Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ 3

3
Վերջին օրեր
1Այս բանն իմացի՛ր, որ վերջին օրերին չար ժամանակներ կգան, 2որովհետև մարդիկ կլինեն անձնասեր, դրամասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, սրբապիղծ, 3տմարդի, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, 4մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հեշտասեր, քան աստվածասեր։ 5Նրանք արտաքուստ աստվածապաշտ են, բայց ուրացել են աստվածապաշտության զորությունը։ Խորշի՛ր նրանցից։ 6Որովհետև նրանց մեջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն և գերում են մեղքերով ծանրաբեռնված, զանազան ցանկություններով տարված կանանց, 7որոնք միշտ ուսանում են, բայց երբեք չեն հասնում ճշմարիտ գիտությանը։ 8Եվ ինչպես Յանեսն ու Յամբրեսը հակառակվեցին Մովսեսին, այնպես էլ սրանք՝ մտքով ապականված, հավատի մեջ ձախողված այս մարդիկ, հակառակվում են ճշմարտությանը։ 9Բայց նրանք երբեք ավելի առաջ չեն գնա, որովհետև նրանց անմտությունը հայտնի կլինի բոլորին, ինչպես եղավ այդ երկուսինը։
Հորդորներ
10Իսկ դու հետևեցիր իմ վարդապետությանը, իմ առաջնորդությանը, իմ հոժարությանը, հավատին, համբերատարությանը, սիրուն, համբերությանը, 11հալածանքներին, չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիոնում և Լյուստրայում։ Գիտես, թե ինչպիսի՜ հալածանքների ենթարկվեցի, և Տերն ինձ ազատեց այդ բոլորից։ 12Եվ բոլոր նրանք, ովքեր ուզում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, կլինեն հալածանքների մեջ։ 13Իսկ չար և խաբեբա մարդիկ ավելի առաջ կգնան չարության մեջ, իրենք մոլորված՝ ուրիշներին էլ կմոլորեցնեն։ 14Բայց դու հաստա՛տ մնա այն բանի մեջ, որ սովորեցիր և որին հավատարիմ եղար։ Գիտես, թե ումի՛ց ես սովորել, 15որովհետև մանկուց գիտես Սուրբ Գիրքը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար, այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է։ 16Սուրբ Գրքի ամեն մի գիրք աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, 17որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ և պատրաստ՝ ամեն տեսակ բարի գործերի։

Արդեն Ընտրված.

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ 3: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք