Գ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 6

6
Եղիազարի աղոթքը
1Քահանաների սերնդից Եղիազար անունով երևելի մի մարդ, որ արդեն ծերության էր հասել, և որի կյանքը մանկությունից քաջությամբ ու արդարությամբ էր զարդարված, իր շուրջը համախմբեց մի քանի ծերունիների, հանգստացրեց նրանց և սուրբ Աստծուն դիմելով՝ աղոթեց այսպիսի խոսքերով. 2«Մեծազո՛ր Թագավոր, Բարձրյալ և Ամենակա՛լ Աստված, որ քո բոլոր արարածներին առաջնորդում և ուղղորդում ես քո ողորմած գթությամբ, 3նայի՛ր Աբրահամի զավակների, սուրբ Իսահակի ու Հակոբի որդիների՝ քո բաժին ժառանգության վրա, որոնք՝ որպես օտարներ, կորստի են մատնվում օտար երկրում։ 4Դու այն Աստվածն ես, որ եգիպտական փարավոնին իր բազմաթիվ մարտակառքերով ու երիվարներով՝ գոռոզ ու ամբարտավան եգիպտական զորքի հետ ծովասույզ անելով՝ կորստյան մատնեցիր։ 5Դու ես, որ կոտորեցիր Ասորեստանի պարծենկոտ Սենեքերիմ#Գրբ. Սանատրուկ։ արքայի անթիվ զորքը, որը սրով ու տեգով գրավել, նվաճել էր ամբողջ Հուդայի երկիրը և հոխորտում էր ինքնահավան խոսքերով հանդուգն սաստկությամբ ու մեծ նախատինքով հարձակվել նաև սուրբ քաղաքի վրա։ Դու, Տե՛ր, հարվածեցիր, կոտորեցիր ու կործանեցիր նրան և բոլոր հեթանոսներին բացահայտորեն ցույց տվեցիր քո բազկի ուժը։ 6Դու փրկեցիր երեք մանուկներին, որոնք Բաբելոնում սնոտի աստվածներին չերկրպագելու համար ինքնակամ հրի էին մատնել իրենց, և նրանց մազի մի թելին անգամ կրակ չդիպչեց։ Եվ դու հրո ճարակ դարձրիր թշնամուն։ 7Դու ես, որ անվնաս պահելով լույս աշխարհ հանեցիր նենգ վրեժխնդրության պատճառով գուբը՝ կատաղի գազանների երախը նետված Դանիելին։ 8Դու ես, որ տեսար և անդունդներից հանեցիր այն հյուրին, որ մաշվում էր ձկան որովայնում, և անվնաս բերեցիր ու իր ընտանիքին ներկայացրիր։ 9Դու, Հա՛յր, որ ատում ես ամբարտավաններին, որ բարեսեր ես, ողորմած ու ապավեն բոլորին, շտապ հայտնվի՛ր իսրայելացիներին, որոնք պիղծ ու անօրեն հեթանոսների ձեռքին չարաչար պատուհասի են ենթարկվում։ 10Իսկ եթե մեր ամբարիշտ կյանքն այսպիսի սպառնալիքներով է վախճան ունենալու, ապա գոնե թշնամիների ձեռքից ազատի՛ր և հետո, ինչպիսի սոսկալի պատուհասներով էլ ցանկանաս պատժել մեզ, պատժի՛ր, 11որպեսզի դատարկամիտ ու ունայնախոհ հեթանոսները մեզ կոտորելով չպարծենան իրենց սնոտի աստվածների առաջ ու չասեն. “Անգամ իրենց Աստվածը նրանց չփրկեց մեր ձեռքից”։ 12Դու, որ բոլոր զորությունները, իշխանություններն ու պետությունները հավիտյանս պահում ես քո ձեռքում, անմահ ու ողորմա՛ծ Աստված, ողորմի՛ր ու գթա՛ մեզ, որ այսպիսի անօրեն թշնամությամբ մահվան անիմաստ պատիժ կրելով՝ մահվան ենք դատապարտվել իբրև չարագործներ։ 13Քո ամենահաղթ զորությունը թող հալեցնի ու մաշեցնի հեթանոսներին, դու, որ ունես զորությունը՝ փրկելու Հակոբի տոհմին։ 14Ահա մատղաշ երեխաները, նրանց հայրերն ու մայրերը, խումբ-խումբ ծնկի եկած, արցունք թափելով, աղաչում են, 15որ բոլոր հեթանոսներին ցույց տաս, որ դու մեր նկատմամբ ողորմած ես, ո՜վ մեր Տեր, և մեզ հետ ես ու երես չես թեքել մեզանից, ինչպես առաջ էլ խոստացել էիր, որ մեր թշնամիների երկրում չես լքի մեզ։ Արդ, քո նույն այդ խոստումը կատարի՛ր, Տե՜ր»։
Թագավորն ազատություն է շնորհում հրեաներին
16Մինչ Եղիազարն իր այս աղոթքն էր ուղղում Աստծուն, խիստ զայրացած թագավորը գազաններով ու զորքով եկավ հրապարակ։ 17Եբրայեցիները, տեսնելով դա, իրենց աչքերը վեր բարձրացրին և բարձրաձայն գոչումով աղաղակեցին դեպի երկինք։ Գոչման այս ձայնին արձագանքեցին բոլոր լեռներն ու հովիտները, և կրկնակի այդ աղմուկ-աղաղակից սաստիկ խռովություն բարձրացավ զորքի մեջ։ 18Այդ ժամին Բարձրյալը՝ փառավոր, մեծապատիվ, ամենակալ ու ճշմարիտ Աստված, ցույց տվեց իր երեսը։ Նա բացեց երկնքի դռները, որտեղից եկան իջան երկու ահեղ, փառավոր ու աներևույթ հրեշտակներ, որոնք ոչ ոքի չէին երևում, բացի հրեաներից։ 19Նրանք ելան թշնամիների դեմ, զորքը խուճապի մատնեցին, ահ ու դողի մեջ գցեցին նրանց և բոլորին առհասարակ կաշկանդեցին ու անշարժացրին։ 20Թագավորի մարմինն ու ոսկորները սոսկալի դողում էին ու փշաքաղվում։ Նա մոռացավ իր կատաղի գազանությունն ու սաստիկ զայրույթը։ 21Իսկ գազանները հետ դարձան ու հարձակվեցին սպառազեն զորքի վրա և նրանցից շատերին ոտնակոխ անելով՝ սպանեցին։ 22Նույն տեղում թագավորի զայրույթն անմիջապես փոխվեց արտասուքի ու գութի նախկինում իր ցույց տված համառության ու խստության համար, 23որովհետև երբ լսեց նրանց աղաղակն ու հիշեց բազմության կոտորածը, վրդովվեց, արտասվեց և խստությամբ խոսելով բարեկամների հետ՝ ասաց. 24«Դուք չափից ավելի բռնություններ գործեցիք, ուզում եք թագավոր դառնալ, ուզում եք իմ երախտիքների փոխարեն ինձ առհասարակ իշխանությունից զրկել։ Դուք՝ առաքինի խորհրդականնե՛րդ, ինձ խելքից հանեցիք և խորամանկությամբ ուզեցիք անել այն, ինչ օգտակար չէ մեր պետությանը։ 25Ո՞վ է, որ ուզում է սասանել մեր հզոր ու հաստատուն աշտարակը՝ մեր ուխտի ավանդապահներին, ո՞վ է, որ սրանցից յուրաքանչյուրին իրենց բնակավայրերից կտրելով՝ իբրև չարագործ գազանների, հավաքել, կապկպել ու պաշարված պահում է այստեղ։ 26Ո՞վ է, որ այսպիսի անասելի տանջանքների ենթարկելով բերել և կապված պահում է այս մարդկանց, որոնք, արդարամտությանը հավատարիմ մնալով, բազմաթիվ պատերազմների ու խռովությունների ժամանակ սկզբից ևեթ մեր նկատմամբ ավելի հավատարիմ ու արդար են եղել, քան մյուս ազգերը։ 27Քանդե՛ք, արձակե՛ք այդ անօրեն կապանքները, ամեն մեկին խաղաղությամբ իր բնակավա՛յրն ուղարկեք, 28նախկինում պատճառած լլկանքների փոխարեն փափկությամբ մխիթարե՛ք որդիներին ամենակալ ու կենդանի երկնավոր Աստծու, որը մեր նախնիներից սկսած մինչև այսօր մեզ տվել է հզոր իշխանություն ու հաստատուն իրավունքներ»։ Թագավորն այսպիսի խոսքեր ասաց։ 29Իսկ եբրայեցիները, անմիջապես, մի ակնթարթում ազատ արձակվելով իրենց կապանքներից, օրհնեցին իրենց ամենակալ փրկիչ սուրբ Աստծուն, որովհետև անհավատալիորեն մազապուրծ ազատվել էին մահվանից։ 30Թագավորը եբրայեցիներին այս ազատությունը տալուց հետո մտավ քաղաքամեջ և հրամայեց կանչել եկամուտների նախարարին ու ասաց. «Հրեաներին գինի՛ ու ընտիր ալյո՛ւր մատուցիր և այն ամենը, ինչ պետք է յոթ օրվա ուրախության համար»։ Որովհետև որոշել էր, որ այնտեղ, որտեղ հրեաներն ակնկալում էին իրենց կոտորածի նախճիրն ընդունել, նույն տեղում փրկության առիթով յոթ օր ուրախություն անեն։ 31Այն ժամանակ նրանք, որ նախատինքի ու ծաղրուծանակի ենթարկվելով՝ եկել հասել էին մահվան դուռը, նույնիսկ մտել էին դժոխքի դռնից ներս, այժմ խմբերի բաժանված և ուրախությամբ լի՝ այդ դառն օրհասի փոխարեն ուրախության խնջույք էին անում այն փրկության վայրում, որտեղ սպասում էին կոտորվելու ու մահվան վիհն ընկնելու։ 32Նրանք արտասվալից ողբերի փոխարեն մայրենի լեզվով սկսեցին օրհնել հրաշագործ ու փրկիչ Աստծուն։ Մոռացան լացն ու կոծը և ի նշան խաղաղության ու ցնծության՝ ուրախ պարեր էին պարում։
33Այս ձևով թագավորն էլ, մեծ խրախճանքի ժամ նշանակելով այս դեպքերի առթիվ, անսահման ուրախությամբ հրամայեց ներս կանչել հրավիրյալներին. անդադար աղոթելով ու երկինք նայելով՝ ժողովրդի անակնկալ և սքանչելի փրկության համար առատորեն օրհնում էին Աստծուն։ 34Իսկ նրանք, ովքեր առաջ ուրախությամբ ուզում էին ժողովրդին գազանների ու գիշատիչ թռչունների կեր դարձնել, այժմ ամոթից ու իրենց մեղավոր զգալուց հառաչում էին և իրենց հրաբորբոք բարկությունն իջեցնելով՝ ցնծում էին անզուսպ ուրախությամբ։ 35Հրեաներն էլ, ինչպես քիչ առաջ ասացինք, յոթ օր ուրախության պարեր պարելով և զվարճանալով, օրհնում էին Աստծուն։ 36Ընդհանուր համաձայնությամբ օրենք սահմանեցին, որ իրենց բնակության բոլոր վայրերում այդ օրերն ուրախությամբ անցկացնեն։ Դա ոչ թե իրենց հպարտությանը կամ որկրամոլությանը հագուրդ տալու համար էր, այլ գոհություն հայտնելու Աստծուն՝ նրա պարգևած փրկության համար։ Որոշեցին այդ օրերը դասել իրենց տարեկան տոների շարքը։ 37Ապա խնդրեցին թագավորին, որ թույլ տա իրենց, որպեսզի յուրաքանչյուրն իր բնակավայրը մեկնի։
38Մարդահամարը տևեց քառասուն օր՝ Պաքոն ամսի քսանհինգից մինչև Եպիփի ամսի չորսը։ Իսկ նրանց կոտորածը նշանակվել էր Եպիփի ամսի հինգից մինչև յոթը՝ երեք օր, 39որի ընթացքում Աստված փառավոր կերպով ցույց տվեց իր ողորմածությունը և նրանց բոլորին փրկեց՝ անվնաս պահելով։ 40Ապա նրանք ուրախացան մինչև ամսի տասնչորսերորդ օրը, որովհետև թագավորը հրամայել էր խնջույքի համար անհրաժեշտ ամեն ինչ տալ նրանց, որից հետո ազատ արձակվեցին։ 41Թագավորը նաև հանձն առավ և հրամայեց, որ բոլոր քաղաքների զորավարներին ուղարկվեն այսպիսի հրովարտակներ.

Արդեն Ընտրված.

Գ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 6: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք