Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ 2
2
Քրիստոսի հավատարիմ զինվորը
1Հետևաբար, դու, որդյա՛կ իմ, զորացի՛ր Քրիստոս Հիսուսի շնորհով։ 2Եվ ինչ որ ինձնից լսեցիր բազում վկաների ներկայությամբ, ավանդի՛ր այն հավատարիմ մարդկանց, որոնք ի վիճակի են ուրիշներին էլ ուսուցանել։
3Ինձ նման հա՛նձն առ չարչարվել որպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր։ 4Ոչ ոք, զինվորական դառնալով, չի զբաղվի քաղաքացիական կյանքի գործերով՝ իր զորավարին հաճոյանալու համար։ 5Նույնպես և մարզիկը դափնեպսակ չի ստանա, եթե կանոնների համաձայն չմրցի։ 6Եվ ծանր աշխատանք կատարող հողագործը նախ ինքը պետք է բերքից վայելի։ 7Հասկացի՛ր, թե ի՛նչ եմ ուզում ասել։ Տերը քեզ իմաստություն կտա ամեն ինչում։
8Հիշի՛ր մեռելներից հարություն առած Քրիստոս Հիսուսին՝ Դավթի ցեղից, ըստ իմ քարոզած Ավետարանի, 9որի համար չարչարվում եմ, նույնիսկ շղթայված եմ, ինչպես մի չարագործ։ Բայց Աստծու խոսքը շղթայված չէ։ 10Դրա համար ամեն ինչի համբերում եմ ի սեր ընտրյալների, որպեսզի նրանք ևս հասնեն փրկության և երկնային փառքին, որ Քրիստոս Հիսուսով է։ 11Հավաստի է այս խոսքը.
«Եթե Քրիստոսի հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք։
12Եթե համբերենք, նրա հետ էլ կթագավորենք։
Եթե ուրանանք նրան, նա էլ մեզ կուրանա։
13Եթե հավատարիմ չմնանք, նա հավատարիմ է մնում,
որովհետև ինքն իրեն ուրանալ չի կարող»։
Փորձված մշակը
14Այս ամենը հիշեցրո՛ւ նրանց՝ պարտավորեցնելով Աստծու առաջ, որ բանակռիվ չանեն, մի բան, որ որևէ օգտակարություն չունի, այլ կործանման է տանում լսողներին։ 15Ջանա՛ Աստծու առաջ ինքդ քեզ ներկայացնել որպես փորձված մշակ, որ ամաչելու բան չունի, որ ճշմարտության խոսքն ուղիղ է ուսուցանում։
16Հեռո՛ւ մնա պիղծ ու դատարկ զրույցներից, որովհետև դրանց հեղինակներն ավելի են առաջանում ամբարշտությունների մեջ, 17և նրանց խոսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում։ Նրանց թվում են Հիմենոսն ու Ֆիլետոսը, 18որոնք շեղվեցին ճշմարտությունից։ Նրանք ասում են, թե մեռելների հարությունն արդեն իսկ տեղի է ունեցել, և կործանում են ոմանց հավատը։ 19Բայց Աստծու դրած հաստատուն հիմքը կանգուն է մնում և ունի այս կնիքը. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Ով որ Տիրոջ անունն է կրում, թող հեռո՛ւ մնա անիրավությունից»։
20Մեծ տան մեջ ոչ միայն ոսկյա ու արծաթյա անոթներ են լինում, այլև փայտե ու խեցե։ Կան, որ պատվավոր գործածության համար են, մյուսները՝ ոչ պատվավոր գործածության։ 21Եթե մեկն ինքն իրեն մաքրի այդպիսի բաներից, կդառնա պատվավոր մի անոթ՝ սրբագործված և պիտանի իր Տիրոջը, պատրաստ ամեն բարի գործի։
22Փախի՛ր երիտասարդական ցանկություններից և հետամո՛ւտ եղիր արդարության, հավատի, սիրո, խաղաղության ու սրբության, նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղոթում են Տիրոջը։ 23Խուսափի՛ր հիմար և անիմաստ վեճերից, իմացի՛ր, որ դրանցից կռիվներ են ծագում։ 24Տիրոջ ծառան չպետք է կռվի, այլ պետք է բոլորի հանդեպ հեզ լինի, կարող՝ ուսուցանելու, անոխակալ՝ 25հակառակողներին հանդարտությամբ խրատելու։ Աստված նրանց թերևս ապաշխարություն տա, որպեսզի ճանաչեն ճշմարտությունը 26և զգաստանալով՝ ազատվեն սատանայի որոգայթներից, որի կողմից բռնված են նրա կամքը կատարելու համար։
Արդեն Ընտրված.
Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ 2: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն