Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 3

3
Նոր Ուխտի պաշտոնյան
1Վերստին սկսենք ինքներս մեզ հանձնարարել. թեև մեզ, ինչպես ոմանց, պետք չեն հանձնարարական նամակներ՝ ներկայացնելու ձեզ կամ ձեզնից ստանալու։ 2Մեր նամակները դուք եք՝ գրված մեր սրտերում, ճանաչված և կարդացված բոլոր մարդկանցից։ 3Հայտնի է, որ դուք եք Քրիստոսի նամակները՝ շարադրված մեր ծառայության միջոցով, գրված ոչ թե թանաքով, այլ կենդանի Աստծու Հոգով, ոչ թե քարեղեն տախտակների, այլ սրտի մարմնեղեն տախտակների վրա։
4Այսպիսի մի վստահություն ունենք առ Աստված Քրիստոսի միջոցով. 5չենք մտածում, թե կարող ենք մեր ուժերով ինչ-որ բան անել, այլ Աստծուց է մեր կարողությունը։ 6Նա մեզ նաև կարող դարձրեց լինելու նոր Ուխտի ծառաներ, ոչ թե գրով, այլ Հոգով, քանի որ գիրն սպանում է, իսկ Հոգին՝ կենդանացնում։ 7Արդ, եթե քարեղեն տախտակների վրա գրով դրոշմված մահվան ծառայությունը տրվեց այնպիսի փառքով, որ իսրայելացիները չկարողացան նայել Մովսեսի երեսին՝ նրա երեսից ճառագայթող փառքի պատճառով, որ անհետանալու էր, 8որքա՜ն ավելի փառքով կլինի Հոգու ծառայությունը։ 9Որովհետև եթե դատապարտության տանող ծառայությունը փառավոր էր, որքա՜ն ավելի փառավոր կլինի արդարության տանող ծառայությունը։ 10Արդարև, այս դեպքում այն, ինչ փառավոր էր, կորցնում է իր փառքը ներկայիս գերազանց փառքի հետ համեմատած։ 11Որովհետև, եթե ինչ որ անհետանալու էր, տրվեց փառավորությամբ, որքա՜ն ավելի փառավոր կլինի այն, որ մնայուն է։ 12Եվ արդ, քանի որ այսպիսի հույս ունենք, մեծ համարձակությամբ ենք վարվում, 13և ոչ թե Մովսեսի նման, որ քողով ծածկում էր իր երեսը, որպեսզի իսրայելացիները մինչև վերջ չնայեն այն փառքին, որն անհետանալու էր։
14Բայց նրանց միտքը կուրացավ, որովհետև մինչև այսօր էլ նույն քողը մնում է, երբ կարդում են Հին Կտակարանը, և չի վերանում, որովհետև Քրիստոսի միջոցով է վերանալու։
15Եվ մինչև այսօր, երբ Մովսեսի գրքերն են կարդում, նույն վարագույրը մնում է նրանց սրտերի վրա։ 16Բայց երբ դառնան Տիրոջը, ապա վարագույրը կվերցվի։ 17Տերը Հոգին է. որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է։ 18Եվ մենք ամենքս, բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքը, ինչպես հայելու մեջ, այդ նույն պատկերով ենք փոխակերպվում փառքից փառք, ինչպես Տիրոջ Հոգով։

Արդեն Ընտրված.

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 3: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք