Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 3

3
Մակաբեն ապստամբների զորապետ
1Մատաթիային փոխարինեց նրա որդին՝ Մակաբե մականվամբ Հուդան։ 2Նրան աջակից եղան իր բոլոր եղբայրները և բոլոր նրանք, ովքեր իր հոր հետևորդներն էին։ Նրանք հանուն իսրայելացիների պատերազմ էին մղում խինդով և ուրախությամբ։
3Մեծ էր Մակաբեի փառքը ժողովրդի վրա։
Նա զրահ հագավ իբրև մի հսկա,
կապեց պատերազմի զենքերը,
մեծամեծ պատերազմներ մղեց՝
իր նիզակով պաշտպանելով ամբողջ զորաբանակին։
4Իր գործերով նա նմանվեց առյուծի
ու որսի վրա մռնչացող առյուծի ձագի։
5Հետապնդելով հալածեց անօրեններին,
կրակի մատնեց իր ժողովրդին անհանգստացնողներին։
6Անօրենները սարսափեցին նրա ահից,
ովքեր սատար էին անօրենության, խուճապի մատնվեցին.
նրա շնորհիվ փրկություն հաջողվեց։
7Նա բազում թագավորների դառնություն պատճառեց,
իր գործերով ուրախացրեց Հակոբին,
դրա համար էլ նրա հիշատակը հավիտյանս օրհնությամբ է մնալու։
8Նա անցնում էր Հուդայի երկրի քաղաքներով,
կոտորում այնտեղ գտնվող ամբարիշտներին,
որպեսզի Իսրայելից հեռացնի բարկությունը։
9Նա հավաքում էր ցրվածներին և գտնում կորածներին։
Մակաբեի առաջին երկու հաղթանակները
10Այս դեպքերից հետո Ապոլոնիոսը հեթանոսներից զորք հավաքեց, զենքի կոչեց նաև բազմաթիվ շամրտացիների, որպեսզի պատերազմի Իսրայելի դեմ։ 11Երբ Հուդան դա իմացավ, ընդառաջ ելավ Ապոլոնիոսին և խփեց-սպանեց նրան, նրա զորքից շատերին վիրավորելով կոտորեց, իսկ մնացածներին փախուստի մատնեց, 12ավարի ենթարկեց նրա ունեցվածքը։ Հուդան առավ Ապոլոնիոսի սուսերն ու իր ամբողջ կյանքում դրանով կռվեց նրանց զորքերի դեմ։ 13Երբ Ասորիքի զորքերի հրամանատար Սերոնը լսեց, որ Հուդան զորք է հավաքել, և բազմաթիվ հավատացյալներ պատերազմի են գալիս նրա հետ, 14ինքն իր մեջ մտածեց և ասաց. «Ես էլ անուն վաստակեմ ու փառքի տիրանամ իմ արքայության մեջ։ Պատերազմ մղեմ Հուդայի դեմ և պարտության մատնեմ նրանց, ովքեր անարգում են թագավորի հրամանը»։ 15Նա դարձյալ զորք հավաքեց։ Նրան օգնության հասան անօրենների մեծ ուժեր, որպեսզի հարձակվեն ու վրեժ լուծեն իսրայելացիներից։ 16Նա եկավ հասավ մինչև Բեթորոնի կողմերը։ Հուդան նրան ընդառաջ գնաց սակավաթիվ մարդկանցով։ 17Երբ Հուդայի մարդիկ տեսան իրենց դեմ ճակատելու եկող զորաբանակը, սկսեցին խոսել ու ասացին. «Մենք ինչպե՞ս կարող ենք սակավաթիվ մարդկանցով մարտնչել այդքան հզոր բանակի դեմ, մանավանդ որ թույլ ու տկար ենք, որովհետև արդեն քանի օր է, ինչ քաղցած ենք»։ 18Հուդան սկսեց նրանց քաջալերել ու ասաց. «Աստծու համար դյուրին գործ է շատ մարդկանց մատնել քչերի ձեռքը։ Երկնավորի համար տարբերություն չկա շատի ու քչի միջև, 19որովհետև հաղթանակ ձեռք է բերվում ոչ թե շատ զորքով, այլ այն զորությամբ, որ երկնքից է գալիս։ 20Նրանք մեզ վրա են գալիս ամբարտավան գոռոզությամբ և անօրենությամբ, որպեսզի կոտորեն մեզ և մեր կանանց ու երեխաներին գերեվարեն։ 21Մենք մարտնչում ենք հանուն մեր անձերի ու հանուն մեր օրենքների։ 22Տերը նրանց սատակեցնելու է մեր ոտքերի առաջ. գոտեպնդվե՛ք, քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք»։
23Հազիվ էր նա իր խոսքերը վերջացրել, որ հարձակվեց Ասորիքի զորաբանակի վրա, կոտորեց այն թևը, որտեղ կազմ ու զինավառ կանգնած էր Սերոնը, հալածական արեց բանակն այդ վայրից և նրան ու ողջ զորքը փախուստի մատնեց։ 24Նրանք հետապնդեցին դրանց մինչև Բեթորոնի դաշտի կողմերը, շատերին վիրավորելով դիաթավալ գետին տապալեցին։ Նրանցից մոտ ութ հարյուր մարդ ընկավ, իսկ մնացածները փախուստի դիմեցին դեպի փղշտացիների երկիրը։ 25Հուդայի ու իր եղբայրների ահն ու սարսափը սկսեց տարածվել։ Այնուհետև նրանք որոշեցին ասպատակել իրենց շրջակայքում գտնվող հեթանոսների երկրները։ 26Նրա համբավը հասավ մինչև թագավորին, որովհետև հեթանոսները պատմում էին նրա պատերազմների մասին։
Անտիոքոս կայսրը Լյուսիասին հանձնարարում է կործանել Իսրայելը
27Երբ Անտիոքոս կայսրը լսեց այս դեպքերի մասին, խիստ զայրացավ։ Նա իր բոլոր երկրներից զորահավաք անելով՝ շատ մեծ բանակ կազմեց։ 28Նա բաց արեց գանձատունը, զինվորներին մեկ տարվա ռոճիկ բաշխեց և պատվիրեց նրանց, որ պատրաստ լինեն ամեն ինչի։ 29Երբ Անտիոքոսը տեսավ, որ գանձատունը դատարկվել է, և նվազել է երկրի հարկը այն երկպառակության և հարվածների պատճառով, որ նա հասցրել էր երկրին՝ վաղ ժամանակներից նախնիների սահմանած օրենքները եղծելով, 30զարհուրեց, որ գուցե նվերներն ու ռոճիկները բավական չլինեն առաջվա նման առատաձեռնորեն բաժանելու համար։ 31Եվ նա վարանեց։ Մտածեց մտնել Պարսից աշխարհը, հարկ հավաքել այդ տարածքներից և շատ արծաթ կուտակել։ 32Նա այնտեղ թողեց Լյուսիասին՝ թագավորական տոհմից հռչակավոր մի մարդու՝ իբրև Եփրատի կողմերի ու եգիպտացիների սահմանների արքունի գործերի վերակացու, 33որպեսզի նա դաստիարակի իր որդի Անտիոքոսին, մինչև որ ինքը վերադառնա այնտեղից։ 34Նա զորքի կեսն ու փղերը թողեց նրա մոտ և կարգադրեց նրան անել այն ամենը, ինչ կամենում էր ու ինչ խորհել էր։ Պատվիրեց Հուդայի երկրի և Երուսաղեմի բնակիչների 35վրա գումարտակ ուղարկել, որպեսզի կոտորի նրանց, բնաջնջի Իսրայելի զորությունն ու Երուսաղեմի մնացած բնակիչներին, այնտեղից ջնջի նրանց հիշատակը, 36նրանց բոլոր սահմաններում օտարազգիներ բնակեցնի և նրանց ողջ երկիրը, հողակտորների վերածելով, բաժանի։ 37Իսկ ինքը վերցրեց զորքի մյուս կեսը և 147 թվականին Անտիոքից՝ իր թագավորանիստ քաղաքից, շարժվեց, անցավ Եփրատ մեծ գետն ու գնաց վերին գավառների կողմերը։
Լյուսիասի բանակը ներխուժում է Հուդայի երկիր
38Լյուսիասն ընտրեց Պտղոմեոսին՝ Դորիմենի որդուն, Նիկանորին և Գորգիային՝ հզոր մարդկանց, արքայի բարեկամներին ու խորհրդականներին, 39և նրանց հանձնեց քառասուն հազար հեծյալ և յոթ հազար բտած ձի, որպեսզի թագավորի հրամանի համաձայն հարձակվեն Հուդայի երկրի վրա և ավերեն ու կործանեն այդ երկիրը։ 40Նրանք իրենց ամբողջ զորքով եկան ու բանակ դրեցին Ամմաուսի մոտակայքում, դաշտավայրի տափարակ մասում։ 41Երբ այդ երկրի վաճառականները լսեցին, որ զորք է եկել, որպեսզի ավարի մատնի Հուդայի երկիրը, գերեվարի նրա որդիներին ու դուստրերին, վերցրին իրենց արծաթն ու ոսկին և այնքան մարդ, ինչքան կարող էին՝ իրենց օգնելու համար, որպեսզի գան ու գնեն իսրայելացիներին՝ որպես իրենց համար ստրուկների։ Նրանց միացան նաև Ասորիքի, Իդումեայի և փղշտացիների երկրի զորքերը։ 42Երբ Հուդան ու իր եղբայրները տեսան, որ ամեն տեսակ չարիքներ են կուտակվում իրենց վրա, և այս զորքն էլ եկել, պաշարված է պահում իրենց սահմանները, երբ նաև տեղեկացան ժողովրդին կորստի ու բնաջնջման մատնելու թագավորի հրամանի մասին, 43սկսեցին իրար հետ խոսել և ասացին. «Եկեք սրտապնդվենք, կանխենք մեր ժողովրդի անկումը, պատերազմենք հանուն մեր սրբությունների, հանուն մեր ազգի»։ 44Եվ ժողովուրդը հավաքվեց, որպեսզի պատրաստվի պատերազմի. աղոթք արեցին ու Տիրոջից ողորմածություն խնդրեցին։
45Երուսաղեմն ավերակ ու ամայի էր,
նրա բնակիչներից չկար մեկը, որ ելումուտ աներ։
Օտարազգիները ոտնակոխ էին անում նրա սրբությունները,
քաղաքի միջնաբերդը հեթանոսների բնակության վայր էր դարձել։
Վերացավ ուրախությունը Հակոբի տնից,
պակասեցին փողերի ու տավիղների ձայները,
լռեցին երաժշտության ցանկալի և ուրախ հնչյունները։
Հրեաները պատրաստվում են պատերազմի
46Բոլորը եկան հավաքվեցին Մասեփայում՝ Երուսաղեմի դեմ հանդիման, որովհետև Մասեփայում նախկինում իսրայելացիների աղոթատեղի կար։ 47Ծոմ պահեցին, քուրձ հագան, մոխիր ու հող վերցրին, լցրին իրենց գլուխներին և պատառոտեցին օձիքները։ 48Բացում էին Օրենքի մատյանները՝ խորհուրդ ստանալու, ինչպես հեթանոսները՝ կուռքերից, 49բերեցին քահանայության զգեստները, բերքի առաջին պտուղներն ու տասանորդները, ոտքի հանեցին այն նազարիներին, որոնց ուխտի օրերն ավարտվել էին։ 50Նրանք բարձր ձայնով միաբերան դեպի երկինք էին աղաղակում՝ ասելով. «Հիմա ի՞նչ անենք սրանց հետ կամ ո՞ւր տանենք, 51որովհետև քո սրբությունները ոտնակոխ են եղել, քո քահանաները սգի ու տառապանքի մեջ են, 52բոլոր հեթանոսներն ահա հավաքվել են, որ բնաջնջեն մեզ։ Դու գիտես, թե նրանք ի՛նչ են խորհում մեր մասին։ 53Արդ մենք ինչպե՞ս կարող ենք դեմ կանգնել, եթե դու չօգնես մեզ»։
54Նրանք փող էին փչում, աղաղակ բարձրացնում, բարձր ձայնով դեպի երկինք դիմում։ 55Դրանից հետո Հուդան սկսեց առաջնորդներ նշանակել ժողովրդի վրա՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետներ։ 56Իսկ տուն կառուցողներին, նշանվածներին, այգի տնկողներին ու վախկոտներին պատվիրեց, որ Օրենքի համաձայն իրենց տները վերադառնան։ 57Ամբողջ զորքը հասավ ու բանակ դրեց Ամմաուսից հարավ։ 58Այնտեղ Հուդան սկսեց քաջալերել զորքին՝ ասելով. «Զինվե՛ք, գոտեպնդվե՛ք ու պատրաստվե՛ք, որ վաղն առավոտյան պատերազմ մղենք այս հեթանոսների դեմ, որոնք հավաքվել են մեր դեմ՝ բնաջնջելու մեզ ու մեր սրբությունները։ 59Ավելի լավ է մեռնենք պատերազմի դաշտում, քան տեսնենք մեր ազգի ու մեր սրբությունների անարգանքը։ 60Ինչ երկնային Տիրոջ կամքն է, այդպես էլ թող կատարվի»։

Արդեն Ընտրված.

Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 3: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք