Գ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 5

5
Թագավորը երկու անգամ հետաձգում է կոտորածի հրամանը
1Այն ժամանակ նա կանչեց Հերմոն փղապետին ու հրամայեց, որ սա վաղը ևեթ հանի փղերին՝ թվով մոտ յոթ հարյուր, առանց հապաղելու նրանց պատրաստի 2խնկառատ գինիներով, կատաղեցնի կնդրուկով ու անապակ գինով և հրապարակ քշի՝ եբրայեցիների գլխին մեծ պատուհաս բերելու համար։ 3Թագավորը փղապետին այս հրամանը տալուց հետո վերադարձավ իր խնջույքին մեծաթիվ զորքի ու մեծամեծ ավագանու հետ, որոնք եբրայեցիների նկատմամբ ավելի թշնամությամբ էին լցված, քան թագավորն ինքը։ 4Երբ փղապետը լսեց խիստ հրամանը, նույն ժամին կատարեց այն ու պատրաստ վիճակի բերեց փղերին։ 5Ուրիշ սպասավորներ էլ ելան ու կապեցին տառապյալների ձեռքերն ու ոտքերը, իսկ մյուսներն էլ՝ իբրև գիշերային պահակներ, զգուշությամբ հսկում էին նրանց շուրջը՝ մտածելով, որ առավոտյան կտեսնեն այդ ազգի կոտորածն ու վախճանը։ 6Իսկ հրեաներն իրենց անզոր ու անօգնական էին համարում, որս դարձած հեթանոսների համար։ 7Նրանք արտասվալից աղոթքներով անդադար դիմում էին Ամենակալ Տիրոջը, ամեն զորություն զորացնող ողորմած Աստծուն. 8բոլորը միասին ծնկի եկած աղաչում էին, որ նա խափանի անօրեն այս մտադրությունը 9և մի մեծ հրաշքով վերացնի այս օրհասը, որ ահա հասնում է իրենց վրա։
10Փղապետը, անողորմ գազաններին խնկախառն գինիներով գրգռելով, առավոտյան ներկայացավ թագավորի պալատը։ 11Սակայն պարգևատու, երկնավոր, առատաձեռն Աստված թագավորին քուն պարգևեց, որ իբրև բարի պարգև՝ վաղնջական ժամանակներից ի վեր գիշեր ու ցերեկ տրվում է բոլորին։ 12Տերն իր զորությամբ թագավորին կապեց թանձր, խոր, քաղցր ու անուշ քնով և մոլորեցրեց ու շեղեց նրան իր հաստատ որոշումից։ 13Երբ եբրայեցիները տեսան, որ անցել է մահաբեր օրհասի ժամը, սկսեցին օրհնաբանել երկնավոր սուրբ Աստծուն և երեսի վրա ընկած՝ դարձյալ աղաչում էին նրան, որ գոռոզ հեթանոսներին ցույց տա իր մեծազոր բազկի զորությունը։
14Տասներորդ ժամի մոտ, երբ խնջույքի ողջ պատրաստությունն արդեն ավարտվել էր, իսկ հրավիրվածներից յուրաքանչյուրը կանգնած էր ըստ իր աստիճանի, արարողապետը ներս մտավ, արթնացրեց թագավորին 15և հայտնեց, որ խնջույքն սկսելու ժամանակն արդեն անցնում է։ 16Այնժամ թագավորը հիշեց խնջույքի մասին և անմիջապես բազմելով իր գահին՝ հրամայեց հրավիրվածներին ներս կանչել, բարձեր հրամցնել 17և յուրաքանչյուրին գահավորակ մատուցել ըստ իր աստիճանի։ Խրախճանքն սկսելով՝ նա հորդորեց ուրախ ժամանակ անցկացնել մինչև ուշ գիշեր։ 18Երբ բավականին ժամանակ գինարբուք էին արել, նա կանչեց փղապետին ու խիստ զայրացած սպառնաց նրան. «Ինչպե՞ս կամ ինչո՞ւ են հրեաներն ազատվել խիստ հրամանով նշանակված օրհասից և մինչև այսօր դեռ կենդանի են մնացել»։ 19Փղապետը վկայեց, որ փղերին դեռևս գիշերն է պատրաստել։ Հրավիրվածները ևս հաստատեցին փղապետի խոսքերը։ 20Դրանից հետո թագավորը, մեղմացնելով իր կատաղությունը, ասաց. «Գնա՛ դու։ Այսօր նրանք օգտվել են իմ քնած լինելուց։ Բայց վաղն անպայման փղերը նույն կատաղության կհասցնես, որպեսզի կոտորենք այդ անօրեն հրեա ազգին»։ 21Երբ թագավորն այդ ասաց, բոլորը, ուրախությամբ լի, միաձայն հավանություն տվեցին նրա հրամանին։ Եվ որովհետև ուշ էր, միմյանցից բաժանվելով՝ ամեն մեկը գնաց իր օթևանը։ 22Բայց նրանք ոչ այնքան քնեցին, որքան ամբողջ գիշեր մտածում էին այն մասին, թե ինչ նորանոր չարչարանքներ կարելի է հասցնել տառապյալներին։
23Երբ աքաղաղը կանչեց, փղապետն առավոտ կանուխ բերեց գինով ու խնկով գրգռված փղերին, իսկ ինքն իջնելով ընդարձակ գավիթը՝ սկսեց ճեմել։ 24Քաղաքում գտնվող բոլոր մարդիկ եկել հավաքվել էին, ուզում էին տեսնել այն ողորմելի տեսարանը, որ առավոտ շուտ սպառնում էր հրեաներին։ 25Իսկ հրեաները, ժամ առ ժամ մոտենալով օրհասին, առատ արցունքներով, խղճալի ու ողբաձայն, ձեռքերը դեպի երկինք պարզած, աղաչում էին մեծ ու ամենազոր Աստծուն, որ նորից օգնության հասնի իրենց ու փրկի սոսկալի օրհասից։
26Արեգակն իր ճառագայթները դեռ չէր սփռել աշխարհի վրա, և մինչ թագավորը վեր կենալով ընդունում էր իր մեծամեծ հյուրերին, եկավ փղապետը, որպեսզի նրան ցույց տա, թե փղերն ինչպե՛ս են կազմ ու պատրաստ հասել մինչև հրապարակ։ Թագավորն անակնկալի եկավ. 27զարմացել էր փղերի պատրաստության վրա։ Նա մի անգամ էլ հետաձգեց կոտորածի հրամանը՝ ասելով. «Ի՞նչ կարիք կա անիմաստ շտապելու»։ Դարձյալ միտքը փոխեց, փղապետին մեղադրեց, որ ինչ հրամայված էր, անմիջապես չէր գործադրել։ 28Այս ամենը լինում էր Ամենակալ Տիրոջ հրամանով, որ օրհասի սոսկալի մտադրությունը մոռանալ էր տվել։ 29Մոտենալով՝ փղապետը ավագանու մեծամեծներին էր վկա բերում, թե փղերը նախապես պատրաստվել, իսկ զորքը զինվել է արքայի հրամանը կատարելու համար։ 30Այն ժամանակ թագավորը լցվեց մեծ զայրույթով, և դա շնորհիվ Աստծու մեծ գթասրտության, որովհետև Նա ուզում էր թագավորի մտադրությունը վերացնել։ Թագավորը մեծ բարկությամբ ու ցասումնալից նայեց փղապետին, սկսեց խոսել ու ասաց. 31«Եթե ձեր հայրերը, մայրերն ու որդիները ներկա լինեին, կհրամայեի նրանց քեզ հետ միասին գազաններին կեր դարձնել այդ դատապարտված անմեղ եբրայեցիների փոխարեն, որոնք ի սկզբանե անխարդախ արդարություն ու հավատարմություն են պահպանել մեր նախնիների նկատմամբ։ 32Եթե չլիներ միասին սնված ու մեծացած լինելուց բխող սերը, քո քաղցր արևն աչքերիցդ կկտրեի և քեզ, ո՜վ նենգ չարագործ, մեջտեղից կվերացնեի»։ 33Փղապետն այսպես բարեպատեհ դիպվածով մազապուրծ ազատվեց եղերական պատժից։ Նրա նախկին զվարթությունն անհետացավ, և տրտում երեսով նա հեռացավ մարդկանց միջից։ 34Թագավորի բարեկամներն էլ գլխիկոր ցրվեցին՝ հրամայելով, որ հավաքված ամբոխը յուրաքանչյուրն իր գործին գնա։
35Երբ եբրայեցիները լսեցին թագավորի հրամանը, սկսեցին օրհնել Տիրոջը՝ մեծազոր Աստծուն, թագավորների Թագավորին, մանավանդ որ այսպիսի օգնություն էին ստացել։ 36Այն ժամանակ թագավորն անմիջապես հրամայեց հրավիրվածներին, որ վերադառնան խնջույքը շարունակելու։ 37Նա փղապետին նորից կանչեց, սպառնալով խոսեց նրա հետ ու ասաց. «Ա՜յ թշվառական, քանի՞ անգամ եմ քեզ պատվիրել, որ կազմ ու պատրաստ պահես փղերը։ 38Գոնե վաղը թող պատրաստ լինեն՝ հրեաների թշվառական ու վնասակար ազգը ոչնչացնելու համար»։ 39Երբ բոլոր նստածները լսեցին դա, առավել զարմացան թագավորի հեղհեղուկ մտքի վրա ու ասացին. 40«Մինչև ե՞րբ, ո՜վ արքա, մինչև ե՞րբ պիտի փորձես մեզ։ Արդեն երեք անգամ հրամայում ես ոչնչացնել այդ հանդուգն ազգը, բայց անմիջապես քո իսկ հրամանը չեղյալ ես հայտարարում։ 41Դրա համար էլ բոլոր քաղաքների ժողովուրդները ավելի են վշտացել, քան հենց իրենք՝ այդ չարագործները»։ 42Մոլորված արքան այս ամենի պատճառով սկսեց վարանել, շփոթվել ու չհասկացավ, որ երկնքից է գալիս եբրայեցիների օգնությունը։ Նա նորից երդվեց իր անհաստատ երդումով ու ասաց. «Առանց որևէ բանից երկմտելու կատաղի գազաններին ոտնատակ անել պիտի տամ և դժոխք պիտի ուղարկեմ նրանց։ 43Նաև զորք պիտի հավաքեմ՝ Հուդայի երկրի վրա արշավելու, նրանց փայտակերտ շինությունները հրդեհելու, կավաշեն շինությունները ջրով քանդելու, նրանց ինչքն ու ունեցվածքը և երկրում եղածը կողոպտելու, նրանց տաճարը, որտեղ արգելում էին ինձ մտնել, կրակի մատնելու և այն հավիտյանս հեթանոսական զոհերի տան վերածելու»։
44Հրավիրվածները, բարեկամներն ու ազգականները, լսելով այդ հաստատ որոշումը, ուրախացած գնացին։ Նրանք հրաման տվեցին զորքին՝ հաստատվել ամուր վայրերում և գիշերային հսկողություն սահմանել։ 45Իսկ փղապետը, խիստ գրգռելով գազաններին, դրանց կազմ ու պատրաստ վիճակի բերեց. կնդրուկ, խունկ ու գինի իրար խառնելով՝ խմեցրեց ու գրգռեց դիվային գազաններին 46և վաղ առավոտյան, մինչ անթիվ բազմություն էր հավաքվել հրապարակում, եկավ մտավ արքունի սրահ ու շտապեցրեց թագավորին, որ կոտորեն կապված ժողովրդին։ 47Այն ժամանակ թագավորը ողջ զորքով ու կատաղած գազանների հետ դուրս եկավ՝ ցանկանալով իր անհագ աչքերով ու անգութ սրտով տեսնել թշվառ ժողովրդի ցավալի կոտորածը։ 48Երբ պատրաստված փղերն ու սպառազեն զինվորները հասան քաղաքի դարպասի մոտ, հրեաները լսեցին զինվորների ոտքերի դոփյունը և տեսան զենքերի փայլն ու մինչև երկինք հասնող փոշու ամպը։ Նրանց շրջապատող ամբոխն աղաղակում էր։ 49Այս ամենից նրանք կարծես կաթվածահար եղան՝ մտածելով, որ իրենց թշվառ կյանքի վերջը հասել է։ Խանդաղատանքով լցված՝ հայրերն ու մայրերը, որդիներն ու դուստրերը, քույրերն ու եղբայրները, ազգակից սիրելի բարեկամները, միմյանց պարանոցներին փաթաթված, համբուրում էին իրար։ Մայրերից ոմանք իրենց նորածին երեխաներին գրկած՝ կարծում էին, որ վերջին անգամ են կուրծք տալիս իրենց երեխաներին։ 50Մինչ այս ալեկոծության ու տագնապի մեջ հալումաշ էին լինում, հիշեցին երկնքից եկած առաջին օգնությունը և միմյանցից բաժանվելով ու մանուկների բերաններից ստինքները հանելով՝ բոլորը միասին գետնաթավալ ընկան մեծ Աստծու առաջ 51և բարձրաձայն ու ողբագին լացով աղաչում էին ամենազոր Ամենակալին, որ մեծ ողորմությամբ գթա և փրկի հուսալքվածներին ու դժոխքի դուռը հասածներին։

Արդեն Ընտրված.

Գ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 5: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք