Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 5

5
1Արդարև, գիտենք՝ եթե մեր այս հողեղեն տունը, որ մեր մարմինն է, քայքայվի, Աստծուց շինված անձեռակերտ հավիտենական տուն ունենք երկնքում։ 2Եվ այս տան մեջ հառաչում ենք, որովհետև փափագում ենք երկնքի բնակությունը հագնել։ 3Միայն թե, երբ այն հագնենք, մերկ չլինենք։ 4Քանի դեռ այս տան մեջ ենք, հառաչում ենք ծանր բեռան տակ, որովհետև ոչ թե ուզում ենք այս մարմինը հանել մեր վրայից, այլ ուզում ենք երկնայինը հագնել սրա վրա, որպեսզի այս մահկանացու մարմինը կլանվի կյանքից։ 5Աստված ինքն է, որ մեզ պատրաստում է այս փոխակերպմանը, նա, որ Հոգին տվեց մեզ որպես առհավատչյա։ 6Արդ, միշտ վստահությամբ ենք լցված և գիտենք, որ որքան այս մարմնի մեջ ենք բնակվում, տարագիր ենք Տիրոջից 7(որովհետև հավատով ենք ընթանում և ոչ թե տեսողությամբ)։ 8Եվ վստահություն ունենք ու առավել ևս հաճելի է մեզ դուրս գալ այս մարմնից և մտնել Աստծու մոտ։ 9Ուստի հոգ ենք տանում, որ մնանք թե դուրս գանք, հաճելի լինենք միայն նրան. 10որովհետև մենք ամենքս էլ Քրիստոսի ատյանի առաջ պիտի կանգնենք, որպեսզի յուրաքանչյուրն իր մարմնով ստանա նախկինում իր կատարած բարի կամ չար գործերի հատուցումը։
Հաշտություն Աստծու հետ՝ Քրիստոսով
11Արդ, գիտենալով Տիրոջ երկյուղի չափը՝ փորձում ենք համոզել մարդկանց, սակայն հայտնի ենք Աստծու առաջ. բայց ես հույս ունեմ, որ ձեր խղճի առաջ էլ հայտնի կլինենք։ 12Ոչ թե մենք մեզ կրկին հանձնարարում ենք ձեզ, այլ ձեզ մեզնով պարծենալու առիթ ենք տալիս, որպեսզի այդ առիթն ունենաք նրանց դեմ, որոնք աչքին երևացածով են պարծենում և ոչ թե սրտում եղածով։ 13Որովհետև, եթե ցնորվել ենք, Աստծու համար է այն, և եթե զգաստ ենք, ձեզ համար է այն։ 14Որովհետև Քրիստոսի սերն է ստիպում մեզ քննելու այս. որ եթե մեկը բոլորի փոխարեն մեռավ, ապա բոլորը մեռած էին։ 15Եվ նա մեռավ բոլորի համար, որպեսզի նրանք, ովքեր ապրում են, միայն իրենց համար չապրեն, այլև նրա համար, ով մեռավ և հարություն առավ իրենց համար։ 16Այսուհետև մենք ոչ ոքի չենք ճանաչում մարդկային չափանիշով. որովհետև թեպետ մարդկային չափանիշով էինք ճանաչում Քրիստոսին, սակայն այժմ այլևս նույն ձևով չենք ճանաչում։ 17Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է. որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նորացավ։ 18Եվ ամեն ինչ Աստծուց է, որ մեզ հաշտեցրեց իր հետ Քրիստոսի միջոցով և մեզ տվեց հաշտության պաշտոնը։ 19Արդարև, Աստված ինքն էր, որ Քրիստոսով աշխարհը հաշտեցրեց իր հետ և հաշվի չառավ նրանց մեղքերը ու մեզ տվեց հաշտության խոսքը։ 20Արդ, պատգամավորներ ենք Քրիստոսի համար, որպես թե Աստված ինքն է պատգամում մեր միջոցով. աղաչում ենք հանուն Քրիստոսի. հաշտվե՛ք Աստծու հետ։ 21Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։

Արդեն Ընտրված.

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 5: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք