Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 6
6
1Մենք ձեր գործակիցներն ենք և աղաչում ենք, որ դուք Աստծու շնորհն իզուր ընդունած չլինեք, 2որովհետև Աստված ասում է.
«Ընդունելի ժամանակում լսեցի քեզ
և փրկության օրը օգնեցի քեզ» (Ես. 49.8)։
Ահա հիմա ընդունելի ժամանակն է, ահա հիմա փրկության օրն է։ 3Ոչ մի բանով պատճառ մի՛ եղեք, որ մեր ծառայությունը վարկաբեկվի. 4այլ բոլոր դեպքերում դուք ձեզ ներկայացրեք որպես Աստծու պաշտոնյաներ՝ ցուցաբերելով մեծ համբերություն նեղությունների մեջ, վշտերի մեջ, չարչարանքների մեջ, 5հարվածների տակ, բանտերում, խռովությունների մեջ, տքնությունների մեջ, հսկումների մեջ, ծոմապահության մեջ, 6սրբությամբ, գիտությամբ, համբերությամբ, քաղցրությամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով, 7ճշմարտության խոսքով, Աստծու զորությամբ, արդարության զենքով, որ աջ և ձախ ձեռքերում է, 8փառքով և անարգությամբ, գովասանքով և պարսավանքով, խաբեբա համարվողներ, բայց ճշմարտությունից չշեղվածներ, 9իբրև անծանոթներ, բայց բոլորից ճանաչվածներ, իբրև մահամերձներ, բայց ահավասիկ ողջ ենք, իբրև պատժվածներ, բայց ոչ մահապարտներ, 10իբրև տրտմածներ, բայց շարունակ ուրախ ենք, իբրև աղքատներ, բայց շատերին ենք հարստացնում, իբրև թե ոչինչ չունենք, բայց ունենք ամեն ինչ։ 11Կորնթացինե՛ր, մեր բերանները բաց են ձեզ պատգամելու համար, և մեր սրտերը՝ լայն։ 12Դուք մեր պատճառով չեք նեղվում, այլ դուք ձեր սրտերում եք նեղվում։ 13Արդ, նույն փոխադարձությամբ,- իբրև որդիների եմ ասում ձեզ,- լայնորեն բացե՛ք ձեր սրտերը։
Զգուշացում կռապաշտությունից
14Անհավատներին լծակից մի՛ եղեք, քանի որ ի՞նչ կապ կարող է լինել արդարության և անօրենության միջև, կամ ի՞նչ հաղորդակցություն կարող է լինել լույսի և խավարի միջև։
15Եվ կամ ի՞նչ համաձայնություն կարող է լինել Քրիստոսի և Բելիարի միջև, կամ ի՞նչ առնչություն կարող է լինել հավատացյալի ու անհավատի միջև, 16կամ ի՞նչ նմանություն կարող է լինել Աստծու տաճարի և մեհյանների միջև։ Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք։ Ինչպես ասաց Աստված.
«Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ապրեմ նրանց մեջ,
պիտի լինեմ նրանց Աստվածը,
և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը (Ղևտ. 26.12, Եզկ. 37.27)։
17Հետևաբար,
դո՛ւրս եկեք նրանց միջից և հեռո՛ւ մնացեք,- ասում է Տերը,-
մի՛ դիպեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ (Ես. 52.11)։
18 Ես կլինեմ ձեզ համար հայր,
և դուք կլինեք ինձ համար որդիներ ու դուստրեր (Բ Թագ. 7.14, Ա Մն. 17.13, Ես. 43.6, Երմ. 31.9),-
ասում է Ամենակալ Տերը»։
Արդեն Ընտրված.
Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 6: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն