Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 7

7
Ամուսնությանը վերաբերող հարցեր
1Այժմ այն մասին, որ գրել էիք ինձ, թե լավ է, որ տղամարդը կնոջ չդիպչի։ 2Բայց պոռնկության մեջ չընկնելու համար յուրաքանչյուր տղամարդ թող իր կինն ունենա, և յուրաքանչյուր կին՝ իր ամուսինը։ 3Ամուսինը թող պարտքը կատարի իր կնոջ հանդեպ, նույնպես և կինը՝ իր ամուսնու հանդեպ. 4որովհետև կինը չէ իր մարմնի տերը, այլ ամուսինը, նույնպես և ամուսինը չէ իր մարմնի տերը, այլ կինը։ 5Մի՛ զրկեք միմյանց, այլ միայն ժամանակավորապես, փոխադարձ համաձայնությամբ, աղոթքի նվիրվելու նպատակով, և ապա միմյա՛նց վերադարձեք, որպեսզի սատանան ձեզ փորձության չենթարկի ձեր անժուժկալության պատճառով։ 6Սա ասում եմ թույլ տալով և ոչ թե հրաման տալով, 7որովհետև կուզենայի, որ ամեն մարդ լիներ ինձ նման։ Բայց յուրաքանչյուր ոք իր շնորհն ունի Աստծուց, մեկը՝ այսպես, մյուսը՝ այնպես։
8Սակայն ամուրիներին ու այրիներին ասում եմ. լավ է, որ մնան ինձ նման։ 9Իսկ եթե ժուժկալություն չունեն, թող ամուսնանան. որովհետև ավելի լավ է ամուսնանալ, քան կրքով այրվել։ 10Իսկ ամուսնացած զույգերին ոչ թե ես, այլ Տերն է պատվիրում. ոչ մի կին ամուսնուց թող չբաժանվի։ 11Իսկ եթե բաժանվի, թող առանց ամուսնու մնա կամ դարձյալ իր ամուսնու հետ հաշտվի։ Եվ ամուսինն իր կնոջը չթողնի։ 12Բայց մյուսներին ես եմ պատվիրում, ոչ թե Տերը. եթե որևէ եղբայր անհավատ կին ունի, և իրեն հաճելի է ապրել նրա հետ, ապա իր կնոջը թող չթողնի։ 13Եվ եթե հավատացյալ որևէ կին անհավատ ամուսին ունի, և ինքն ուզում է ապրել նրա հետ, ապա իր ամուսնուն թող չթողնի. 14որովհետև անհավատ ամուսինը սրբագործվում է իր կնոջ միջոցով, և անհավատ կինը սրբագործվում է իր ամուսնու միջոցով, այլապես ձեր որդիները պիղծ կլինեին, մինչդեռ հիմա սուրբ են։ 15Իսկ եթե անհավատն ուզում է բաժանվել, թող բաժանվի։ Նման դեպքում հավատացյալ եղբոր կամ քրոջ վրա որևէ հարկադրանք չկա, որովհետև Աստված մեզ կանչեց խաղաղությամբ ապրելու։ 16Ի՞նչ գիտես դու, ո՛վ կին, թե ամուսնուդ փրկելու ես, կամ ի՞նչ գիտես դու, ո՛վ ամուսին, թե կնոջդ փրկելու ես։
17Միայն թե յուրաքանչյուր ոք թող ապրի Տիրոջից իրեն բաժին ընկած վիճակի մեջ, այնպես, ինչպես Աստված կանչեց իրեն։ Այսպես պատվիրում եմ բոլոր եկեղեցիներին։
Ապրի՛ր, ինչպես Աստված քեզ կոչել է
18Թլփատվա՞ծ մեկը կանչվեց. թող չծածկի իր թլփատությունը։ Անթլփա՞տ մեկը կանչվեց, թող չթլփատվի, 19որովհետև ո՛չ թլփատված, ո՛չ էլ անթլփատ լինելն է կարևոր, այլ Աստծու պատվիրանները պահելը։ 20Բայց յուրաքանչյուր ոք, ինչ վիճակի մեջ որ կանչվեց, նույն վիճակի մեջ էլ թող մնա։ 21Կանչվեցիր, երբ ծառա՞ էիր, հոգ մի՛ արա, իսկ եթե նաև կարող ես ազատ դառնալ, քեզ համար ավելի լավ։ 22Որովհետև ով իբրև ծառա կանչվեց Տիրոջով, Տիրոջ ազատն է. նույնպես և ով իբրև ազատ կանչվեց, Քրիստոսի ծառան է։ 23Մեծ գնով գնվեցիք. մի՛ դարձեք մարդկանց ծառաներ։ 24Եղբայրնե՛ր, յուրաքանչյուրը, ինչ կոչումով որ կանչվեց, նույն վիճակի մեջ էլ թող մնա Աստծու առաջ։
Ամուրիների և այրիների մասին
25Ինչ վերաբերում է կույսերին, ապա Տիրոջից հրաման չունեմ, բայց ես՝ որպես Տիրոջից ողորմություն գտած մեկը, որին կարելի է վստահել, այս խրատն եմ տալիս։ 26Կարծում եմ, որ նրանց վիճակը լավագույնն է. բայց ներկա վտանգի պատճառով ավելի լավ է, որ մարդ մնա այնպես, ինչպես որ է։ 27Կապվա՞ծ ես կնոջ հետ, մի՛ փորձիր բաժանվել. կապված չե՞ս կնոջ, կին մի՛ փնտրիր։ 28Եթե ամուսնանաս, մեղք գործած չես լինի, և եթե կույսն ամուսնանա, մեղք գործած չի լինի։ Բայց այդպիսիները մարմնական նեղություն են ունենալու, որոնցից կուզենայի զերծ պահել ձեզ։
29Բայց այս եմ ասում, եղբայրնե՛ր, թե ժամանակն արդեն կարճացել է։ Այսուհետև նրանք, ովքեր կին ունեն, թող ապրեն այնպես, իբր չունեն, 30նրանք, ովքեր սուգ են անում, թող ապրեն այնպես, իբր չեն սգում, նրանք ովքեր ուրախանում են, թող ապրեն այնպես, իբր չեն ուրախանում, նրանք, ովքեր գնում են, թող ապրեն այնպես, իբր գնածի տերը չեն, 31նրանք, ովքեր օգտվում են այս աշխարհից, թող ապրեն այնպես, իբր չեն վայելում, որովհետև այս աշխարհի վայելչությունն անցնելու վրա է։ 32Ուստի ուզում եմ, որ դուք հոգսերից զերծ լինեք, որովհետև ով կին չունի, հոգում է Տիրոջ գործերի մասին, թե ինչպե՛ս հաճելի լինի Տիրոջը։ 33Իսկ ով կին ունի, հոգում է աշխարհիկ գործերի մասին, թե ինչպե՛ս հաճելի լինի իր կնոջը։ 34Նույնպես և իրարից տարբերվում են ամուսնացած կինը և կույսը, որովհետև կույսը հոգում է Տիրոջ գործերի մասին, որպեսզի սուրբ լինի մարմնով ու հոգով, իսկ ամուսնացած կինը հոգում է աշխարհիկ գործերի մասին, թե ինչպե՛ս հաճելի լինի իր ամուսնուն։ 35Սա ձեր օգուտի համար եմ ասում։ Ոչ թե ձեզ վրա ճնշում եմ գործադրում, այլ ուզում եմ, որ պարկեշտությամբ ու անզբաղ մտքով ծառայեք Տիրոջը։
36Իսկ եթե մեկն իր կույսի համար ամոթ համարի, որ նա, հասուն տարիքի հասած լինելով, այդպես մնա, թող անի այն, ինչ ցանկանում է. մեղք գործած չի լինի, թող ամուսնանան։ 37Բայց ով ներքին համոզում ունի, և վտանգ չկա իր համար, այլ կարող է իշխել իր կամքի վրա, և ներքնապես որոշել է պահպանել իր կուսությունը, ճիշտ է անում։ 38Նա, որ ամուսնացնում է իր կույսին, լավ է անում, առավել ևս լավ է անում չամուսնացնողը։
39Կինը կապված է իր ամուսնուն այնքան ժամանակ, քանի դեռ ամուսինը կենդանի է։ Իսկ երբ ամուսինը մեռնի, ազատ է ամուսնանալու, ում հետ որ ուզենա, միայն թե Տիրոջով։ 40Բայց առավել երանելի կլինի, եթե իմ խրատին հետևելով՝ մնա այնպես, ինչպես որ է։ Ես այնպես եմ կարծում, որ իմ մեջ էլ Աստծու Հոգի կա։

Արդեն Ընտրված.

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 7: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք