Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 15
15
Քրիստոսի հարությունը
1Եղբայրնե՛ր, ձեզ հիշեցնում եմ այն Ավետարանի մասին, որը ձեզ քարոզեցի, որը և ընդունեցիք, որին նաև հավատարիմ եք մնում, 2և որի միջոցով կփրկվեք, եթե պահեք այն ձևով, ինչպես որ այն ձեզ քարոզեցի, այլապես իզուր հավատացած կլինեք։ 3Ես ձեզ ավանդեցի հատկապես այն, ինչն ինքս ընդունեցի. այն, որ Քրիստոսը մեռավ մեր մեղքերի համար՝ Սուրբ Գրքի համաձայն, 4թաղվեց, երրորդ օրը հարություն առավ՝ Սուրբ Գրքի համաձայն, 5երևաց Կեփասին և ապա՝ տասներկուսին։ 6Հետո երևաց միանգամից ավելի քան հինգ հարյուր եղբայրների, որոնցից շատերը մինչև օրս ապրում են, ոմանք էլ՝ ննջեցյալ դարձան։ 7Այնուհետև երևաց Հակոբոսին, ապա՝ բոլոր առաքյալներին։ 8Բոլորից հետո երևաց նաև ինձ՝ իբրև մի անարգի։ 9Որովհետև առաքյալների մեջ ես հետինն եմ և արժանի իսկ չեմ առաքյալ կոչվելու, քանի որ հալածեցի Աստծու եկեղեցին։ 10Բայց Աստծու շնորհով այն եմ, ինչ եմ, և ինձ տրված նրա շնորհն անարդյունք չանցավ. ընդհակառակը, նրանց բոլորից ավելի աշխատեցի, սակայն ոչ թե ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ է։ 11Արդ, թե՛ ես և թե՛ նրանք այսպես քարոզեցինք, և դուք այսպես հավատացիք։
12Իսկ եթե քարոզվում է, թե Քրիստոսը մեռելներից հարություն է առել, ձեզնից ոմանք ինչպե՞ս են ասում, թե մեռելների հարություն չկա։ 13Եթե մեռելների հարություն չկա, ուրեմն Քրիստոսն էլ հարություն չի առել։ 14Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, իզուր է մեր քարոզչությունը, իզուր է նաև ձեր հավատը։ 15Այդ դեպքում Աստծու սուտ վկաներ կլինենք, որովհետև վկայեցինք Աստծու մասին, որ հարություն տվեց Քրիստոսին, մինչդեռ եթե ճիշտ է, որ մեռելները հարություն չեն առնելու, ուրեմն նրան հարություն չի տվել։ 16Իսկ եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ 17Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, իզուր է ձեր հավատը, և դուք տակավին ձեր մեղքերի մեջ եք։ 18Իսկ արդ, ովքեր ննջեցին Քրիստոսով, կորա՞ն արդյոք։ 19Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել Քրիստոսի վրա, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի ենք։
20Բայց Քրիստոսը մեռելներից հարություն է առել որպես առաջին պտուղ մեռելների հարության, 21քանի որ մի մարդով մահ եղավ, մի մարդով էլ մեռելների հարություն կլինի։ 22Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես և Քրիստոսով բոլորը կկենդանանան՝ 23յուրաքանչյուրն իր հերթին. նախ՝ Քրիստոսը՝ որպես առաջին պտուղ, իսկ նրա գալստյանը՝ նրանք, ովքեր Քրիստոսին են պատկանում։ 24Ապա կլինի վախճանը, երբ Քրիստոսը թագավորությունը կհանձնի Հայր Աստծուն, երբ ոչնչացնի ամեն իշխանություն, ամեն պետություն ու զորություն։ 25Քանզի անհրաժեշտ է, որ Քրիստոսը թագավորի, մինչև որ Աստված բոլոր թշնամիներին դնի նրա ոտքերի տակ (տե՛ս Սաղ. 109(110).1)։ 26Վերջին թշնամին, որ կոչնչացվի, կլինի մահը, որովհետև «Աստված ամեն ինչ հնազանդ դարձրեց նրա ոտքերի տակ» (Սաղ. 8.6)։ 27Բայց երբ ասում է, թե՝ «Ամեն ինչ հնազանդվել է նրան», պարզ է, բացի Աստծուց, որ ամեն ինչ հնազանդեցրեց նրան։ 28Իսկ երբ ամեն ինչ հնազանդվի նրան, այն ժամանակ նաև Որդին ինքը կհնազանդվի Աստծուն, որ ամեն ինչ հնազանդեցրեց նրան, որպեսզի Աստված լինի ամեն ինչ ամեն ինչում։
29Այլապես, ի՞նչ կանեն նրանք, ովքեր մկրտվում են մեռելների փոխարեն, եթե իրոք մեռելները հարություն չեն առնում. ուրեմն ինչո՞ւ են մկրտվում նրանց փոխարեն։
30Ինչո՞ւ ենք և մենք ամեն ժամ մեզ վտանգի ենթարկում։ 31Ես ամեն օր մահվան դեմ եմ կանգնում։ Երդվում եմ այն պարծանքով, որ ունեմ ձեր հանդեպ մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ 32Եթե մարդու պես դատեի, ապա ի՞նչ օգուտ ունեի Եփեսոսում գազանների դեմ մարտնչելու։ Եթե մեռելները հարություն չեն առնում, ուրեմն՝ ուտենք, խմենք, քանի որ վաղը մեռնելու ենք (Ես. 22.13)։ 33Մի՛ խաբվեք. «Վատ շրջապատը փչացնում է լավ բարքերը»#Մենանդրոսի «Թայիս»-ից։։ 34Սթափվե՛ք արդարությամբ և մի՛ մեղանչեք, որովհետև ոմանք Աստծու գիտությունը չունեն. սա ասում եմ ձեր ամոթի համար։
Հարուցյալ մարմինը
35Բայց մեկը գուցե հարց տա. «Ինչպե՞ս են հարություն առնում մեռելները կամ ի՞նչ մարմնով են գալու»։ 36Անմի՛տ, այն, ինչ դու սերմանում ես, չի բուսնի, մինչև չմեռնի։ 37Եվ այն, ինչ սերմանում ես, մի պարզ հատիկ է՝ ցորենի կամ ուրիշ սերմերի, և ոչ թե այն, ինչ ծլելու է։ 38Աստված այդ հատիկին տալիս է մի մարմին, ինչպես ինքն է կամենում և սերմերից յուրաքանչյուրին՝ իրեն հատուկ մարմինը։ 39Ամեն մարմին նույնը չէ. մարդկանց մարմինն ուրիշ է, կենդանիների մարմինը՝ ուրիշ, թռչունների մարմինն ուրիշ է, ձկների մարմինը՝ ուրիշ։ 40Կան նաև երկնավոր մարմիններ ու երկրավոր մարմիններ, բայց ուրիշ է երկնավոր մարմինների պայծառությունը, ուրիշ՝ երկրավոր մարմինների պայծառությունը, 41ուրիշ է արեգակի պայծառությունը, ուրիշ՝ լուսնի պայծառությունը և ուրիշ՝ աստղերի պայծառությունը։ Աստղն էլ աստղից տարբերվում է իր պայծառությամբ։ 42Ճիշտ այդպես է նաև մեռելների հարությունը. հողի մեջ է դրվում եղծելի վիճակում և հարություն առնում անեղծ. 43հողի մեջ է դրվում անարգ վիճակում և հարություն առնում փառքով. հողի մեջ է դրվում տկար վիճակում և հարություն առնում զորությամբ. 44հողի մեջ է դրվում իբրև շնչավոր մարմին և հարություն առնում իբրև հոգևոր մարմին։ Եթե կա շնչավոր մարմին, կա նաև հոգևորը։ 45Այդպես էլ գրված է, որ առաջին մարդը՝ Ադամը, «եղավ իբրև շնչավոր էակ» (Ծնն. 2.7), երկրորդ Ադամը՝ կենդանարար հոգի։ 46Բայց նախ չեղավ հոգևոր մարմինը, այլ՝ շնչավորը, և ապա՝ հոգևորը։ 47Առաջին մարդը, լինելով երկրից, հողեղեն է, իսկ երկրորդ մարդը՝ Տերը, երկնքից։ 48Ինչպես հողեղենն էր, նույնպես և մենք ենք՝ հողեղեններս, և ինչպես երկնավորն է, նույնպես էլ կլինեն երկնավորները։ 49Ինչպես հողեղենի պատկերը կրեցինք, երկնավորի պատկերն էլ կկրենք։ 50Այն եմ ուզում ասել, եղբայրնե՛ր, որ մարմինն ու արյունը չեն կարող ժառանգել Աստծու թագավորությունը. եղծելին չի կարող ժառանգել անեղծությունը։ 51Ահա ձեզ մի խորհուրդ եմ հայտնում. ոչ բոլորս ենք ննջեցյալ դառնալու, բայց բոլորս նորոգվելու ենք, 52հանկարծակի, մի ակնթարթում, վերջին շեփորի ձայնով, որովհետև շեփորը կհնչի, և մեռելները հարություն կառնեն առանց ապականության, և մենք կնորոգվենք։ 53Անհրաժեշտ է, որ այս ապականացու մարմինն անապականությամբ զգեստավորվի, և այս մահկանացու մարմինն անմահությամբ զգեստավորվի։ 54Եվ երբ այս մահկանացու մարմինը զգեստավորվի անմահությամբ, և այս եղծելի մարմինը՝ անեղծությամբ, այդժամ կիրականանա գրված խոսքը, թե՝
«Մահը կուլ գնաց հաղթանակին (Ես. 25.8)։
55 Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը,
ո՞ւր է, գերեզմա՛ն, քո խայթոցը (Ովս. 13.14)»։
56Մահվան խայթոցը մեղքն է, մեղքի զորությունը՝ Օրենքը։ 57Բայց գոհությո՜ւն Աստծուն, որ մեզ հաղթանակ պարգևեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ 58Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և մնացե՛ք անդրդվելի, միշտ ավելի՛ն արեք Տիրոջ գործի համար։ Իմացե՛ք, որ ձեր աշխատանքն անարդյունք չի մնա Տիրոջ առաջ։
Արդեն Ընտրված.
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 15: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն