Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 2

2
Մատաթիա քահանայի ողբը
1Այդ ժամանակներում Շմավոնի որդի Հովհաննեսի որդի Մատաթիան՝ Հովարիմի տոհմից սերած մի քահանա, Երուսաղեմից եկավ ու բնակվեց Մովդիիմի քարայրների մոտ գտնվող բերդում։ 2Նա ուներ հինգ որդի՝ Կադդիշ մականունով Հովհաննեսը, 3Թարսսի մականունով Շմավոնը, 4Մակաբե մականունով Հուդան, 5Ավարան մականունով Եղիազարը և Հովնաթանը, որ կոչվեց Սափութ։ 6Երբ Մատաթիան տեսավ Հուդայի երկրում և Երուսաղեմում կատարվող սրբապղծությունները, սկսեց ողբալ իր անձը՝ 7ասելով.
«Վա՜յ ինձ, ինչո՞ւ ականատես եղա իմ ժողովրդի կոտորածին,
կամ ինչո՞ւ տեսա սուրբ քաղաք Երուսաղեմի ավերումը։
Ինչո՞ւ նա մատնվեց իր թշնամու ձեռքը,
և սրբությունն ընկավ օտարների ձեռքը։
8Տաճարն ինչպե՜ս նմանվեց փառքից ընկած մի տղամարդու,
9իսկ նրա փառավոր սպասքը՝ գերության մատնված մարդու։
Նրա մանուկները կոտորվեցին իր փողոցներում,
իսկ նրա երիտասարդներն ընկան թշնամու սրից։
10Կա՞ մի ազգ, որ ժառանգած չլինի մի մաս նրա տերությունից,
կամ կա՞ մի մարդ, որ չի կողոպտել նրան ու չի տիրել նրա ունեցվածքին։
11Նրա բոլոր զարդերը վերցվել են նրանից։
Ազատության փոխարեն նա ստրկության է մատնվել։
12Մեր սրբավայրը, մեր գեղեցկությունն ու մեր փառքը կործանվել են.
հեթանոսները պղծել են այդ բոլորը։
13Այլևս մեր ինչի՞ն է պետք այս կյանքը»։
Մատաթիան ապստամբության կոչ է անում
14Այն ժամանակ Մատաթիան ու նրա որդիները ձեռքները գցեցին օձիքներին, պատառոտեցին իրենց պատմուճանները, քուրձ հագան ու սուգ պահեցին։ 15Թագավորի մարդիկ, որ հավատուրացություն էին պարտադրում, եկան Մովդիիմ քաղաքը, որպեսզի այնտեղ զոհեր մատուցեն։ 16Նրանց մոտ եկան ու հավաքվեցին բազմաթիվ իսրայելացիներ, նաև՝ Մատաթիան ու իր որդիները։ 17Ապա թագավորի մոտից եկած մարդիկ սկսեցին խոսել ու ասացին Մատաթիային. «Դու հռչակավոր իշխան ես, դու մեծավոր ես այս քաղաքում։ Դու սրանց մեջ ես հաստատվել քո որդիների ու եղբայրների հետ։ 18Արդ, նախ դո՛ւ մոտեցիր, կատարի՛ր թագավորի հրամանը, ինչպես կատարեցին բոլոր ազգերը, Հուդայի երկրի մարդիկ ու բոլոր նրանք, ովքեր բնակվում են Երուսաղեմում. դուք կդառնաք արքայի բարեկամները, դու և քո որդիները կպատվվեք ոսկով, արծաթով և արքունի հրովարտակներով»։
19Մատաթիան պատասխան տվեց՝ բարձր ձայնով ասելով. «Եթե թագավորի իշխանության տակ գտնվող բոլոր ազգերը ենթարկվել են թագավորի հրամաններին, ընկրկել և հրաժարվել են իրենց հայրերի օրենքներից ու ընտրել են թագավորի հրամանները կատարել, 20ապա ես, իմ որդիներն ու իմ եղբայրները կհետևենք մեր հայրերի պատվիրաններին։ 21Քավ լիցի, եթե հրաժարվենք Աստծու օրենքներից ու կանոններից 22և ենթարկվենք թագավորի հրամաններին։ Մենք չենք փոխի մեր հայրերի կրոնը, աջ ու ձախ չենք շեղվի և թագավորի հրամանին չենք անսա»։
23Հազիվ էր նա այս խոսքերն ասել, որ հրեաներից մի մարդ բոլորի ներկայությամբ առաջ եկավ, որպեսզի Մովդիիմի բագինի վրա՝ մեհյանի առաջ, զոհ մատուցի թագավորի հրամանի համաձայն։ 24Երբ Մատաթիան դա տեսավ, այնքան զայրացավ, որ դողացին իր երիկամները։ Նա դատաստան անելու համար բարկությամբ լցվեց, վազեց ու հարվածեց հրեային և սպանեց նրան բագինի առաջ։ 25Սպանեց նաև այն մարդուն, որ արքունի հրամանով ստիպում էր զոհեր մատուցել։ Նա կործանեց բագինը, ավերեց մեհյանը։ 26Նա օրենքի հանդեպ նախանձախնդիր եղավ այնպես, ինչպես Փենեեսն էր վարվել Եդովմի որդու՝ Զամբրիի նկատմամբ։
Դիմադրության նախապատրաստություն
27Նա սկսեց բարձրաձայն աղաղակել ու ասաց. «Յուրաքանչյուր ոք, ով մտադիր է օրենքի նախանձախնդիր լինել, ով ուզում է հավատարիմ մնալ օրենքին, թող հետևի ինձ»։ 28Նա ու իր եղբայրները փախան գնացին լեռները՝ իրենց ամբողջ ունեցվածքը թողնելով քաղաքում։
29Այն ժամանակ իրավունք և արդարություն փնտրող շատ մարդիկ անապատ իջան, 30որ այնտեղ բնակվեն իրենց կանանցով, որդիներով ու անասուններով, որովհետև չարագործությունը սաստկանում էր նրանց նկատմամբ։
31Թագավորի իշխաններին ու Դավթի քաղաքում գտնվող զորքին հայտնեցին, որ թագավորի հրամանն անտեսած մի քանի հոգի իջել են անապատի մոտ գտնվող ապաստանները, 32իսկ շատերը, նրանց միանալով, գնացել են նրանց հետ։ Ժամանակ նշանակեցին, պատրաստություն տեսան, ձի հեծած եկան ու պաշարեցին անապատի մոտ գտնվող ապաստանները։ Նրանք պատերազմի պատրաստություն տեսան ու շաբաթ օրը պաշարեցին նրանց։ 33Նախ բանագնաց ուղարկեցին, սկսեցին բանակցել նրանց հետ՝ ասելով. «Գոնե սրանից հետո ենթարկվե՛ք թագավորի հրամանին, որ կենդանի մնաք»։ 34Պաշարվածներն այնտեղից խոսել սկսեցին ու ասացին. «Ո՛չ դուրս կելնենք ապաստաններից, ո՛չ թագավորի հրամանին անսալով՝ կպղծենք մեր շաբաթ օրերը, ո՛չ էլ կշեղվենք մեր օրենքներից»։ 35Երբ նրանք այս խոսքերը լսեցին, ավելի սաստկացրին պատերազմը նրանց դեմ և ավելի սեղմեցին ապաստանները պաշարող օղակը, որպեսզի գերի վերցնեն նրանց։ 36Սակայն սրանք ո՛չ կիրճերը փակեցին, ո՛չ քար արձակեցին, ո՛չ ապաստաններն ամրացրին, ո՛չ իսկ նրանց ասածին պատասխան տվեցին, որովհետև օրը շաբաթ էր։ 37Այլ միայն իրար էին քաջալերում՝ ասելով. «Հենց այստեղ կմեռնենք մեր նեղության մեջ, որովհետև երկինքն ու երկիրը վկա են, որ իզուր եք մեզ ոչնչացնում։ 38Մեզ համար ավելի լավ է մեռնել, քան թե մեր օրենքները խախտել ու շաբաթ օրերը պղծել»։ Երբ նրանք դա լսեցին, շաբաթ օրը սաստկացրին պատերազմը և նրանցից հազար հոգի սպանեցին, չհաշված այն, որ մարդկանց ու անասուններին գերի տարան։
39Երբ Մատաթիան ու իր եղբայրները լսեցին այդ, խիստ տրտմեցին ու մեծ սուգ արեցին։ 40Նրանք, միմյանց հետ խոսելով, ասացին. «Եթե հետևենք մեր եղբայրների օրինակին, այսինքն՝ մեր անձն ու իրավունքները պաշտպանելու համար պատերազմի չելնենք հեթանոսների դեմ, կարճ ժամանակ հետո մեզ ավելի շուտ կսպանեն, քան նախորդ օրերի մարդկանց»։ 41Ուստի հավաքվեցին, պայմանավորվեցին, իրար հետ խորհուրդ արեցին ու ասացին. «Ով էլ շաբաթ օրը գա մեր դեմ պատերազմելու, համարձակ մարտնչենք, և ոչ թե ամենքս առհասարակ մեռնենք, ինչպես մեռան անապատում ապրող մեր եղբայրները»։
42Այն ժամանակ նրանց մոտ հավաքվեցին խասիդական#Հունացած եբրայական տերմին, որ նշանակում է «բարեպաշտ»։ շատ զինվորներ։ Սրանք իսրայելացիների մեջ հզոր ու պատերազմող մարդիկ էին՝ բոլորն էլ Օրենքի համար նահատակվելու պատրաստակամ։ 43Գալիս և նրանց էին միանում նաև ամեն տեսակի չարիքներից խուսափած մարդիկ և համալրում նրանց ուժերը։ 44Նրանք զորք հավաքեցին, գնդեր կազմեցին, պատրաստություն տեսան, իրենց բարկության ու ցասման մեջ կոտորեցին մեղավորներին ու անօրեն մարդկանց, իսկ մնացածները փախան հեթանոսների մոտ։ 45Մատաթիան իր եղբայրների ու բարեկամների հետ հետապնդեց նրանց, հասավ, ջարդեց, ավերեց մեհյանները, կործանեց բագինները, 46թլփատեց անթլփատ երեխաներին և ամրացավ իսրայելացիների սահմանների վրա։ 47Նրանք հալածական արեցին ամբարտավան մարդկանց։ Նրանց ձեռնարկած գործը հաջողություն ունեցավ։ 48Նրանք պաշտպանեցին իրենց օրենքները, վրեժ լուծեցին հեթանոսներից, մերժեցին թագավորի անօրեն հրամանը, թույլ չտվեցին, որ գլուխ բարձրացնի ամբարտավանության եղջյուրը։
Մատաթիայի կտակն ու մահը
49Երբ մոտեցան Մատաթիայի մեռնելու օրերը, իր մոտ կանչեց իր որդիներին ու ասաց նրանց. «Գոռոզությունն ու ամբարտավանությունն են հաստատվել այժմ, բայց ահա հասել է կշտամբանքի ու գոռոզության կործանման ժամանակը։ 50Արդ, զավակնե՛րս, օրենքի հանդեպ նախանձախնդրությա՛մբ լցվեք, ձեր կյանքը տվե՛ք հայրերի ուխտի պահպանման համար, 51հիշե՛ք, թե ձեր հայրերը քաջության ի՛նչ գործեր են արել իրենց ժամանակին, և ավագության փառք կստանաք ու հավիտենական անուն կժառանգեք։ 52Չէ՞ որ Աբրահամը փորձության ժամանակ հավատարիմ գտնվեց, և դա նրան արդարություն համարվեց։ 53Հովսեփն իր նեղության ժամանակ պահեց պատվիրանը և տեր դարձավ Եգիպտոսին։ 54Մեր նախահայր Փենեեսը, արդարության նախանձախնդրությամբ լցված լինելով, ստացավ հավիտենական քահանայության ուխտը։ 55Նավեի որդի Հեսուն Տիրոջ պատգամները կատարելու շնորհիվ դարձավ իսրայելացիների դատավորը։ 56Քաղեբը ժողովրդի մեջ վկայություն տալու համար ժառանգություն ստացավ։ 57Դավիթն իր հեզության, արդարամտության ու ողորմած լինելու համար հավիտենապես ժառանգեց թագավորության գահը։ 58Եղիան Օրենքի նկատմամբ նախանձախնդիր լինելու համար երկինք փոխադրվեց։ 59Անանիան, Ազարիան ու Միսայելը իրենց հավատով փրկվեցին հնոցի կրակից։ 60Դանիելն անմեղ լինելու շնորհիվ փրկվեց առյուծների երախից։
61Այսպես դիտարկե՛ք սերունդ առ սերունդ. բոլոր նրանք, ովքեր իրենց հույսը դրել են Նրա վրա, չեն տկարանա։ 62Ամբարիշտ մարդու խոսքից մի՛ վախեցեք, որովհետև նրա փառքը աղբ է ու կեղտ։ 63Այսօր կբարձրանա, բայց վաղն այլևս չի լինի, կվերածվի հողի, և նրա բոլոր մտադրությունները կկորչեն։ 64Գոտեպնդվե՛ք, զավակնե՛րս, զորացե՛ք օրենքի մեջ, որովհետև դրանով պիտի փառավորվեք։ 65Գիտեմ, որ ձեր եղբայր Շմավոնը խոհեմ մարդ է։ Լսե՛ք նրան, և թող նա ձեզ հոր փոխարեն լինի։ 66Հուդա Մակաբեն ձեր զորքերի սպարապետը թող լինի և պատերազմի ելնի թշնամու զորքերի դեմ։ 67Դուք պետք է ձեզ միավորեք Օրենքը պահող բոլոր մարդկանց, որպեսզի լուծեք ձեր ժողովրդի վրեժը։ 68Հեթանոսներին արժանի՛ն հատուցեք ու հետևե՛ք Օրենքի հրամաններին»։
69Նա օրհնեց նրանց, վախճանվեց ու միացավ իր նախնիներին։ 70Նա մեռավ հարյուր քառասունութ թվականին։ Նրան թաղեցին իր նախնիների գերեզմանոցում՝ Մովդիիմում, և ամբողջ Իսրայելը մեծապես սգաց նրան։

Արդեն Ընտրված.

Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 2: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք