեջ՝ ասելով,
թե երբեք չպիտի մտնեն իմ հանգստի մեջ» (Սաղ. 94(95).7-11)։
12Եղբայրնե՛ր, տեսե՛ք, ձեզանից որևէ մեկի մեջ թող երբեք չլինի չար ու անհավատ սիրտ և ապստամբի կենդանի Աստծու դեմ։ 13Բայց ամեն օր հորդորե՛ք միմյանց, քանի այդ «այսօրը» դեռ առջևում է, որպեսզի ձեզնից ոչ ոք չկարծրանա մեղքի խաբեությամբ։ 14Ահա մասնակից եղանք Քրիստոսին, միայն թե հաստատ պահենք այն վստահությունը, որ ունեցել ենք սկզբից, 15քանի որ ասված է.
Այսօր եթե նրա ձայնը լսեք,
մի՛ կարծրացրեք ձեր սրտերը, ինչպես դառնության ժամանակ (Սաղ. 94(95).7-8)։
16Քանզի ովքե՞ր էին, որ լսեցին և դառնացրին նրան. չէ՞ որ բոլոր նրանք, ովքեր Մովսեսի միջոցով դուրս էին եկել Եգիպտոսից։ 17Ումի՞ց վրդովվեց քառասուն տարի. չէ՞ որ հանցանք գործածներից, որոնց ոսկորներն ընկան այնտեղ՝ անապատում։ 18Ո՞ւմ երդվեց, որ չպիտի մտնեն իր հանգստի մեջ, եթե ոչ՝ անհնազանդներին։
19Եվ տեսնում ենք, որ նրանք չկարողացան մտնել իրենց անհավատության պատճառով։

Արդեն Ընտրված.

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 3: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք