Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 14

14
Լեզուներով խոսելու և մարգարեություններ անելու շնորհները
1Սիրո՛ հետամուտ եղեք։ Նաև նախանձախնդի՛ր եղեք հոգևոր պարգևներին, բայց ավելի շատ՝ մարգարեությանը. 2որովհետև ով լեզուներ է խոսում, ոչ թե մարդկանց հետ է խոսում, այլ Աստծու, քանի որ ոչ ոք չի հասկանա նրան, չնայած որ Հոգու ազդեցությամբ խորհուրդներ է հայտնում։ 3Իսկ ով մարգարեանում է, մարդկանց հետ է խոսում՝ նրանց հավատն ամրապնդելու, մխիթարելու և սփոփելու համար։ 4Ով լեզուներ է խոսում, ինքն իրեն է ամրացնում, իսկ ով մարգարեանում է, եկեղեցին է ամրացնում։ 5Կուզենայի, որ դուք ամենքդ էլ լեզուներ խոսեիք, բայց նախընտրում եմ, որ մարգարեանաք, որովհետև ավելի լավ է նա, ով մարգարեանում է, քան նա, ով լեզուներ է խոսում, բացառությամբ այն դեպքի, եթե թարգմանվի, որպեսզի եկեղեցին ամրանա։ 6Այժմ, եղբայրնե՛ր, եթե գամ ձեզ մոտ լեզուներ խոսելով, ձեզ ինչո՞վ օգտակար կլինեմ, թե չխոսեմ կա՛մ հայտնությամբ, կա՛մ գիտությամբ, կա՛մ մարգարեությամբ, կա՛մ էլ ուսուցմամբ։ 7Որպես օրինակ վերցրե՛ք երաժշտական անշունչ գործիքները՝ սրինգը կամ քնարը. եթե սրանք տարբեր հնչյուններ չարձակեն, ինչպե՞ս կիմացվի՝ սրի՞նգ են նվագում, թե՞ քնար։ 8Կամ եթե շեփորը խառնաշփոթ ձայներ արձակի, ո՞վ պատերազմի կպատրաստվի։ 9Նույնպես և դուք, եթե լեզուների միջոցով հստակ խոսք չարտահայտեք, ինչպե՞ս կհասկացվի այն, ինչ ասվում է։ Այդ դեպքում օդի մեջ խոսած կլինեք։ 10Աշխարհում քանի՜ տեսակ լեզուներ կան, բայց չկա ժողովուրդ, որ լեզու չունենա։ 11Արդ, եթե չհասկանամ խոսքի իմաստը, օտար կլինեմ նրա համար, ով խոսում է ինձ հետ, ինչպես ինքն էլ՝ ինձ։ 12Նույնպես և դուք, քանի որ նախանձախնդիր եք հոգևոր պարգևներին, ջանացե՛ք հարստանալ այն շնորհներով, որոնք նպաստում են եկեղեցու ամրացմանը։ 13Հետևաբար, ով լեզուներ է խոսում, թող աղոթի, որ կարողանա նաև թարգմանել։ 14Եթե աղոթում եմ լեզվախոսությամբ, իմ հոգին է աղոթում, մինչդեռ միտքս մնում է անպտուղ։ 15Ուրեմն ի՞նչ անել. կաղոթեմ և՛ հոգով, կաղոթեմ և՛ մտքով, սաղմոս կասեմ և՛ հոգով, սաղմոս կասեմ և՛ մտքով։ 16Այլապես, եթե հոգով օրհնաբանես, նա, ով անտեղյակ մարդու վիճակում է, քո գոհաբանությանն ինչպե՞ս կասի «Ամեն», որովհետև ինչ որ դու ասում ես, նա չի հասկանա։ 17Դու կարող ես լավ գոհաբանություն մատուցել, բայց ընկերդ չի ամրանա։ 18Փա՜ռք Աստծու, ձեր բոլորից ավելի շատ լեզուներ եմ խոսում, 19բայց որպեսզի ուրիշներին էլ սովորեցնեմ, նախընտրում եմ եկեղեցու մեջ հինգ խոսք ասել բանականությամբ, քան անթիվ-անհամար խոսքեր՝ լեզվախոսությամբ։ 20Եղբայրնե՛ր, երեխա մի՛ եղեք դատողություն անելիս, այլ երեխա՛ եղեք չարություն գործելիս, իսկ դատողություն անելիս չափահա՛ս եղեք։ 21Օրենքի մեջ գրված է. «Օտար լեզուներով ու օտարների շուրթերով եմ խոսելու այդ ժողովրդի հետ, բայց ոչ էլ այդպես են լսելու ինձ» (Ես. 28.11-12)։ 22Ուրեմն լեզուները նշան են ոչ թե հավատացյալների, այլ անհավատների համար, իսկ մարգարեությունը ոչ թե անհավատների, այլ հավատացյալների համար։ 23Ապա եթե ամբողջ եկեղեցին մեկտեղ հավաքվի, և բոլորն էլ լեզուներ խոսեն, երբ անտեղյակ կամ անհավատ մարդիկ մտնեն այնտեղ, արդյոք չե՞ն ասի. «Դուք գժվե՞լ եք»։ 24Իսկ եթե բոլորն էլ մարգարեանան, և անհավատ կամ անտեղյակ մեկը մտնի այնտեղ, բոլորի կողմից կհանդիմանվի իր հանցանքների համար, բոլորի կողմից կքննվի, 25և նրա սրտի գաղտնիքներն ի հայտ կգան, ապա երեսն ի վայր ընկնելով՝ կերկրպագի Աստծուն և կխոստովանի. «Արդարև Աստված ձեր մեջ է»։
Կարգ ու կանոն եկեղեցու մեջ
26Արդ, ի՞նչ անել, եղբայրնե՛ր։ Երբ մեկտեղ հավաքվեք, եթե ձեզնից յուրաքանչյուրը սաղմոս ունենա կամ ուսուցում կամ թե հայտնություն, լեզու կամ մեկնություն, այդ ամենը թող լինի շինության համար։ 27Լեզուներով խոսելու դեպքում, եթե երկու կամ ամենաշատը երեք հոգի են, մեկ առ մեկ թող խոսեն, մեկն էլ թարգմանի։ 28Իսկ եթե չլինի մեկը, որ թարգմանի, թող լուռ մնան եկեղեցում և իրենց մտքում խոսեն Աստծու հետ։ 29Բայց մարգարեները թող երկու կամ երեք հոգով խոսեն, և մյուսները քննարկեն։ 30Իսկ եթե նստածներից մեկին հայտնություն տրվի, առաջին խոսողը թող լռի։ 31Բոլորդ էլ կարող եք մեկ առ մեկ մարգարեանալ, որպեսզի բոլորն էլ սովորեն և բոլորն էլ մխիթարվեն։ 32Մարգարեների ներշնչումները ենթարկվում են մարգարեներին, 33որովհետև Աստված ոչ թե խռովության Աստված է, այլ խաղաղության։ 34Կանայք բոլոր եկեղեցիներում թող լուռ մնան, որովհետև նրանց թույլատրված չէ խոսել, այլ հնազանդ լինել, ինչպես և Օրենքն է ասում։ 35Իսկ եթե ուզենան ինչ-որ բան սովորել, տանը իրենց ամուսիններին թող հարցնեն, քանի որ կնոջ համար անպատշաճ է եկեղեցում խոսելը։ 36Թե՞ Աստծու խոսքը ձեզնից ելավ կամ միայն ձե՞զ հասավ։ 37Եթե մեկը կարծում է, թե ինքը մարգարե կամ հոգևոր անձ է, թող իմանա, որ Տիրոջ պատվերն է այն, ինչ գրեցի ձեզ։ 38Իսկ եթե մեկն այն անտեսի, ինքն էլ կանտեսվի։
39Հետևաբար, եղբայրնե՛ր, նախանձախնդի՛ր եղեք մարգարեանալուն և մի՛ արգելեք լեզուներով խոսելը։ 40Եվ ձեր ամեն ինչը պարկեշտությամբ և կարգ ու կանոնով թող լինի։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք