Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 2

2
1Բայց ես ինքս որոշեցի չգալ ձեզ մոտ, որպեսզի ևս մեկ անգամ չտրտմեցնեմ ձեզ. 2որովհետև, եթե ե՛ս տրտմեցնեմ ձեզ, էլ ո՞վ կուրախացնի ինձ, եթե ոչ նրանք, որոնց ես տրտմություն պատճառեցի։ 3Եվ այս ամենը գրեցի նրա համար, որ երբ գամ, տրտմություն չկրեմ նրանցից, որոնցով պետք է ուրախանամ. վստահ եմ ձեր բոլորի վրա, որ իմ ուրախությունը ձեր բոլորինն է։ 4Իսկապես, մեծ վշտի և սրտի նեղության պատճառով ձեզ գրեցի առատ արտասուքներով, ո՛չ որպեսզի տրտմեք, այլ իմանաք իմ անսահման սերը, որն ունեմ ձեր հանդեպ։
Քրիստոնեական ներողամտություն
5Իսկ եթե ինչ-որ մեկը տրտմեցրեց, ոչ թե միայն ինձ տրտմեցրեց, այլ, չափազանցրած չլինելու համար, նաև որոշ չափով ձեզ բոլորիդ։ 6Այդպիսի մեկի համար բավական է այն պատիժը, որը տրվեց շատերից։ 7Այսուհետև, ընդհակառակը, դուք ավելի պետք է ներեք և մխիթարեք նրան, որպեսզի չափազանց տրտմությունից չխորտակվի։ 8Ուստի աղաչում եմ ձեզ, որ նրա հանդեպ վերստին սեր ցույց տաք։ 9Այդ իսկ պատաճով էլ գրեցի, որպեսզի ձեզ փորձեմ և տեսնեմ, թե ամեն ինչում հնազա՞նդ եք։ 10Եթե մեկին ներեք, ես էլ կներեմ, քանի որ ես էլ, երբ որևէ բան ներում եմ, ձեզ համար եմ ներում՝ ի դեմս Քրիստոսի, 11որպեսզի չլինի թե խաբվենք սատանայից, որովհետև լավ տեղյակ ենք նրա խորհուրդներին։
Պողոսը Տրովադայում
12Երբ ես հասա Տրովադա՝ Քրիստոսի Ավետարանը քարոզելու, և չնայած Տերն ինձ համար բացեց գործունեության դուռը, 13իմ հոգում հանգիստ չունեցա, որովհետև ես այնտեղ չգտա Տիտոսին՝ իմ եղբորը, ուստի հրաժեշտ տալով նրանց՝ գնացի Մակեդոնիա։
Հաղթանակ Քրիստոսով
14Բայց գոհություն Աստծուն, որ մեզ միշտ մասնակից է դարձնում հաղթությանը Հիսուս Քրիստոսով և իր գիտության բուրմունքը մեր միջոցով սփռում ամենուրեք։ 15Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ՝ թե՛ փրկության ճամփին գտնվողների մեջ, թե՛ կորստյան ճամփին գտնվողների մեջ. 16ոմանց համար՝ մահվան հոտ, որ տանում է դեպի մահ, և ոմանց համար՝ կենդանության բույր, որ տանում է դեպի կյանք։ Եվ ո՞վ կարող է այս ամենին հասու լինել. 17քանզի նման չենք ուրիշների, որ Աստծու խոսքի վաճառքով են զբաղվում, այլ անկեղծորեն, իբրև Աստծու կողմից ուղարկվածներ՝ Քրիստոսով խոսում ենք Աստծու առաջ։

Արդեն Ընտրված.

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 2: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք