Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 7
7
Պողոսի ուրախությունը կորնթացիների զղջման առիթով
1Սիրելինե՛ր, քանի որ այս խոստումն ունենք, ինքներս մեզ մաքրենք մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծու երկյուղով։ 2Մեզ տե՛ղ տվեք ձեր սրտերում, որովհետև ոչ ոքի չվնասեցինք, ոչ ոքի չապականեցինք և ոչ ոքի չզրկեցինք։ 3Ձեզ դատապարտելու համար չեմ ասում, քանի որ քիչ առաջ ասացի, որ մեր սրտերում եք՝ ձեզ հետ ապրելու թե մեռնելու համար։
4Մեծ վստահություն ունեմ ձեր հանդեպ. մեծապես հպարտ եմ ձեզնով։ Լի եմ մխիթարությամբ, մեր բոլոր նեղությունների մեջ լցված եմ ուրախությամբ։ 5Որովհետև երբ մենք Մակեդոնիա հասանք, երբեք հանգիստ չունեցանք, ավելին՝ ամեն կողմից նեղություն կրեցինք, քանի որ դրսից թշնամիներն էին, իսկ ներսից՝ մեր վախը։ 6Բայց Աստված, որ մխիթարում է խոնարհներին, մխիթարեց մեզ Տիտոսի գալով։ 7Ոչ միայն նրա գալստյամբ, այլև այն մխիթարությամբ, որ նա ստացել էր ձեր մեջ։ Նա մեզ պատմեց ինձ տեսնելու ձեր սաստիկ ցանկության, ձեր լացի, իմ հանդեպ ձեր նախանձախնդրության մասին, այնպես որ ես է՛լ ավելի ուրախացա։ 8Նույնիսկ եթե ձեզ տխրեցրի այդ նամակով, չեմ զղջում դրա համար, թեև զղջացել էի, որովհետև տեսնում եմ, որ այդ նամակը մի կարճ ժամանակ է տխրեցրել ձեզ։ 9Արդ ուրախ եմ ոչ թե նրա համար, որ տրտմեցիք, այլ որովհետև ապաշխարության համար տրտմեցիք, որովհետև ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, որպեսզի մեզնից ոչ մի կշտամբանքի չարժանանաք։ 10Քանի որ տրտմությունը, ըստ Աստծու ուզածի, ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որի համար չի կարելի զղջալ. իսկ աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում։ 11Արդ, հենց այն, որ ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, ի՜նչ մեծ ջանք արթնացրեց ձեր մեջ, կամ ի՜նչ ներողություն, կամ զայրույթ, կամ երկյուղ, կամ տենչանք, կամ նախանձախնդրություն, կամ վրեժխնդրություն։ Ամեն կերպ ցույց տվեցիք, թե դուք մաքուր եք այդ հարցում։ 12Ապա ուրեմն, եթե նույնիսկ ես ձեզ գրեցի, գրեցի ոչ թե նրա համար, ով զրկում է, ոչ էլ նրա համար, ով զրկվում է, այլ որպեսզի Աստծու առաջ հայտնի լինի մեր նկատմամբ ձեր ունեցած հոգածությունը։ 13Ահա թե ինչու մենք մեզ մխիթարված ենք զգում։
Մեր մխիթարությունից զատ, շատ ավելի ուրախացանք Տիտոսի ուրախության համար, քանի որ նրա հոգին զորացել էր ձեր բոլորիդ շնորհիվ։ 14Եվ եթե անգամ ձեզնով մի փոքր պարծեցել էի նրա առաջ, ամոթով չմնացի, այլ ինչպես որ ամեն ինչ ճշմարտությամբ խոսեցինք ձեզ հետ, նույնպես և Տիտոսի առաջ մեր պարծանքը ճշմարիտ եղավ։ 15Նաև նրա գորովն է ավելացել ձեր հանդեպ, քանի որ հիշեցնում էր մեզ ձեր բոլորի հնազանդությունը, թե ինչ ահով ու դողով եք ընդունել իրեն։ 16Արդ ուրախ եմ, որ ամբողջական վստահություն ունեմ ձեզ վրա։
Արդեն Ընտրված.
Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 7: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն