Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 8
8
Կուռքերին արված զոհերի մասին
1Ինչ վերաբերում է կուռքերին զոհաբերված մսին, ապա տեղյակ ենք, որ ամենքն էլ այդ մասին գիտեն. գիտությունը հպարտացնում է, բայց սերն ամրացնում է։ 2Եթե մեկը կարծում է, թե մի բան գիտի, ապա դեռ չգիտի այնպես, ինչպես պետք է գիտենալ։ 3Իսկ ով սիրում է Աստծուն, հենց նա էլ ճանաչվում է Աստծուց։ 4Ինչ վերաբերում է կուռքերին զոհաբերված միս ուտելուն, ապա գիտենք, որ աշխարհում կուռքերը ոչինչ են, և որ չկա ուրիշ Աստված, բացի մեկից։ 5Թեև այսպես կոչված «աստվածներ» կան թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա, ինչպես որ կան բազում աստվածներ և բազում տերեր, 6բայց մեզ համար կա միայն մեկ Աստված՝ Հայրը, որից սկիզբ է առնում ամեն բան, և մենք կանք նրա համար, և կա միայն մեկ Տեր՝ Հիսուս Քրիստոսը, որի միջոցով սկիզբ է առնում ամեն բան, և մենք կանք նրա միջոցով։ 7Բայց ոչ բոլորն ունեն այս գիտությունը։ Ոմանք խղճմտանքի պատճառով կուռքերին մատուցված միսը մինչև այժմ իբրև զոհաբերություն են ուտում, և նրանց խղճմտանքը, քանի որ տկար է, պղծվում է։ 8Կերակուրը չէ, որ մեզ Աստծու առաջ է կանգնեցնելու։ Եթե չուտենք, ոչնչով չենք պակասի, և եթե ուտենք, ոչնչով չենք ավելանա։ 9Բայց զգո՛ւյշ եղեք. գուցե ձեր այդ ազատությունը գայթակղության պատճառ դառնա տկարների համար։ 10Եթե մեկը քեզ՝ այդ գիտությունն ունեցողիդ, տեսնի մեհյանում սեղան նստած, արդյոք նրա տկարությամբ համակված խղճմտանքը վերստին չի՞ քաջալերվի կուռքերին զոհաբերած մսից ուտելու։ 11Եվ տկար եղբայրը, որի համար մեռավ Քրիստոսը, կորստյան կմատնվի քո գիտության պատճառով։ 12Այսպես մեղք գործելով եղբայրների դեմ և վիրավորելով նրանց տկար խղճմտանքը՝ դուք Քրիստոսի դեմ եք մեղանչում։ 13Ուստի եթե կերակուրը պիտի գայթակղեցնի իմ եղբորը, հավիտյան միս չեմ ուտի, որպեսզի իմ եղբորը չգայթակղեցնեմ։
Արդեն Ընտրված.
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 8: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն