Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 1
1
Ալեքսանդր Մակեդոնացի
1Փիլիպպոսի որդի Ալեքսանդր Մակեդոնացի կայսրը, քետիմացիների երկրից գալով, պարտության մատնեց պարսիկների ու պարթևների արքա Դարեհին և թագավորեց նրա փոխարեն (դրանից առաջ նա իր թագավորությունը հաստատել էր ողջ Հունաստանի վրա)։ 2Նա բազմաթիվ պատերազմներ մղեց, բերդեր գրավեց, բազում թագավորներ սպանեց 3և հեթանոս տարբեր ազգերից մեծ ավար վերցրեց։ Ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատեց։ 4Նա բազմաթիվ զորք հավաքեց, հարձակվեց երկրների ու բոլոր հզոր պետությունների վրա և ամբողջ աշխարհը հարկատու դարձրեց։
5Դրանից հետո նա մահացու ախտով հիվանդացավ և անկողին ընկավ։ Երբ տեսավ, որ մեռնում է, 6կանչեց մանկուց իր հետ սնված-դաստիարակված զորավարներին՝ իր կողմից փառքի արժանացած իր չորս կաթնեղբայրներին, ու քանի դեռ կենդանի էր, իր թագավորությունը բաժանեց և տվեց նրանց։ 7Ալեքսանդրը տասներկու տարի թագավորելուց հետո մեռավ։ 8Նրանից հետո իշխեցին նրա կաթնեղբայրները՝ յուրաքանչյուրն իրեն բաժին հասած տարածքում։ 9Նրանք բոլորն էլ նրա մահից հետո թագ դրեցին իրենց գլխին։ Նրանցից հետո երկար տարիներ նույնը արեցին նաև նրանց որդիները։ Սրանք բազմացրին անօրենություններն ու երկիրը լցրին իրենց չարագործություններով։
10Սրանցից է սերում չարիքի արմատ, դառնության շառավիղ, անօրեն Անտիոքոսը՝ Անտիոքոս արքայի որդին, որ պատանդ էր մնացել Հռոմ քաղաքում։ Նա թագավորեց հելլենիստական թվականության 137-րդ#Ք.ա. 175թ.։ տարում։
11Այդ օրերին էր, որ իսրայելացիներից ելան անօրեն մարդիկ, որոնք, շատերին դյութելով պատիր ու շողոմ խոսքերով, ասացին. «Եկեք գնանք մեր շուրջը բնակվող բոլոր հեթանոս ազգերի հետ ուխտ դնենք ու դաշինք կնքենք, որովհետև այն օրից ի վեր, երբ մենք անջատվեցինք նրանցից ու հեռացանք, բազում մեծ չարիքներ պատահեցին մեզ»։ 12Շատերին հաճելի թվացին այս խոսքերը։ 13Ժողովրդի միջից ոմանք համաձայնվեցին գնալ ներկայանալ թագավորին, և թագավորը նրանց իրավունք տվեց ապրել հեթանոսների բոլոր օրենքներով։ 14Նրանք Երուսաղեմում ըստ հեթանոսների օրենքների մեհենական հրապարակներ կառուցեցին, 15իրենց համար անթլփատության օրենք հաստատեցին, հեռացան սուրբ կտակարանների ուխտից, միաբանվեցին հեթանոսների հետ և հոժարեցին չարիքներ գործել։
Անտիոքոսը հարձակվում է Եգիպտոսի վրա
16Երբ Անտիոքոսի թագավորությունը հզորացավ, նա մտադրվեց թագավորել նաև Եգիպտոսի վրա, որպեսզի միացնի երկու թագավորությունները։ 17Նա մեծ զորքով, ռազմակառքերով, փղերով ու բազում նավերով արշավեց Եգիպտոսի վրա, 18որպեսզի պատերազմի Եգիպտոսի Պտղոմեոս թագավորի դեմ։ Պտղոմեոսը պարտություն կրեց նրանից ու փախուստի դիմեց։ Այդ կռվում բազմաթիվ մարդիկ վիրավոր ընկան։ 19Անտիոքոսն ասպատակեց ամբողջ երկիրը. նրա զորքերը հանկարծակի վրա էին հասնում, արագ հավաքում էին ավարն ու գրավում Եգիպտոսի բոլոր բերդերը։
20Եգիպտացիներին հաղթելուց հետո Անտիոքոսը հարյուր քառասուներեք թվականին վերադարձավ և մեծ զորքով հարձակվեց Երուսաղեմ քաղաքի վրա, 21հանդուգն գոռոզությամբ մտավ սուրբ տաճար, հափշտակեց ոսկե զոհասեղանը, լույսի աշտանակը, գանձատան բոլոր իրերը, 22առաջավորության հացի սեղանը, սկիհներն ու տաշտերը, բոլոր խնկամաններն ու վարագույրները, պսակներն ու տաճարի առջևի ոսկե զարդերը և ձուլեց բոլորը։ 23Նա վերցրեց արծաթն ու ոսկին, զենքն ու զրահը, ռազմական բոլոր իրերը, գտավ 24ու վերցրեց թաքցրած գանձերն ու թանկարժեք բոլոր անոթները և գնաց իր երկիրը։ Նա շատ արյուն թափեց, շատ մարդկանց սպանեց և մեծ ամբարտավանությամբ խոսեց։ 25Մեծ սուգ պատեց Իսրայելին իրենց բոլոր բնակավայրերում։
26Հառաչեցին իշխաններն ու ծերերը,
թուլացան աղջիկներն ու երիտասարդները,
խամրեց կանանց գեղեցկությունը,
27բոլոր փեսաները ողբացին ու լացին,
սգո բանտի վերածվեցին բոլոր հարսների ննջասենյակները։
28Երկիրն անգամ սարսռաց իր բնակիչների համար,
և անարգանքն ու ամոթը համակեց Հակոբի ամբողջ տունը։
Երուսաղեմի ամրոցի կառուցումը
29Այդ դեպքերից երկու տարի հետո Անտիոքոս արքան հարկահան մի իշխան ուղարկեց Հուդայի երկրի քաղաքները։ Նա Երուսաղեմ եկավ մեծաթիվ զորքով 30և սկսեց նենգությամբ խաղաղություն քարոզել։ Նրանք հավատացին սրան։ Բայց նա հանկարծակի հարձակվեց քաղաքի վրա, մեծ հարվածներ հասցրեց բնակիչներին և բազմաթիվ իսրայելացիներ սպանեց։ 31Նա ավարի մատնեց քաղաքը, հրկիզեց նրա բոլոր փայտակերտ շինությունները, քանդեց, ավերեց քաղաքը շրջափակող պարիսպներն ու նրա ապարանքների բոլոր պատերը։ 32Գերեվարեցին կանանց ու մանուկներին, տիրացան նրանց բոլոր անասուններին։ 33Նրանք քաղաքի վերին կողմը ամուր պարիսպներով ու հզոր աշտարակներով ամրոց շինեցին, և դա նրանց համար ամրացված քաղաքի միջնաբերդը եղավ։ 34Այնտեղ լցրին մեղսագործ, անօրեն մարդկանց, 35զենքերով զինեցին նրանց, մթերքներով ապահովեցին և Երուսաղեմի ողջ ավարը կուտակեցին ներսում։ Դրանք Իսրայելի համար մշտապես մեծ որոգայթ եղան, 36արգելք՝ սրբարանին ու չար սատանա։ 37Նրանք սրբարանի շուրջն անմեղ արյուն թափեցին և պղծեցին սրբարանը։ 38Դրանից հետո նրանց պատճառով Երուսաղեմի բնակիչները փախստական դարձան։ Երուսաղեմը օտարների բնակավայր դարձավ և օտարացավ իր հարազատ զավակներից, որովհետև նրա որդիները լքեցին նրան։
39Ավերվեց նրա սրբարանն ու վերածվեց անապատի։
Նրա տարեկան տոները սգի վերածվեցին,
իսկ նրա շաբաթ օրերը՝ նախատինքի ու ամոթի։
Արհամարհվեց նրա պատիվը,
40նրա փառքը լցվեց անարգանքով,
նրա վեհությունը սգի վերածվեց։
Անտիոքոսն ստիպում է պաշտել կուռքերին
41Ողջ աշխարհում հրովարտակներ արձակվեցին, 42որ երկրի բոլոր բնակիչները հրաժարվեն իրենց օրենքներից և ընդունեն մեկ օրենք՝ նրա՛ օրենքը։ Բոլոր ազգերը ենթարկվեցին արքունի հրամանին։ 43Իսրայելացիներից շատերը նույնպես դավանեցին անօրեն կրոնը, զոհեր մատուցեցին նրանց կուռքերին ու պղծեցին իրենց շաբաթ օրերը։ 44Թագավորը սուրհանդակների միջոցով հրովարտակներ ուղարկեց Երուսաղեմ ու Հուդայի երկրի քաղաքները և հրամայեց ընդունել օտարոտի օրենքներ, 45սրբարանից վերացնել ողջակեզները, զոհերն ու հեղման ընծաները, պղծել շաբաթ օրերն ու ամենամյա տոները, 46ապականել սրբարանն ու քահանաներին, 47կռապաշտական զոհասեղաններ կանգնեցնել, մեհյաններ կառուցել, խոզեր ու անմաքուր անասուններ զոհել, 48իրենց որդիներին անթլփատ թողնել և իրենց անձերն ամեն տեսակ անօրեն պղծություններով պղծել, 49որպեսզի բոլորովին մոռանան իրենց հավատն ու փոխեն օրենքները։ 50Իսկ նա, ով չէր ենթարկվի թագավորի հրամանին, կդատապարտվեր մահվան։ 51Բոլոր վայրերում ոստիկանն արեց այն ամենը, ինչ գրել էր թագավորը։ Հուդայի երկրի քաղաքներին հրամայեց, որ քաղաք առ քաղաք զոհեր մատուցեն։ 52Բոլոր նրանք, որ հեռացել էին Օրենքից, նրանց մոտ հավաքվեցին և երկիրը չարագործություններով լցրին։ 53Նրանք Իսրայելին ստիպեցին քաշվել ավելի ամուր տեղեր և ապաստաններ։
54145 թվականի Քասղև ամսի 25-ին նա զոհասեղանի վրա բարձրացրեց “ավերածության պղծությունը”#Զևսի արձանը։։ Ամբողջ Հուդայի երկրի քաղաքների շուրջը մեհյաններ կառուցեցին 55և ապարանքների բոլոր դռների մոտ ու քաղաքների բոլոր ճանապարհների վրա խունկ ծխեցին։ 56Պատառոտում ու կրակն էին նետում իրենց ձեռքն ընկած Օրենքի բոլոր գրքերը։ 57Ում մոտ Օրենքի գիրք էին գտնում, կամ ով Օրենքին հավատարիմ էր մնացել, թագավորի հրամանի համաձայն նրան մահապատժի էին ենթարկում։ 58Այսպես ամսեամիս սաստկանում էր հրամանը այն իսրայելացիների նկատմամբ, որոնք գտնվում էին քաղաքներում։ 59Ամսի քսանհինգին զոհ էին մատուցում զոհասեղանի վրա կառուցված հեթանոսական բագինների վրա։ 60Հրամանի համաձայն՝ սպանում էին այն կանանց, որոնք թլփատել էին իրենց երեխաներին 61և ըստ արքունի հրամանի՝ երեխաներին կախում էին իրենց իսկ մայրերի պարանոցներից։ Նույն կերպ էին վարվում թե՛ թլփատողների և թե՛ նրանց որդիների հետ։
62Սակայն բազմաթիվ իսրայելացիներ որոշեցին չուտել պիղծ բաներ, 63գերադասեցին հոժարակամ մեռնել, բայց երբեք իրենց անձը չպղծել անմաքուր կերակուրներով, որպեսզի չպղծեն սուրբ ուխտը։ Եվ նրանցից շատերը մեռան։ 64Աստծու բարկությունը իջել էր Իսրայելի վրա։
Արդեն Ընտրված.
Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 1: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն