Գ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 4

4
Հրեաների տեղահանությունը
1Հրովարտակի հրամանը ուր էլ հասնում էր, հեթանոսները հավաքվում էին գավառներում ու քաղաքներում և մեծ ուրախություն անում, որովհետև խորամանկ նենգությամբ թաքցրած իրենց ոխակալությունն արդեն բացահայտորեն ու համարձակությամբ էին ցույց տալիս։ 2Եբրայեցիների խոր սուգը հորդառատ արցունքներով ու ճիչերով սիրտ էր ճմլում, որովհետև հանկարծ տրվել էր մի խիստ հրաման, որով կոչ էր արվում առհասարակ բոլորին սպանել։ 3Չկար մի գավառ, մի քաղաք, ընդհանրապես մարդաբնակ մի վայր կամ քաղաքներում մի փողոց, որ գույժի աղաղակով ու կոծով լցված չլիներ, 4որովհետև խիստ դաժան ու անողոք այդ հրամանի համաձայն՝ գավառների հրամանատարները զանազան քաղաքներից տեղահան էին անում ընտրյալ ազգի զավակներին, որպեսզի բնակավայրերից դուրս իզուր տեղը մեռնեն։ Աղետալի տառապանքներն ու խոր վշտերը այնքան ծանր էին, որ մարդկանց չարչարանքների այս ողորմելի տեսարանը հասարակ գթասրտության պատճառով մինչև անգամ ոխակալ սրտից ու նախանձալից աչքերից արտասուք էր քամում, 5որովհետև թշվառության այդ ճանապարհով տանում էին ալեհեր, ծերությունից թուլացած և հիվանդաքայլ ոտքերով ծերունիների մի բազմություն։ 6Տանում էին նաև նորապսակների՝ այդ չար գույժով զրկելով նրանց ամուսնական նոր առագաստի կիսատ մնացած ուրախությունից։ Ավանդապահ, քողածածկ ու պարկեշտ հարսները, գլխաբաց ու ողբալով, յուղով օծված մազերի հյուսվածքը համարձակորեն արձակած, հող էին լցնում իրենց գլուխներին։ Նրանք ուրախ երգերի ձայնակից ընկեր լինելու փոխարեն ենթարկվում էին իրենց համար անսովոր տառապանքների։ 7Հերարձակ, բզկտված ու կապված՝ նրանց բռնությամբ քարշ էին տալիս հրապարակներից մինչև նավահանգիստները։ 8Նրանց ամուսինները, երիտասարդական ուրախության փոխարեն ձեռնակապերով ու պարաններով էին կապկպված, իրենց վրա հասած այս աղետի պատճառով իրենց դիմաց տեսնում էին մահվան օրհասը, իրենց ոտքերի առաջ՝ դժոխքի պատկերը։ 9Այսպես բոլորին՝ իբրև վայրենի գազանների, շղթայակապ բերեցին և նույն շղթաներով, որոնցով կապված էին նրանց պարանոցները, ամրացրին նավախելերին։ Ոմանց ոտքերից, ոմանց ձեռքերից կապելով՝ գամեցին նավի տախտակամածի վերին կողմը։ 10Բոլոր կողմերից փակված՝ նրանք թմրած ու հիմարացած էին։ Այդպես էին արել, որպեսզի նավերի ընթացքի ժամանակ հանկարծ խորամանկությամբ փախչել չկարողանան։
11Երբ այսպես բոլորին նավերին ամրացրած տարան և հաջողակ քամու շնորհիվ, թագավորի հրամանի համաձայն, տեղ հասցրին, հրաման արձակվեց, որ դրանց հավաքեն քաղաքից դուրս մի հրապարակում, ընդարձակ մի վայրում՝ ի խայտառակություն այդ ազգի, որպեսզի քաղաք ելումուտ անող բոլորն անարգել տեսնեն նրանց. նախորդների վրեժը սրանցից էին հանում։ 12Երբ այս ամենը կատարվեց, հայտնի դարձավ, որ հրեաների ազգակիցները գաղտնի ելնում են քաղաքից, որպեսզի նրանց հետ ողբան իրենց ազգի վրա հասած այս հանկարծակի թշվառության համար։ 13Երբ դա իմացվեց, թագավորը խիստ զայրացավ ու հրաման տվեց, որ քաղաքում գտնվող հրեաներին նույնպես բերեն ու խառնեն սրանց և բոլորին նույն պատժին ենթարկելով՝ մահվան դատապարտեն։ 14Նա պատվիրել էր անուն առ անուն մարդահամարի ենթարկել նրանց ազգատոհմը, սակայն ոչ թե նախապես հպանցիկ նշված ծանր աշխատանքի համար, այլ սաստիկ պատուհասներով ու տանջանքներով մեկ օրում նրանց ոչնչացնելու համար։
15Թեև նրանց մարդահամարը կատարվում էր խիստ հապճեպ ու նախանձախնդիր ջանասիրությամբ, արևածագից մինչև մայրամուտ, բայց քառասուն օրից հետո էլ այն լիովին ավարտել չհաջողվեց։
16Թագավորը, սովորականից ավելի մեծ ու տևական ցնծությամբ լցված, կարգադրեց խնջույք հրավիրել մեծ տաճարում՝ ի պատիվ բոլոր մեծ կուռքերի։ Ճշմարտությունից շեղված մտքով, անօրեն ու պիղծ բերանով նա հարգում և գովաբանում էր անշունչ, անձայն ու անմռունչ կուռքերին, իսկ օրինավոր սրբությունների մասին ասում էր այն, ինչ վայել չէր։ 17Նշանակված ժամկետն անցնելուց հետո մարդահամար անող գրագիրները եկան ու թագավորին հանձնեցին ցուցակը։ Նրանք սկսեցին համոզել, որ հրեաների հաշվառում կատարելն անհնար է։ 18Նրանք ասացին. «Չենք կարող, որովհետև նրանք անչափ շատ են. շատերը երկրով մեկ ցրված լինելու պատճառով մարդահամարից դուրս են մնացել, չհաշվառված հրեաներ կան անգամ Եգիպտոսի տարբեր վայրերում»։ 19Երբ թագավորը դա լսեց, սպառնաց պատժել գրագիրներին՝ որպես կաշառակերների, որոնք իբր ցանկանում են խոտոր ճանապարհներով փրկել հրեաների կյանքը։ 20Սակայն նրանք պնդում ու բացահայտորեն ցույց էին տալիս, որ իրենց թղթերն սպառվել, իսկ գրիչները մաշվել են։ 21Բայց այս ամենը լինում էր Բարձրյալի օգնությամբ, որը գութ ու խնամք էր ցուցաբերում եբրայեցիների նկատմամբ։

Արդեն Ընտրված.

Գ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 4: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք